Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Մխիթարյանը չի հավատում Ձմեռ պապիկին

Դեկտեմբեր 30,2011 21:35

Հենրիկ Մխիթարյանի հետ որոշել էինք ժամադրվել դեռ նրա Հայաստան այցից մեկ շաբաթ առաջ: Սկսեցինք փնտրել նրա հեռախոսի համարը: Դիմեցինք ծանոթ, բարեկան, դասախոս, դասընկերներ և կուրսընկերներ կապերին, մի քանի օր շարունակ հարցումներից հետո, երբ մտածում էինք, որ Պելեի կամ Մարադոնայի հեռախոսահամարը ավելի շուտ կգտնենք, ստացանք մի զանգ`կյանքիս լավագույն լուրով`Լիլ, գտել եմ համարը: Պարզվեց` ուշացել ենք, Հենրիկը մեկնում էր, վերադառնալու էր երկու շաբաթից: Մի խոսքով՝ ժամադրությունը կայացավ դժվար և բարդ ուղի անցնելուց հետո, բազմահազար զանգերի միջոցով, որից հասցրեց, ամենայն հավանականությամբ, նյարդայնանալ նաեւ Հենրիկ Մխիթարյանը 🙂

«Ամեն օր իր համար էի դպրոց գնում»

Հենրիկ Մխիթարյանը լավ է հիշում իր մանկությունը, ասում է, որ հանգիստ երեխա էր, մանկուց երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Պատմում է, որ հաճախ էր կռվում քրոջ`Մոնիկայի հետ, ով իրենից մեծ է 3 տարով, «Ես միշտ շուտ էի ավարտում դասերս կամ ընդհանրապես չէի անում, հետո, երբ քույրս նստում էր դաս անելու, անընդհատ գնդակով խաղում էի տանը, խփում էի պատերին ու նրան միշտ խանգարում էի այդ ձայներով, սակայն ինչպես գրեթե բոլոր ընտանքիններում, այնպես էլ մերում, ավելի շատ մեծին էին նկատողություն անում, քան փոքրին»:
Ինչպես նշում է Հենրիկը` դասընկերների հետ մինչև հիմա էլ շփվում է, դպրոցական հուշերից պատմում է դպրոցից առաջին փախուստի մասին. «Առաջին անգամ դասերից փախել եմ 7-րդ դասարանում: Աշխարհագրության ժամն էր, բոլորս էինք փախել, հաջորդ օրը պատժեցին ամբողջ դասարանին»: Դպրոցում է հանդիպել նաեւ առաջին սիրուն. «Առաջին անգամ սիրահարվել եմ 12 տարեկանում: Աղջիկը իմ դասարանից էր: Ամեն օր իր համար էի դպրոց գնում`թեկուզ հիվանդ ժամանակ: Ասել եմ, որ սիրում եմ իրեն: Փոքր էինք, ինչ-որ անիմաստ բանի պատճառով կռվեցինք հետո»: Առաջին անգամ էլ ժամադրվել է 18 տարեկանում. «Քայլել ենք, ինչ-որ տեղ նստել»: Աղջիկների անուններ նշել չցանկացավ: Հիմա Հենրիկի սիրտը ազատ է, ասում է՝ իդեալ չունի. «Կսիրեմ նրան այնպիսին, ինչպիսին, որ կլինի: Սակայն ցանկացած աղջիկ պետք է լինի խելացի»:
Կարդալ շատ է սիրում, իր կարդացած ամենահետաքրքիր գիրքը դժվարանում է հիշել. «Բոլոր գրքերն էլ հետաքրքիր են»: Ֆուտբոլից բացի` իրեն չի պատկերացնում առանց ընտանիքի. «Ընտանիքից ավելի կարեւոր բան չի կարող լինել»:
Հենրիկ Մխիթարյանը Ձմեռ պապիկին չի հավատում, մեկնաբանում է. «Կարծում եմ ցանկացած մարդ ինքը պետք է այնպես անի, որ կատարվեն իր ցանկություններն ու երազանքները»: Նոր տարին նշելու է տանը՝ ընտանիքի անդամների հետ. «Ու, կարծում եմ, հենց տանն էլ կշարունակեմ նշել»:

«Ֆուտբոլն իմ կյանքում ինչ-որ նշանակություն չունի, ֆուտբոլը հենց իմ կյանքն է»

Հենրիկն ասում է, որ ֆուտբոլն իր կյանքում ինչ-որ նշանակություն չունի, ֆուտբոլը հենց իր կյանքն է, ոչինչ չի ստիպի իրեն հրաժարվել ֆուտբոլից. գրեթե ոչինչ. «Միայն առողջությունս կարող է ինձ ստիպել, ուրիշ ոչինչ»:
Երկրպագուների կողմից ամենահիշվող դեպքը եղել է Հայաստանում, երբ խաղից հետո նրան դիմավորեցին երկրպագուները և ձեռքերի վրա օդ բարձրացրեցին: Սակայն երկրպագուների հետ միայն դրական հիշողություններ չեն, որ ունի. «Շախտյոր» տեղափոխվելուց հետո, երբ վնասվածք ստացա, հայ երկրպագուների ինչ-որ քանակ, սկսեցին ոչ ճիշտ բաներ գրել, որն ինձ նյարդայնացրեց, և ես խնդրեցի այդ կայքի ադմինիստրատորներին փակել էջը»:
Ֆուտբոլում Հենրիկի նպատակը հաղթելն է թիմային բոլոր մրցաշարերում: Վերջերս ստացած մրցանակաները ( Տարվա մարդ, Հայաստանի լավագուն խաղացող) Հենրիկը կհիշի, սակայն այն անցյալում է, և պետք չէ մտածել այդ մրցանակների մասին. «Ես հիմա մտածում եմ մյուս տարվա մասին, թե ինչպիսին այն կլինի, և ես ինչ կարող եմ անել, որ օգուտ բերեմ»:


«Ես շատ հարգում ու սիրում եմ և’ Էդգար Մանուչարյանին, և’ Ռուբեն Հայրապետյանին»

Ռուբեն Հայրապետյանի Էդգար Մանուչարյանի մասին հայտարարության վերաբերյալ ցանկացանք լսել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կարծիքը. «Դա ասել է ՀՖՖ-ի նախագահը, և նրանց խոսակցությունը ինձ չի վերաբերում: Ես ոչ թե նույն կարծիքին եմ, այլ ցանկացած մարդ ունի իր կարծիքը: Ես շատ հարգում ու սիրում եմ և’ Էդգար Մանուչարյաին, և’ Ռուբեն Հայրապետյանին: Կարող եմ ասել, որ իրենց խոսակցությունը ոչ թե պետք է չհետաքրքրի ինձ, այլ չպետք է վերաբերի, եթե դա լինի ինձ հետ կապված, ես կհասկանամ, բայց չեմ ուզում քիթս խոթել ուրիշի գործերի մեջ»:

 Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031