Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմանամ՝ դուրսը չտենք մնալ». բազմազավակ ընտանիքը սահմանին

Դեկտեմբեր 30,2011 14:29

Տունը, որտեղ բնակվում է Կարեն և Սուսան Մադաթյանների յոթ հոգանոց ընտանիքը, ադրբեջանցիների դիրքերից չի երևում, բայց նրանք ապրում են սահմանի բոլոր տագնապները։ «Լինում են, ամեն օր էլ կրակոցներ լինում են,-ասում է Կարենը,-ուղղակի մեր տեղը փոս ա, գյուլեքը գալիս, մեր վրովն են անց կենում»։

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչը նշված անհանգստությունից ու տագնապից բացի՝ մի խնդիր էլ ունի. սեփականաշնորհված հողերը ադրբեջանցիների նշանառության տակ լինելու պատճառով չեն մշակվում։ Եվ ուրեմն՝ գյուղում ապրելով՝ վազաշենցին գյուղացի էլ չի։

Մադաթյանների ավագ որդին՝ Բորիսը, Բելա և Ալլա դուստրերը դպրոցական են։ Կարոն ու Դավիթը դեռ փոքր են։ Մեծ ու փոքր միասին ծնողների համար մի ուրախություն ու մի հոգս են։ «Ուրախություն, առաջին հերթին ուրախություն են,-ասում է Սուսանը։- Մարդ կա՝ երեխա չունի ներկա պահին, ցանկանում ա ունենա, ուրախության համար ա, չէ՞…»։

Կարենը հաշմանդամ է, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի։ Թոշակ է ստանում՝ 12 հազար դրամ ($ 31)։ 53 հազար ($ 137) էլ պետությունը տալիս է որպես նպաստ։ 65 հազար դրամով ($ 168) յոթ հոգանոց ընտանիքն ապրում է մի ամիս։ Այսինքն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին պետությունն օրական 309 դրամ ($ 0,8) է տալիս։

«Երեխեքը լավ են, նենց շատ ուտող էլ չեն,-ասում է Կարենը,-վերմիշել, բրինձ, գարոխ. ըտենց բաներ ըլնում ա, ուտում են»։

Իրիկնադեմին Սուսանը ճաշի սեղան է գցում։ Սաղր ափսե-գդալ անհամապատասխան զույգն իսկույն սրում է հետաքրքրությունդ՝ տեսնես ի՞նչ են ուտելու։ Մատուցվում է ոսպ՝ մաքուր, խաշված ոսպ՝ առանց հավելումների։

-Որպես բազմազավակ մայր՝ պետությանը չե՞ս դիմել,-հարցնում եմ Սուսանին։

-Դիմել եմ, խի՞ չեմ դիմել,-հարցս կիսատ է թողնում,-դիմել եմ, ասել են՝ քեզ ո՞վ էր խնդրում, էդքան էրեխա չբերեիր։

-Մի անգամ էլ ես եմ դիմել մեր մարզպետարանին,-ծիծաղելով թեման շարունակում է Կարենը։-Դիմեցի, ասեցի՝ սոցիալապես ծանր ենք, անապահով ենք, հինգ երեխա ունենք, ես չեմ աշխատում, ինվալիդ եմ։ Իրեք ամիս ձգձգվեց, երկու անգամ թղթեր սարքեցի, էնքան քյացի եկա, էնքան քյացի եկա, ճամփեքի վրա փող ծախսեցի, վերջում ասեցին՝ եկել ա, գնա-ստացի։ Գնացի 20 հազար ($ 52) ստացա, եկա տուն»։

PrevPhoto
NextPhoto

Մադաթյանները մի անգամ էլ դիմել են, ինչպես Կարենն է ասում՝ քարոզարշավին, այսինքն՝ «…էն որ Սերժ Սարգսյանը վարչապետ վախտով եկել էր, որ պրեզիդենտ դառնար»։ Այս պատմության մանրամասներին անդրադառնալուց առաջ նախ պետք է ծանոթանալ նրանց բնակարանային դրությանը։

Ամուսնանալուց հետո մինչ օրս Կարենն ու Սուսանը բնակվում են Կարենի քեռորդու տանը։ Ժամանակավորապես Ռուսաստան տեղափոխված զարմիկն ասել է՝ քանի էստեղ չեմ, ապրեք։ Բնականաբար, նրա վերադառնալուց հետո Մադաթյանները պետք է ազատեն տունը։ Եվ հասկանալի է, որ ուրիշի տանն ապրելու ընթացքում ընտանիքի հայրը պետք է փորձեր լուծել իր, կնոջ և հինգ երեխաների ապագա կացարանի հարցը։

«Էն ժամանակ իրան (Սերժ Սարգսյանին-հեղ.) նամակ գրեցինք, դիմեցինք:  Պատասխանեց,  որ հող կտան, դես` կտան, դեն՝ կտան։ Մի հատ թազա կազմակերպություն կար, երիտասարդական կազմակերպություն ա-ինչ ա, եկան մեր գյուղը, գյուղապետի հետ եկան ստեղ, որ ինձ համար տուն տեն սարքիլ։ Էստեղ պատրաստ ֆունդամենտներ կան, երկրաշարժից հետո կիրգիզներն են սարքել, ըտենց մնացել ա։ Նկարեցին-բան արեցին, լրիվ թղթերն առան ու գնացին։ Էն գնալն էր, որ գնացին»,- հիշում է Կարենը։

Արդեն նախագահ դարձած նախկին թեկնածուի խոստումից մի բան իմանալու համար Մադաթյանները դիմում են Տավուշի մարզպետարան, որտեղից ստացվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ։ Այդ ընթացքում տան տերը՝ Կարենի քեռորդին, Ռուսաստանում մշտապես հաստատվելու որոշում է կայացնում։ «Հմի ծախում ա էս տունը,-ասում է Կարենը,- երկու հազար դոլար ա ուզում։ Թե կարեցա ճարեմ՝ ես կառնեմ, չէ՝ պտի դուրս գամ, մարդն իրա տունը ծախի»։

65 հազար դրամ ($ 168) նպաստ-թոշակով, որը հազիվ բավարարում է կերակրվելուն, տուն գնելու համար փող հետ չես գցի։ Կարենը տան բակում զբաղվում է նաև փայտածխի արտադրությամբ, որն, ինչպես ինքն է ասում՝ «մի հինգ-տասը մայեթի ($ 13-$ 26) օգնություն ա կողքից»։

«Ստի մարդ կա էլի, մեր գյուղացի ա, փետն առնում ա, բերում ա, ածուխ եմ անում: Փետի փողը դուս ա կյալի, ավել փողը մնում ա»,-պատմում է Կարենը։

Ավել փողից բացի ընտանիքին օգուտ է մնում նաև ձրի վառելիքը։ Ածխի արտադրության համար անպիտան ցախերը վառելով՝ փորձում են հաղթահարել ցուրտը։

Երբ հարցնում եմ՝ ո՞րն է ընտանիքի N1 խնդիրը, ամուսինները  միաձայն պատասխանում են՝ տունը։  «Իմանամ՝ իմ երեխու գլխին կրիշ կա, իմանամ՝ դուրսը չտենք մնալ»,-ձևակերպում է Սուսանը։

Տան խնդիրն, իհարկե, Մադաթյանների ընտանիքի համար անհետաձգելի է, բայց ուրիշ կարևոր հարցեր էլ կան, որոնք մնում են չլուծված՝ դարձյալ… չունենալու պատճառով։ Ութնամյա Ալլայի մի աչքը ծանր հիվանդության հետևանքով շեղվել է, և այսօր գրել-կարդալիս աղջիկը լուրջ դժվարություններ է ունենում։ Երեխային անգամ ստուգման չեն տարել, որովհետև, ինչպես մայրն է ասում՝ «ապերացիի կարիք ըլնի, ո՞նց տենք անիլ»։

Ո՞նց են անելու վիրահատությունը, եթե պետք լինի։ Ո՞նց են ապրելու, եթե ստիպված լինեն լքել ուրիշի տունը։ Ո՞նց են հասցնելու սնունդն ու հագուստը։ Անպատասխան հարցեր, որոնց առաջ, թվում է, հուսալքված ու վհատ պիտի լինեին յոթ Մադաթյանները։

«Ես միշտ էլ ասել եմ՝ երեխե’ք, ամեն ինչ լավ կլինի: Ամեն ինչ, հույսը երբեք չի կարելի կորցնել,-ասում է բազմազավակ մայրն ու ավելացնում,- միշտ հավատացել եմ ու հիմա էլ հավատում եմ, որ կան բարի մարդիկ»։

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

www.haysanta.am

Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր այցելությունները: Ձեր օժանդակությունը կարող եք բերել նաև` գումար փոխանցելով հետևյալ հաշվի համարի  վրա: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031