Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զեկույց. Արեւմուտքի «բարեկամներ», մամուլի թշնամիներ

Դեկտեմբեր 31,2011 11:04

Մամուլի միջազգային ինստիտուտը հրապարակել է «Արեւմուտքի «բարեկամներ», մամուլի թշնամիներ» վերնագրված զեկույցը:

Խոսքը այն երկրների մասին է, որոնք Արեւմուտքի բարեկամ են համարվում, բայց այդ երկրներում խոսքի ազատությունները սահմանափակված են:

Զեկույցում այդպիսի 10 երկիր է ներառված։ Ցանկը գլխավորում են Թուրքիան եւ Ադրբեջանը:

Թուրքիայի մասին, որպես Արեւմուտքի բարեկամ երկրի, նշված է, որ 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերություններում վերջին տարիներին որոշ սառեցում կա, բայց Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լեոն Պանետան դեկտեմբերի սկզբին այդ երկիր կատարած այցելության ժամանակ նշել է, որ Թուրքիան մնում է որպես «առանցքային դաշնակից»։

Արեւմուտքը հաճախ է դիմում Թուրքիային՝ խնդրելով օգնել ժողովրդավարական վերափոխումներին Իրանում, Եգիպտոսում, Լիբիայում:

Որպես մամուլի թշնամու՝ զեկույցում Թուրքիայի մասին նշված է, որ Եվրոպայում Թուրքիան ամենավատ երկրներից մեկն է մամուլի ազատության առումով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերին նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում Թուրքիան առաջին տեղում է արտահայտվելու ազատություննների՝ ներառյալ մամուլի ազատությունների դեմ բռնությունների առումով:

Լրագրողների ազատության պլատֆորմը, որը Թուրքիայում ներառում է 94 ազգային եւ տեղական կազմակերպություններ, այս տարվա նոյեմբերին հայտարարել է, որ Թուրքիայում 64 լրագրողներ գտնվում են բանտերում: Բանտարկված լրագրողների թիվը ավելի աճեց անցյալ շաբաթվա ընթացքում, երբ Թուրքիայում ձերբակալվեցին 29 քուրդ լրագրողներ:

Ադրբեջանի մասին Մամուլի միջազգային ինստիտուտը  իր զեկույցում նշում է, որ 1991 թվականից՝ անկախություն ձեռք բերելուց հետո, այդ երկիրը ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի հետ,  մասնակցել է ԱՄՆ-ի հովանու ներքո Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում խաղաղապահ առաքելություններին,  Կոալիցիոն օդուժին տրամադրում է իր օդանավակայանները, օդային տարածքը, ռազմական գործընկեր է ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ որպես մամուլի թշնամի երկիր, Ադրբեջանի մասին զեկույցում նշված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կառավարությունը այս տարի ճնշումների ենթարկեց ցուցարարներին, մի շարք լրագրողներ ծեծի ենթարկվեցին, հարապարակախոս եւ գրող Ռաֆիք Թագին նոյեմբերին մահացավ իր տանը դանակահարվելուց 4 օր անց: Նա հարձակման թիրախ էր դարձել կառավարությանը քննադատող հրապարակումից հետո:

Ամենացայտուն օրինակներից զեկույցում նշված է, որ հունիսին Washingon Post եւ New York Times թերթերի արտահաստիքային լրագրողի եւ Լրագրողների ազատության ու պաշտպանության տեղական կազմակերպության բրիտանացի աշխատակցի վրա հարձակումը, որը կատարվեց բանտարկությունից ազատ արձակված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի հետ նախաետսված հանդիպումից առաջ:

Մամուլի միջազգային ինստիտուտի՝ «Արեւմուտքի «բարեկամներ», մամուլի թշնամիներ» զեկույցում ներառված են նաեւ Եթովպիան, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Աֆղանստանը, Պակիստանը եւ Հունգարիան։

Հունգարիան մամուլի թշնամիների ցանկում է հայտնվել այս տարվա սկզբին այդ երկրում կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Զեկույցում նշված է, որ ըստ քննադատների՝ «օրենսդրական փոփոխությունների նպատակը մամուլի բերանը փակելն էր»:

«Ազատություն» ռադիոկայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031