Տարվա վերջին ուրբաթը շատ ուրիշ է, ձմեռվա կեսին արեւ ու արեւ, ձմռան ցրտին` տաք ու տաք, մարդիկ գնում են ինչ-որ տեղ, մարդիկ շտապում են ինչպես բոլոր ուրբաթ օրերին: Ո~նց եմ սիրում ուրբաթ օրն ընդհանրապես, իսկ այս մեկը` տարվա վեջինը` ավելի շատ: Ամբողջ առավոտը նման էր գիշերվա շարունակության, եւ դա բնական է, եթե պառկում ես ժամը հինգին` լուսադեմին, ապա առավոտը գիշերվա շարունակությունն է կամ` նույն բանը: Մամուլը գնաց հանգստանալու, եւ, զարմանալիորեն, բոլորի համար պարզ դարձավ, որ երբ մամուլը հանգստանում է, հանգստանում է նաեւ քաղաքական դաշտը:
Ստացվում է, առանց մամուլի քաղաքական դաշտը պարզապես գոյություն չունի: Իմ գործընկերուհին գրել էր`չբռնեմ ու ես էլ ամփոփեմ, ես էլ նույն հանգի ուզում եմ հարցնել` չբռնեմ ու մտածեմ, որ առանց չորրորդ իշխանության, առանց թերթահոտի/բույր իմաստով/ եւ առանց էլեկտրոնային լրատվամիջոցների ամբողջ քաղաքական դաշտը իմ խմբագրի բառով` դառնում է <ֆիգնյա>: Չկան իրար քցոցիները, չկան մուտիլովկաները, չկան անանուն աղբյուրները, չկան հավաստի աղբյորները, չկան ականատեսների վկայությունները եւ չկան իրար վրա գլորվող <բոչկաները>: Երանելի ժամանակներ են:
Իսկ որպես վերնագիր օգտագործածս անունները շահադիտական նպատակով են:Բլոգային եւ էլեկտրոնային անցած երկու ամիսների ընթացքում ցավալիորեն համոզվեցինք, որ առանց սենսացիոն անունների ոչ ոք չի ուզում քո գրածը կարդալ: Այ, եթե գրեինք, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ականջը քաշեց, դա կդառնար հիթ, իսկ եթե նման բան չենք գրել/իսկ մենք նման բան չենք գրել/ ապա էլ ի?նչ կա կարդալու: Եվ հենց այս աղմախ պատճառով էլ որպես վերնագիր եմ գործածել երկրի նախկին նախագահների եւ գործող նախագահի անունները:
Տարվա վերջին ուրբաթը շատ համով ստացվեց, բոլոր շենքերի բոլոր շքամուտքերից հոտեր են տարածվել: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ, փոխվել է նաեւ Նոր տարվա հոտը, Նոր տարվա հոտը իմ մանկության տարիներին նույնացվում էր թարմ կտրած եղեւնու բույրի հետ, իսկ այժմ երբ թարմ կտրած եղեւնու բույր եմ զգում,աչքիս առաջ այս կամ այն օրիգարխն է, կամ` բնապահպանության նախկին եւ ներկա նախարարները;
Իմ մանկության տարիներին եղեւնու բույրրը մանկության բույրն էր,այսօր` անշնորհք բիզնեսի:
Տարվա վերջին ուրբաթ օրը մաղթում եմ, որ մի քիչ մտածենք մեր հոգիների մասին, ոչ թե էկրանների առաջ նկարվելիս խաչակնքելով, այլ` միայնակ մի անկյունում նստած, լռիկ եւ սրտանց, առանց քաղաքական գովազդի: