Այսօր՝ դեկտեմբերի 29-ին ժամը 22.50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երեւանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարեւանությամբ անցնող ջրանցքում մարդ է խեղդվում:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկնեին ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու Երեւանի փրկարար ջոկատի փրկարարները, քաղաքացուն ջրանցքից դուրս են բերել ռեստորանային համալիրի աշխատողները: Արդեն ժամանած փրկարարներն ու կառավարման կենտրոնի աշխատակիցները շտապ օգնության ավտոմեքենայով քաղաքացուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վարում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ երբ երիտասարդին դուրս են բերել ջրից, ձեռքերը եղել են կապված վիճակում: Համապատասխանու՞մ է այդ տեղեկությունը իրականությանը, թե ոչ, կպարզի ոստիկանությունը:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ երիտասարդը Երեւանի Սարկավագի 5-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Արշակ Ավետիսյանն է, որն, ըստ տեղեկությունների, զբաղվում է ոսկու գործով: