Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանումներ եւ հարցեր ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամի կողմից

Դեկտեմբեր 30,2011 17:45

Խոսքս ուզում եմ սկսել նրանից, որ ես, մասնագիտությամբ լինելով տնտեսագետ, հեռու եմ խոսքի գեղեցիկ կառուցման հմտություններից, ինչի պատճառով Ձեր ներողամտությունն եմ հայցում լեզվական՝ իմ համար միգուցեեւ անտեսանելի սայթաքումների համար, եւ որ ես Aravot.am-ի ընթերցողներից եմ եւ շատ բարձր կարծիք ունեմ թե՛ լրատվամիջոցի եւ թե՛ գլխավոր խմբագրի մասին:

Ավելին ասեմ, նույնիսկ իմ կարծիքով, թող շատ բարձր չհնչի, Aravot.am-ը կրթադաստիարակչական առաքելություն իրականացնող բաժիններ ունի, մասնավորաբար՝ «Առավոտ» օրաթերթի «Խմբագրի սյունակ»-ը եւ aravot.am-ի «Պարականոն»-ը, ինչը պակասում է շատ ու շատ ԶԼՄ –ների:

Aravot.am-ի դեկտեմբերի 27-ի լուրերում տեղ էր գտել հետեւյալ վերնագրով հոդվածը՝ «Ռադիոսրահի ու վարսավիրանոցի շեֆերը՝ դաշնակցական լիդերնե՞ր»: Միգուցեեւ հոդվածին չարձագանքեի, եթե այնտեղ անուղղակիորեն չշոշափվեր նաեւ իմ անձը:

Ասեմ, որ հոդվածի վերնագրի մեջ արդեն իսկ առկա էր լրագրությանը անհարիր մի գիծ՝ հեգնանք (նկատի ունեմ «շեֆեր» բառը. հետաքրքիր է՝ թույլատրելի՞ է թերթի գլխավոր խմբագրին թերթի շեֆ կոչելը):

Իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ վերոնշյալ հոդվածի՝ ինձ մոտ տարակուսանքներ առաջացրած մասերին:

1. «Ներկուսակցական «ռազբորկաների» պատճառով մոտ մեկ տարի անգործության մատնվելուց հետո ՀՅԴ-ն նախընտրական շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերել Շիրակի մարզում»:

Կուսակցության մեջ ներկազմակերպական հարցերի ու խնդիրների շուրջ (կրկնում եմ՝ ներկազմակերպական, եւ ոչ թե գաղափարական) տարակարծություններն ու բանավեճերը ոչ թե «ռազբորկաներ» են, այլ խնդիրների լուծման, ելքերի բացահայտման ու առաջընթացի գրավական: Մի՞թե դատապարտելի է կուսակցությունում ներկազմակերպական հարցերի ու խնդիրների շուրջ տարակարծություններն ու բանավեճերի առկայությունը: Ինձ թվում է, որ դատապարտելի՛ է կարծիքների ու բախումների բացակայությունը, ինչը մայրն է լճացման ու հետընթացի: Իսկ ինչ վերաբերում է «մեկ տարի անգործության մատնվելու»-ն, պետք է ասեմ, որ ՀՅԴ Շիրակի բոլոր կոմիտեություններն էլ (Գյումրու, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Անիի) գործել են, ընդ որում գործել են շատ ակտիվ, իսկ Գյումրու կառույցը, որի անդամն եմ ես, համեմատած նախորդ տարվա հետ դեռ մի փոքր էլ ավելի ակտիվ է գործել:

2. «Որոշ դաշնակցականների ներկայացնելով…»:

Նախ եւ առաջ լրագրողի մոտ պետք է հարց առաջանար՝ ինչու՞ չեն ուզում այդ «որոշ դաշնակցականները» ներկայանալ, մի՞թե այդ մեկ կամ երկու «որոշների» մոտ տարրական տղամարդկությունն էլ է բացակայում, նամանավանդ, որ այդ «որոշները» հետագայում խոսում են «ազատ խոսել»-ուց:

3. «Գյումրու կոմիտեում ընտրվել են այնպիսի մարդիկ, որոնք «Վեգա» խանութում մագնիտոֆոն ու լվացքի մեքենա են վերանորոգում, նրանց մեջ կա նաեւ վարսավիրանոցի տնօրեն ու դպրոցի էլեկտրիկ»:

Դե լավ է, գոնե վերնագրում նշված «շեֆը» արդեն փոխարինվել է «տնօրենով»: Նախ եւ առաջ վարսավիրանոց չէ, այլ Գյումրու ամենամեծ՝ «Լիլիա» գեղեցկության սրահն է, որտեղ մատուցվում են շուրջ երկու տասնյակ կոսմետոլոգիական ծառայություններ եւ որի վարիչն էլ (կամ «շեֆը») Շամիրամ Անտոնյանն է, իսկ ես «Դասու» ՍՊԸ-ի տնօրենն եմ, որին պատկանող փոքր բիզնեսներից մեկն էլ «Լիլիա» գեղեցկության սրահն է:

Իմ պահով կարող եմ ավելացնել նաեւ հետեւյալը՝ մեծացել եմ աշխատավորի ընտանիքում, 1990 թ.-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ Երեւանի թիվ 169 միջնակարգ դպրոցը, 1991-1995 թ.թ. գերազանց առաջադիմությամբ սովորել եմ Երեւանի պետական համալսարանի տնտեսական կիբեռնետիկայի բաժնում (ընդ որում՝ անվճար համակարգում), դեռ ուսանողական տարիներից զբաղվել եմ գործարարությամբ, 1997 թ.-ին տեղափոխվել եմ Գյումրի, որտեղ շարունակել եմ զբաղվել գործարարությամբ, 2001 թ.-ին ձեռք եմ բերել «Դասու» ՍՊԸ-ի բաժնեմասերի 40%-ը, իսկ 2005 թ.-ին` մնացած 60%-ը:

Ավելին ասեմ, իմ ղեկավարած ընկերությունը Գյումրու օրինակելի հարկատուներից մեկն է, ինձ ճանաչողներից էլ կարող եք ճշտել, որ ես ապրում եմ համեստ կենցաղով: Եվ հետաքրքիր է, այս ամենի մեջ կա՞ պարսավելի կամ հեգնանքի արժանի որեւէ բան: Ասեմ նաեւ, որ ՀՅԴ համակիր եմ եղել ուսանողական տարիներից, ՀՅԴ-ին էլ անդամակցել եմ շուրջ տասը տարի առաջ եւ առաջին անգամ չէ, որ ընտրվում եմ ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ:

Ինչ վերաբերում է «Վեգա» խանութում մագնիտոֆոն ու լվացքի մեքենա վերանորոգողներին, ասեմ, որ ՀՅԴ Գյումրու նորընտիր կոմիտեի անդամներից միայն մեկն է աշխատում «Վեգա»-ում, ընդ որում ընկերը մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է (ավարտել է ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը), իսկ «Վեգա»-ում էլ՝ հեռուստացույցների՛ նորոգման մասնագետ է: Մեր ընկերը նաեւ երկար տարիներ աշխատել է Գյումրու ճարտարագիտական քոլեջում՝ որպես մանկավարժ եւ փոխտնօրեն: Իսկ այսօր էլ հեռուստացույցերի նորոգման մասնագետ աշխատելու մեջ դուք տեսնու՞մ եք որեւէ պարսավելի կամ հեգնանքի արժանի բան: Ասեմ, որ Անդրանիկ Օզանյանը օրվա արդար հացը վաստակելու համար աթոռներ է նորոգել, իսկ Մենդելեեւն էլ կողպեքներ ու փականներ է պատրաստել:

Ինչ վերաբերում է «դպրոցի էլեկտրիկին», ապա մեր ընկերը ոչ թե դպրոցի էլեկտրիկն է, այլ՝ կազմակերպական պատասխանատուն: Ընկերը սովորել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ այժմ էլ սովորում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում: Եվ եթե նույնիսկ ընկերը դպրոցի էլեկտրիկն էլ է, ի՞նչ կա դրա մեջ պարսավելի կամ հեգնանքի արժանի: Ասեմ, որ Ֆրանսիայում ծայրահեղ ձախերի լիդերը՝ (ոչ թե տեղային կառույցներից մեկի լիդերը, այլ ողջ կուսակցության լիդերը) Օլիվիե Բեզանսենոն, փոստատար է, եւ ֆրանսիացիներն էլ Ֆրանսիայից Հայաստան չեն գաղթում:

Ասեմ նաեւ, որ ՀՅԴ Գյումրու նորընտիր կոմիտեի մնացած չորս ընկերներից երեքը դասախոսներ են՝ մեկը դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, երկուսն էլ՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, իսկ մի ընկերն էլ ոչ միայն մարզի, այլեւ հանրապետության լավագույն ճարտարագետ-շինարարներից մեկն է: ՀՅԴ

Գյումրու նորընտիր կոմիտեի անդամ բոլոր ընկերներն էլ ոչ միայն կուսակցությունում, այլեւ եւ՛ համայնքում, եւ՛ իրենց աշխատավայրերում, հարգված, բարձրակարգ մասնագետների եւ անկաշառ ու ուղղամիտ քաղաքացիների համբավ ունեցող անձնավորություններ են:

4. «Ըստ քննադատների, եթե Գյումրու կոմիտեի նախկին անդամները կարողանում էին հստակ արտահայտել դաշնակցության դիրքորոշումը, նորընտիրները դժվար թե կարողանան այդքան ազատ խոսել:»

Ես այդ «քննադատներին» մեկ հարց եմ ուզում ուղղել՝ կարո՞ղ են արդյոք ՀՅԴ Գյումրու կառույցից տալ մեկ ընկերոջ անուն, որից պակաս ազատ ու ուղիղ կարող եմ լինել իմ խոսքի մեջ: Այս նույն հարցով կարող եք դիմել եւ՛ ՀՅԴ Գյումրու կառույցի ցանկացած ընկերոջ, եւ՛ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի մի շարք ընկերների: Կամ միգուցե ոչ թե ես, այլ այդ «ազատ» խոսող «քննադատներն» էի՞ն մի քանի ամիս առաջ առաջարկում միանալ, ճիշտ է ՀՅԴ-ից հեռացված, բայց մեր օրերի կենդանի լեգենդ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու ձեռնարկումներին:

Իսկ վերջում հարգելի լրագրողին կխնդրեի՝ խուսափեր «անանիմկա»-ների հիման վրա լուրեր եւ հոդվածներ պատրաստելուց, իսկ Aravot.am-ին էլ խնդրում եմ խոսքս տպագրել առանց կրճատումների:

 

 Հարգանքներով՝ ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Տաճատ Հովհաննիսյան

29 դեկտեմբերի, 2011 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031