Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերության 22 ամիսներ. Ադրբեջանից վերադարձած գերին՝ փշալարերից այն կողմում ապրած սարսափների մասին

Դեկտեմբեր 30,2011 14:04

22 ամիս չոր տախտակները` որպես անկողին, աղոթքները` չմարող հույս: Հեռու մշուշներում` 5 ամսական որդին, հարևանությամբ` մկները, մետաղի չմարող ձայնն ու ստորացումները:

Հաղարծին գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Բադալյանի ուղեղում շատ պատկերներ դաջվեցին որպես մղձավանջ գրեթե երկու տարի անցկացրած ադրբեջանական գերության օրերից` կյանքը բաժանելով մինչև գերությունը և գերությունից հետո:

Թեև մարտի 17-ին գերիների փոխանակության շնորհիվ վերադարձավ տուն, սակայն մղձավանջները, անքնությունը, գլխում հնչող ձայները և անընդհատ թվացյալ հետապնդումը չեն լքում նրան:

2009 թ. մայիսի 9-ին Արթուրն ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից` մոլորվել ու թշնամու ձեռքն էր ընկել:

 «Մեկն ինձնից հայերենով սիգարետ ուզեց, տվեցի: Էլ ոչ մի բառ չասաց: Միայն ռուսերեն ասաց՝ մի´ վախեցիր: Հետո եկան մի քանի հոգի ու ինձ տարան,-հիշում է նա: – Ավելի վատ բաներ անցան մտքովս: Մտածեցի, որ էլ չեմ վերադառնա, գնում եմ բայրամի ու ինձ տանում են մորթելու»:

Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանակից գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ:

Ադրբեջանական գերությունից Արթուրի միակ լավ հիշողությունը Բաքվի անլույս ու խոնավ խցում իր հետ ապրող մուկն է՝ իր ձագերով: Արթուրի աչքի առջև են ծնվել ու մեծացել: Ասում է, որ նրանց հետ է կիսել իր մղձավանջի օրերը:

Պատմում է, որ գերության հենց երկրորդ օրը անհայտ գյուղի զորամասում երկու հոգի իրեն պառկեցրել են որովայնի վրա ու, անընդհատ խփելով, վնասել ոտքերը: Դրանից հետո 2 ամսով տեղափոխել են ադրբեջանական Ղազախ քաղաքի զորամասերից մեկը, որտեղ էլ ձեռքերից հոսանք են միացրել:

«Ղազախում ձեռքերս 1 օր կապկպած, պառկած թողեցին, բաց չէին թողնում, որ գոնե ոտքերս տրորեմ, ցավը մեղմանա: Հաջորդ օրն էլի սկսեցին խփել, ձեռքերիցս հոսանք միացրին, ողջ մարմնովս զգացի դա»,- դժվարությամբ, բայց մանրամասն պատմում է նա:

Նա պատմում է, որ ֆիզիկական կտտանքներից զատ իրեն նաև հոգեբանական խոշտանգումների են ենթարկել` փորձելով ինքնասպանության հասցնել:

Ղազախից հետո Արթուրը 1 տարի 3 ամիս ապրել է Բաքվի զորամասերից մեկում:

«Բաքվում ահավոր վիճակ էր: Ոնց որ խոզ պահեին: Կամերան պատուհան չուներ, լույս չէր ընկնում, ամեն օր երկաթի կտորով խփում էին դռանը, ոչ մի վայրկյան հանգիստ չեմ ունեցել»:

2 տարվա ընթացքում գերուն չեն թույլատրել զբոսնել, շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում- հիշում է- ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին:

Շատ դեպքերում քաղցած է օրն անցկացրել:

PrevPhoto
NextPhoto

«Ահավոր վիճակ էր: Շորերս լվանում էի այն ժամանակ, երբ կամերան քլորով «մաքրում» էին: Ստիպված աչքերս լաթով կապում էի, որ չկուրանամ: Սաղ գիշեր մերկ վիճակում հագուստս թափահարում էի կամ պառկում վրան՝ մարմնիս ջերմությամբ չորացնելու համար: Սնունդ չկար: Փչացած հացի երեսով եմ սնվել»,- վերհիշում է Արթուրը:

Ասում է, որ շատ է հիվանդացել ու մի կերպ ոտքի կանգնել` առանց դեղերի ու խնամքի. այդ մասին երազելը միամտություն կլիներ:

2010 թ. նոյեմբերին Արթուր Բադալյանին ադրբեջանցիները կրկին տեղափոխել են Ղազախ քաղաքի նույն զորամասը:

Ասում է, որ այստեղ իրեն ինչ-որ դեղեր են տվել սննդի հետ. դրանք ընդունելուց հետո իրեն վատ է զգացել, թույլ, գրեթե անգիտակից վիճակում եղել:

«Գոտի էին դրել, որ ինձ վնասեմ: Կախվելու համար հարմար տեղ կար»,-նկատում է ադրբեջանական գերությունը վերապրած հայը:

Ղազախում երկրորդ անգամ եղած ժամանակ էլ տեղեկացել է, որ «Կարմիր խաչի» ներկայացուցիչներ պետք է այցելեն իրեն: Մինչ այդ ոչ ոք երբևէ նրան չէր այցելել:

«Կարմիր խաչին» ասացի, որ իբր ես եմ գնացել Ղազախ, ադրբեջանական կողմին խնդրել, որ ինձ ուղարկեն երրորդ երկիր»:

 Զգուշացրել էին՝ եթե այդպես չասեմ, նորից Բաքու կուղարկեն: «Ստիպված տենց ասեցի, չէի ուզում նորից Բաքուն վերապրել, սարսափում էի»,- բացատրում է Արթուր Բադալյանը:

Արթուրը վստահ է՝ իր նկատմամբ ճնշումները մեկ նպատակ են հետապնդել. «Էդ ամենն արել են, որ խելագարվեմ, չկարողանամ ոչ մի բան պատմել, հիշողությունս թուլանա, ասեին` շաշվել ա»:

Այժմ նա հարազատների օգնությամբ փորձում է վերականգնվել, տղան արդեն 2,5 տարեկան է:

Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակն Արթուր Բադալյանին գերության մեջ պահելու և խոշտանգումների ենթարկելու համար որոշել է դատի տալ Ադրբեջանին: Սա իր ձևով առաջին նման հայտն է: Նախատեսվում է մեկամսյա ժամկետում բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 «Շատ բան է փոխվել, ձգտումներս ավելացել են: Ցանկանում եմ աշխատել, որ ընտանիքս դուրս բերեմ ծանր վիճակից, որ ամեն ինչ վերականգնվի»,- երազում է Արթուրը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

www.medialab.am

Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր այցելությունները: Ձեր օժանդակությունը կարող եք բերել նաև` գումար փոխանցելով հետևյալ հաշվի համարի  վրա: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031