Չմշկորդների միջազգային ֆեդերացիան (ISU) ռուսաստանցի հանրահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին, որը հայ մարզասերին հայտնի է նաեւ ՄՀՀ-ում ներկայացրած «Ստրադիվարիուսի ջութակը» հրաշալի շոու ներկայացումով, բացառության կարգով թույլատրել է մասնակցել հունվարին Շեֆիլդում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությանը:
Երկու տարվա ընդմիջումից հետո մեծ սպորտ վերադարձած Պլյուշչենկոն օրերես նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի կոչումը եւ ազգային հավաքականում տեղ ապահովագրել: Սակայն ISU-ի կանոններով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար մարզիկը պետք է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցումներում համապատասխան վարկանիշային միավորներ վաստակած լինի, ինչը Պլյուշչենկոն չունի (նա Վանկուվերի օլիմպիական խաղերից հետո պաշտոնական ոչ մի մրցման չի մասնակցել): Եվ ահա Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան դիմել էր ISU` նրա համար բացառություն անելու խնդրանքով: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Օտտավիո Չիկվանտեն արդեն պաշտոնապես պատասխանել է, որ խնդրանքը բավարարվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ