«Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման և վերականգնման տարի: Ճգնաժամից մենք դուրս եկանք ավելի ուժեղ և ավելի պատրաստ դիմակայելու նոր մարտահրավերներին: Յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց ապահովել տնտեսական աճ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ նշված է նաեւ. «Անցնող տարում մենք կառուցեցինք ավելի շատ ճանապարհներ, ավելի շատ ջրագծեր: Բիզնես միջավայրի բարելավման նպատակով մենք աջակցություն ցուցաբերեցինք մեր ձեռնարկատերերին: Գյուղատնտեսության զարգացման համար մենք օգնության ձեռք մեկնեցինք գյուղացուն: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով մենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծեցինք ինտերնետի հասանելիության համար: Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի մեր հասարակության խոցելի խմբերը, տարեցները և սահմանափակ կարողություններով քաղաքացիներն ապրեն ավելի լավ: Նախադպրոցական կրթությունը դարձավ անվճար, առողջապահության ոլորտը` ավելի թափանցիկ, վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ, աղետի գոտում կառուցվեցին նոր բնակարաններ»: Վարչապետը հավելել է նաեւ, որ այդ ամենն, իհարկե, բավարար չէ. «Մենք` Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք ավելի լավ ապրել և արժանի ենք ավելի լավ կյանքի: Սա նշանակում է, որ գալիք 2012 թվականին մենք ավելի շատ գործեր ունենք անելու: Յուրաքանչյուրս պետք է աշխատի ավելի արդյունավետ` պատասխանատվության ավելի բարձր զգացումով: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր իրականություն դարձնել մեր երազանքները և կառուցել մի երկիր, որը լքած յուրաքանչյուր մարդ կընտրի վերադարձի ճանապարհը»: