Տոմս`ֆուտբոլային բոլոր հանդիպումների համար, վագր, առյուծ ու ապակյա տուփ. Իմ համեստ ցանկությունները Ձմեռ պապիկից
Բարև Ձմեռ պապիկ, ես Լիլիթն եմ` Երեւանից, ավելի կոնկրետ` ՀԱԹ-ից. փրկիր ինձ, Ձմեռ պապիիիիիիկ: 🙂
Սկսեմ թվարկել այն ամենը, ինչ ուզում եմ քեզանից այս տարի: Մինչև վերջ կկարդաս: Ուզում եմ` ինձ բերես ապակուց մեծ տուփ, վագր և առյուծ: Ես մտնեմ այդ տուփի մեջ, վագրն ու առյուծը հարձակվեն, խփեն տուփին, բայց տուփը չվնասվի, ես էլ մեջը վախենամ: 🙂
Ուզում եմ մի տոմս, որով կարող եմ մտնել աշխարհի բոլոր մարզադաշտերը և նայեմ ֆուտբոլային յուրաքանչյուր հանդիպում: օֆ-օֆ: 🙁 Ուզում եմ լիքը աշխատատեղեր բերես, ինձ էլ իմ ուզած աշխատանքը: Հաաաաաաաամ էլ, լիքը հետաքրքիր, նոր, սկանդալային թեմաներ նոր տարում, բայց մենակ ինձ կբերես: Ուզում եմ` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականներիս հաղթանակներ բերես, ուզում եմ Բարսելոնան այս տարի մենակ պարտվի, Ռեալին էլ լիքը հաղթանակներ: Ես քեզ շաաաատ եմ սիրում, Ձմեռ պապիկ, կատարիր իմ ցանկությունները, թե չէ նկարդ կպոկեմ սենյակիս պատից:
Գիտե՞ս` ինչքան եմ քեզ սպասել: Մի ամբողջ տարի` մեծ անհամբերությամբ ու սրտի թրթիռով: Հեշտ է ասել մի տարի: Եթե վերածես այն րոպեների ու վայրկյանների, կհասկանաս, թե ինչքան սպասված ես, Ձմեռ պապ ջան: Գիտեմ, որ միակը չեմ, և որ դու հազարավոր էսպիսի նամակներ ես ստանում ամեն տարի: Բայց չէ՞ որ ոչ բոլորն են ինձ պես 13 էջանոց նամակներ ուղարկում: Չնայած այս տարի որոշել եմ խնայել քեզ. կգրեմ շատ կարճ ու կխնդրեմ միայն մի նվեր: Իսկ եթե դու ինձ բերես այն, ինչ խնդրում եմ, խոստանում եմ, որ սա կլինի իմ վերջին նամակը քեզ: Նվիրի’ր ինձ կախարդական փայտիկ և վերջ: Դու կազատվես իմ երկարաշունչ նամակներից, ես էլ ստիպված չեմ լինի մի ամբողջ տարի շարադրել ցանկություններս:
Կախարդական փայտիկ ստանալու ակնկալիքով` Հերմինե
Բարև Ձմեռ Պապիկ ջան: Այն ինչ գրել եմ իմ նամակում, գուցե քեզանից բացի շատերը կկարդան: Դրա համար էլ, թող այն լինի «բաց նամակ»:
Գալիք տարվա համար քեզանից հինգ նվեր եմ խնդրելու իր ենթանվերներով, բայց մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել 2011թ-ի նվերներիդ համար: Դու անգամ այնպիսի նվերներ էիր արել` ինչի մասին ես չէի խնդրել, երբեմն ավելի լավ գիտես ինչ է ինձ պետք: Շնորհակալ եմ այն բոլոր ձեռքբերումներիս համար, որ ունեցա այդ մեկ տարվա ընթացքում: Ձմեռ Պապ ջան, քեզ համար նորություն չէ, որ ես մի քիչ էգոիստ եմ և ինձ երջանիկ զգալու համար չեմ բավարարվի միայն անձնական նվերներով, դրա համար էլ այս տարվա նվերների ցուցակը միայն ինձ համար չեմ կազմել: Իմ բարի ու առատաձեռն Ձմեռ պապիկ, դու գիտես, որ ես աշխատում եմ մանկատանը ու գիտես, թե երբեմն որքան դժվար է լինում ինձ համար, խնդրում եմ ինձ ուժ և համբերություն տուր, որ բալիկներիս հնարավորինս շատ սեր և հոգատարություն կարողանամ տալ: Նրանց անունից քեզ մի բան եմ ուզում ասել. շատ եմ խնդրում եկող տարի նրանց ծնողներ նվիրի: Սա մեկ, մնաց չորս նվեր:
Խնդրում եմ, որ մեր բարեգործական հասարակական կազմակերպություն` Զանգակատուն, հովանավոր ուղարկես, որ ցերեկային կենտրոնը չփակվի և մենք շարունակենք օգնել դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց:
Երրորդը խաղաղություն եմ ուզում. իսկական, որ պայմանական չլինի: Խնդրում եմ, որ որպես նվեր պաշտպանես մեր զինվորների կյանքերը սահմանի վրա և ամբողջ ծառայության ընթացքում: Խնդրում եմ բոլոր մարդկանց արդարություն նվիրես, խիղճ, բարություն ու ազատություն. անգամ նրանց` ովքեր ունեն, դա երբեք շատ չի լինում: Եվ վերջինը` հինգերորդը, ուզում եմ այնպես անես, որ առօրյա հոգսերի ու զբաղվածության մեջ` մարդկանց Ապրելու ժամանակ էլ մնա:
Հույսով կսպասեմ այս նվերներին, Ձմեռ Պապ ջան: Ուրախ Ամանոր և Սուրբ ծնունդ բոլորիս:
Լիլիթ Շարբաթյան
Ութ տարի առաջ էր, երբ վերջին անգամ հայրս նայեց աչքերիս մեջ ու ասաց. «Բալես, ի՞նչ կցանկանաս, որ այս տարի Ձմեռ պապիկը քեզ համար բերի »: Հայրս պատկերացում անգամ չուներ, թե ինչ կպատասխանեմ, բայց իմ տված պատասխանը անակնկալի բերեց նրան. «Ուզում եմ, որ Ձմեռ պապիկը իմ եղբորը ինձ վերադարձնի: Ուզում եմ, որ առաջվա նման ես ու Էդգարը խաղանք միասին »: Հայրս ժպտաց, բայց նրա ժպիտում այնքան սառնություն ու տխրություն կար… թույլ չտվեց, որ շարունակեմ՝ ամուր սեղմեց կրծքին այնպես, ասես ուր որ է շունչս կկտրվի: Այդ ժամանակ ես միայն դա էի ուզում՝ իմ եղբորը, որ երկար ժամանակ էր, չէի հասկանում կամ գուցե շատ լավ հասկանում, բայց չէի համակերպվում, որովհետեւ կարոտում ու զգում էի իր բացակայությունը: Հիշում եմ` հորս կրծքին սեղմված ասացի. «Պապ, բայց Ձմեռ պապիկը չի կարող չէ Էդգարին բերել, ինքը մահացել է »: Հայրս շոյեց գլուխս ևւ ասաց. «Հա բալես, չի կարող, որովհետեւ հիմա ինքը ուրիշ պապիկի մոտ ա, բայց եթե ուզու՞մ ես, Ձմեռ պապիկը կարող է մեկ ուրիշ Էդգար բերել, որը իրեն շատ նման կլինի ու միասին կխաղաք »… Մեկ տարի անց Ձմեռ պապիկը բերեց մի նոր փոքրիկ, որին Էդգար անվանեցինք: Նա լուսավորեց իմ կյանքը ու շարունակում է լուսավորել մինչ այսօր: Այդ ժամանակվանից հետո ինձ էլ երբեք չեն հարցրել, թե ես ինչ եմ ուզում Ձմեռ պապիկից… Ութ տարի անց՝ այսօր, ինձ հնարավորություն է ընձեռված նամակ գրել Ձմեռ պապիկին: Բայց այս անգամ ոչինչ չեմ ուզում. ես ազատում եմ նրան այդ ծանր բեռից: Տարիս սկսելու եմ դեպի ցանկություններս ու նպատակներս տանող ճանապարհները փնտրելով, դրանք հաղթահարելով հասնել վերջնակետին:
Ձմեռ պապիկից ինձ համար ոչինչ չեմ ուզում. տարվա ընթացքում նա կհասկանա իմ ցանկությունը և այն ժամանակ էլ ինձ կաջակցի, իսկ նամակում կասեմ հետևյալը.
«Սիրելի Ձմեռ պապ, գալդ բարի: Մի’ զլացիր և կարդա բոլոր փոքրիկների ու «մեծիկների » նամակները և կատարիր նրանց ցանկությունները, չէ՞որ նրանք հավատով սպասում են դրանց կատարմանը: Քեզ անսահման համբերություն… իր համար ոչինչ չցանկացող, բայց քո գոյությանը մինչ այսօր հավատացող«փոքրիկ »:
Քրիստինա Միրզոյան
Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ: Ես Արամ Արարատյան եմ ու քեզ շատ եմ սիրում: Ճիշտ է, տարիքով մեծ եմ, բայց մինչ այժմ էլ հավատում եմ հրաշքներին, որոնք դու իրականացնում ես: Ամանորը շատ եմ սիրում. այդ գիշեր իրականանում են երազանքները: Դրանում արդեն համոզվել եմ: Այս տարվա իմ ցանկությունները քիչ են տարբերվում մնացած տարիներից: Ուզում եմ, որ այս տարին հաջողակ լինի բոլորի համար: Ծնողներս, բարեկամներս, ընկերներս միշտ լինեն իմ կողքին: Մարդիկ` լինեն ավելի բարի, ջերմ, ժպտերես, լինի այնքան սեր, որ իրենք էլ զարմանան: Մանուկներին բերես շատ-շատ խաղալիքներ ու կատարես նրանց բոլոր մանկական երազանքները: 2011 թվականինին զգացինք խաղաղության պակաս: Այնպես արա, որ դա չկրկնվի 2012-ին: Մեզ` լրագրողներիս, ցանկանում եմ աշխատանքով լի գործունեություն: Ինձ համար էլ չմոռանաս Apple IPad վերցնել:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Քանի որ նախկինում վիշապի տարում ծանր իրադարձություններ են եղել, ես ուզում եմ, որ այս տարին լինի վիշապի ամենալավ ու ամենախաղաղ տարին: Ուզում եմ Ձմեռ պապին իր մեծ պարկում տեղավորի շատ հաջողություններ ու ժպիտներ: Ուզում եմ սահմանափակ մտածելակերպով մարդկանց թիվը նվազի, ու շատերը վերջապես հասկանան, որ Թաթուլից ու Վլեից ավելի հետաքրքիր երգիչներ ու երգեր կան: Ուզում եմ վիշապն իր հետ ինձ հավատ բերի, որ ամեն ինչ իսկապես լավ է լինելու և բոլոր երազանքներս կատարվելու են: Ուզում եմ նաև ինձ տա ուժ ու համբերություն` կյանքի տհաճ անակնկալներին դիմակայելու համար: Ուզում եմ միշտ լինել այնքան լավատես, որքան հենց այս պահին 🙂
Տիգրանուհի Թասլակյան
Բարեւ Ձմեռ պապիկ: Ես նորից գրում եմ քեզ, բայց այս անգամ չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Մի ամբողջ տարի մտածեցի ու…չգտա: Գիտե՞ս` ես շատ երազանքներ ունեմ որոնք դեռ չեն կատարվել: Չէ, ես քեզանից չեմ նեղանում, որ դրանք դեռ չես կատարել, բայց ամեն անգամ քեզ գրելիս` ես միանգամից հիշում եմ դրանք…
(Չէ…հաստատ չեմ նեղանում…)
Գրում եմ քեզ, այն նույն հույսով ու սպասումով, որով անցյալ տարի եմ գրել ու խնդրում եմ քեզ, որ գոնե այս անգամ կատարես երազանքներս: Չնայած դու գիտես, որ ես էլի չեմ նեղանա…
Ձմեռ պապիկ, դու երևի արդեն գիտես, թե ինչ եմ խնդրելու քեզ: Այո, ճիշտ գուշակեցիր…ՈՒզում եմ,որ գոնե այս տարի ես սկսեմ սիրել Երևանը (ինձ համար ամենացավալի հարցը), ուզում եմ, որ բոլորն այս տարի բարի լինեն, այնքան բարի, որ մոռանան չար ու վատ մտքերը, ուզում եմ, որ դու վերջապես ուղարկես ինձ նամակիս պատասխանը, որ համոզվեմ…բայց ես միեւնույնն է հավատում եմ քեզ…
Ես սիրում եմ քեզ, Ձմեռ պապ, ու սպասում եմ պատասխանիդ…
Ես քեզ հավատում եմ ու…չեմ նեղանում…
Մերի Խաչատրյան
Սիրելի’ Ձմեռ պապ, ես ուզում եմ, որ այս տարին բոլորիս երջանկություն բերես, դա էլ որ բերես հերիքա: Էէէէ ի՞նչն ա հերիք, դա բոլորիս, իսկ այ ինձ, թվային տեսախցիկն ու ձայնագրիչն էլ չեն խանգարի: Հա մեկ էլ` էն ապառատներից, որ պետք եղած դեպքում թաքուն նկարեմ. ի՞նչ վատ կլինի, եթե պապառացի էլ դառնամ: Ձմե’ռ պապ ջան, հուսով եմ դու հարուստ ես, իսկ եթե` ոչ, կարող ես ապառիկ առնել: Սպասի ’, մի ’ փակի նամակս, հլը չեմ վերջացրել: Ձմե’ռ պապ ջան, խնդրում եմ Աստված պապիկին բարեխոսի, այս տարի ինձ առողջություն ու նյարդերիս հանգստություն շնորհի` մանավանդ քննությունների ժամանակ: Ինձ նախանձողներին էլ լիքը լավ բաներ բե’ր, որ էլ առիթ չունենան իրենց չար գործը անեն. մեղք են, էլի:Գիտե՞ ս ինչ` ուզում եմ, որ հենց Նոր տարվա գիշերը գաս մեր տուն, այ այդ դեպքում խոսք եմ տալիս Ձյունանուշի նման հագնվել ու քեզ հետ այցելել իմ պես համով մյուս բալիկներին: Տես հա, քեզնից մի քիչ նեղացած եմ, որ տարիներ առաջ իմ ուզած տիկնիկը քրոջս բերեցիր, էնպես որ« ստիպված ես» ցանկությունս կատարել:
Ցանկություններով լի` Նազենի Բաղդասարյան 🙂
Ձմեռ պապիկից ցանկանում եմ շատ հեշտ բաներ, ինչի° ինքը ըտե՞նց բաներ է կատարել, սկսեմ.
- Հայաստանը դարձնի գունավոր
- Ունենամ ակնոց, որ դնեմ ու բոլորին տեսնեմ մերկ
- Հունվարի 1 – 6 ափսեները իրենք իրենց լվացվեն
- Մեկ շաբաթով դառնամ տղա
- Ունենամ 1 միլիոն դրամ ու ծախսեմ մեկ օրում
- Լինի հարսանիքս, բայց չամուսնանամ ու էլի արթնանամ մեր տանը
- 2 օրով լինեմ հաշվապահ, տեսնեմ`՞ դժվար աշխատանք է
Որ ասում էի` հեշտ բաներ եմ ուզում:
Ձմեռ պապիկին հավատացող` Մելանյա Հարությունյան
Բարեւ սիրելի Ձմեռ պապ. քեզ գրում է Լիլիթիկը: Քանի տարեկան եմ ես, ասեմ` 19, բայց դա չի խանգարում ինձ հավատալ նրան, որ դու կաս:
Ձմեռ պապ ջան, երբ երեխա էի, միշտ ուզել եմ տեսնել քեզ, խաղալ ձյունագես մորուքիդ հետ, ձեռնափայտդ գողանալ, որ չկարողանաս գնալ: Հիշում եմ առաջին նամակը, որ գրեցի քեզ հենց իմ ձեռքով` 7 տարեկանում: Հիշում եմ անգամ` ինչ եմ ուզել, և դու, լինելով խելոք ու բարի, բերեցիր ինձ իմ փափլիկ նապաստակը:
Այս տարի քեզնից մի բան եմ ուզում, ըստ իս այդքան էլ դժվար բան չի, ու դու պետք է այս փոքրիկի ցակությունը կատարես: Ես խնդրում եմ միայն, որ այս տարի բոլոր մանուկները զգան մայրական ջերմություն, մեծանան իրենց ընտանիքներում, ուզում եմ, որ ծերանոցներում տատիկներ ու պապիկներ չլինեն, նախանձը մեկընդմիշտ լքի մարդկանց և նրանք ամեն առավոտ արթնանան ժպիտով ու ասեն. «Կյանքը հիասքանչ է»:Ձմեռ պապ ջան հուսով եմ` նամակս աչքաթող չես անի: Հա վերջում էլ` ուզում եմ քեզ առողջություն մաղթեմ, որ ուժեղ լինես ու բոլոր մանուկների երազանքներն իրականացնես……..
Ձմեռ պապ ջան, համոզված եմ, որ դու ինձ շատ ես սիրում ու դեմ չես լինի ինձ համար քո պարկի մեջ դնել Իտալիայի և Կուբայի ուղեգիր, BMW Z4, էլեկտրո կիթառ, (ակուստիկն արդեն ունեմ) հարվածային գործիքներ և James Blunt-ի համերգի տոմս :
Պաչիկներ
Բարեւ Ձմեռ պապ, շնորհակալություն նախորդ տարիների բոլոր ցանկություններիս իրականացման համար, դու հրաշք ես: Գիտեմ ` զարմացար, նամակ եմ գրում քեզ: Ժամանակին լուրջ աղջիկ էի, նման «թիթիզ» բաներ չէի անում :), բայց կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Չգիտեմ էլ` քեզանից ինչ ուզեմ, արդեն ոչ ուզելու բան է մնացել, ոչ էլ` «երես»: Էս տարի համալսարան ընդունվել, հետո անվճար սովորել, կարմիր դիպլոմով ավարտել, իմ ցանկացած վայրում աշխատել եւ նմանատիպ ցանկություններով քեզ չեմ ձանձրացնի :): Ապրես, շռայլ էիր: Գիտե՞ս ինչ` բեր այն, ինչ դու կուզեիր ինձ նվիրել, կամ գուցե հեքիա՞թ, մեծ սե՞ր բերես: Մոռացել էի` մեկ էլ` ուզում եմ մի գոհ օր ապրել` գոհ ինձանից ու բոլորից:
Հրաշքիդ սպասող` Հռիփսիմե