Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, հայտնաբերվել է դեկտեմբերի 27-ին մահվան ելքով վրաերթ կատարող վարորդը։
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարբախի բաժանմունքի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ–քննչական և բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկաններին է ներկայացել, Արարատի մարզի Նորաբաց Գյուղի բնակիչ 56-ամյա Հայկ Բաբայանը։
Վերջինս իրենց տուն այցելած ոստիկաններին խոստովանել է, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ինքն է Ներքին Չարբախի 1-ին փողոցում վրաերթի ենթարկել իրեն անծանոթ մի քաղաքացու և թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից։
Փաստի առթիվ ոստիկանության ՃՏՀ քննության բաժնում քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը կատարել է մահվան ելքով վրաերթ և դիմել փախուստի։ Ոստիկանությունը պարզել է, որ վրաերթի ենթարկվածը Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ, 69-ամյա Սվետլանա Շմավոնյանն էր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի