Լրահոս
Օրվա լրահոսը

4-ամյա երեխային. «Մանկապարտեզիդ վարձը չես տվել՝ Ձմեռ պապից տոպրակ չես ստանա»

Դեկտեմբեր 30,2011 13:50

Երեկ Aravot.am-ին էր դիմել Վանաձորից մի ծնող՝ Յուլյանա Նալբանդյանը, եւ պատմում էր, թե Վանաձորի թիվ 2 մանկապարտեզում ինչպես են իր 4-ամյա որդուն՝ Արային սթրեսի ենթարկել ու ամանորյա հանդեսից հետո հեկեկալով տուն ուղարկել՝ տոնական կոնֆետներով փաթեթի համար:

Այդ մանկապարտեզում տարեվերջյան հանդեսը եղել է դեկտեմբերի 27-ին: Փոքրիկը՝ Արա Բաղդասարյանն այդ ժամանակ ջրծաղիկով հիվանդ է եղել: Հանդեսին մասնակցելու համար նրան կանչել են մանկապարտեզ: Մոր պատմելով՝ «Երեխան սրտատրոփ սպասում էր Ձմեռ պապի տոպրակին: Կապ չունի, թե մենք ինչ կգնենք իր համար, այդ մի քանի կոնֆետն իր համար ուրիշ արժեք ուներ: Սակայն երբ եկավ իր համար ամենասպասված պահը, բոլոր իր ընկերներին բաժանվեցին ամանորյա նվերները, միայն իմ որդուն չտվեցին, դաստիարակչուհին ասաց, թե՝ մանկապարտեզի վարձը չեք տվել, դրա համար տոպրակ չեք ստանա: Տղաս լացելով նայում էր, թե ինչպես են ընկերները ուրախ-ուրախ տոպրակը ձեռքներին տուն գնում: Ես խանութից նրա համար գնեցի ինչ պետք էր, բայց Ձմեռ պապի տոպրակի տեղը ոչինչ չէր փոխհատուցի: Երեխաս ահավոր սթրես տարավ»:

Մայրը նաեւ պատմում էր, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հակամանկավարժական քայլն է, որ իրենց թույլ են տալիս այդ մանկապարտեզում. «Պարզապես այդ տոպրակի պատմությունը լցրեց մեր համբերության բաժակը, հասավ մեր հոգուն»:

Մենք տոների պատճառով չկարողացանք պարզաբանումներ ստանալ մանկավարժական կրթություն ստացած այդ դաստիարակչուհուց կամ տնօրենից: Սակայն Արայի ծնողները խնդրի հետ կապված դիմել են մարզպետարան, վարչապետին եւ այլ պաշտոնյաների: Հասկանալով հարցի լրջությունը՝ մանկապարտեզի տնօրինությունը կապվել է ծնողների հետ եւ խնդրել հետ վերցնել դիմումները, սակայն վերջիններս որոշել են գնալ մինչեւ վերջ: Մոր խոսքերով՝ «Հարցն այդ նվերը չէ, ինձ պետք չէ դա: Թող մնա նրան, ով աչք էր դրել իմ փոքրիկի փոքրիկ տոպրակին: Բայց նրանք պետք է պատասխան տան տոնական այս օրերին երեխայիս հասցրած հոգեբանական հարվածի համար: Նա այդ օրվանից իր տեղը չի գտնում, անընդհատ հարցնում է՝ մա՛մ, ինչի՞ բոլորին տվեցին, ինձ չտվեցին: Դա մնալու է իր հիշողության մեջ»:

Նշենք, որ Արայի ընտանիքը սոցիալապես անապահով է, վարձով է ապրում եւ դժվարությամբ է վճարում մանկապարտեզի ամսավճարը՝ 5000 դրամը:

Վանաձորի թիվ 2 մանկապարտեզում երեխային մահճակալ չլինելու պատճառաբանությամբ «կանգնած» քնեցնելու ավանդույթին ու այլ խախտումներին կանդրադառնանք առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031