Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 31,2011 10:57

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը  Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ  շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շատ շուտով հրաժեշտ կտանք հերթական տարուն, տարի, որը մեզ համար խորհրդանշական էր: Այս տարի միասին նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Անկախությանը հասնելու համաժողովրդական պայքարի մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ նաեւ Հայաստանի խորհրդարանը, որն այսօր էլ շարունակում է իր ակտիվ մասնակցությունը պետության առաջընթացին ու հզորացմանը:
Անցնող տարում աշխարհը շարունակեց արագ փոփոխությունների  ենթարկվել: Որպես համաշխարհային գործընթացների ուղղակի կամ անուղղակի մասնակից` մենք չէինք կարող անմասն մնալ այդ ամենից եւ ձգտեցինք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ տարաբնույթ քաղաքական ու տնտեսական շահերի բախումներից:

Բնականաբար, բոլոր ակնկալիքները եւ բոլորի ակնկալիքները չէ, որ արդարացան, բայց Հայաստանը կարողացավ առանց ցնցումների դիմակայել համաշխարհային մարտահրավերներին, որոնք առկա են նաեւ այսօր եւ պարտադրում են չթուլացնել զգոնությունն ու ամրապնդել երկրի տնտեսական հզորությունը, ավելի բարձրացնել նրա քաղաքական կշիռը: Դրան են միտված երկրի իշխանությունների քայլերը, այդ թվում նաեւ`  Ազգային ժողովի ընդունած օրինագծերն ու որոշումները:

Սիրելի հայրենակիցներ,

Փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի ճկուն գործողություններ եւ ավելի օպերատիվ արձագանք իրադարձություններին: Անցնող տարին բավական աշխույժ էր հայկական խորհրդարանական դիվանագիտության համար: Ազգային ժողովի պատվիրակություններն ակտիվորեն  եւ արդյունավետ մասնակցեցին միջազգային կառույցների աշխատանքներին:

Տարին բավականին հագեցած էր նաեւ փոխայցելությունների առումով` եւ  խորհրդարանների նախագահների, եւ պատգամավորական բարեկամության խմբերի մակարդակով: Այդ փոխայցելությունների արդյունքում մեր դիրքորոշումները միջազգային կառույցներում ավելի ընկալելի եւ ընդունելի են դառնում:

Սիրելի հայրենակիցներ,

գալիք` 2012 թվականը ընտրական տարի է: Անկախ մեր քաղաքական կողմնորոշումից` բոլորիս նպատակը մեկը պիտի լինի` խաղաղության եւ կայունության պայմաններում կառուցել ուժեղ պետություն եւ ունենալ բարեկեցիկ հասարակություն ` բոլորիս ջանքերով եւ բոլորիս համար:

Անշուշտ, յուրաքանչյուր գալիք տարուց ակնկալում ենք նոր հաջողություն ու ձեռքբերում: Սակայն Նոր տարին ինքն իրենով հաջողություն չի բերում, եթե մենք չենք ձգտում դեպի այդ հաջողությունը գնալ մեր աշխատանքով: Անհրաժեշտ է անցնող տարուն հրաժեշտ  տալով նաեւ գնահատել արածն ու չարածը եւ հաջորդ տարի ոտք դնել ավելի իմաստնացած` արժեւորելով, թե ինչ կարելի էր անել, որ չի արվել, եւ ինչ է արվել, որ չպետք է արվեր:

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ` բոլորիդ մաղթում եմ սպասելիքների ու ցանկությունների իրականացում, հաջողություններ, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել