Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ քաղաքապետարանը կպատասխաներ, Արամի 30-ի սեփականատերը որոշել է 6000 ԱՄՆ դոլարով տարածքը վարձով տալ

Դեկտեմբեր 30,2011 00:52

Դեկտեմբերի 1-ին «Արամի խաչմերուկ» շարժումը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել Արամի 30 հասցեն ներառող տարածքում նախատեսվող շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և ճարտարապետաշինարարական նախագծերի հաստատման հայտերի պատճենները, ճարտարապետական նախագծի մաս կազմող գլխավոր հատակագծերի պատճենները, քաղաքաշինական փորձաքննական եզրակացությունների պատճենները, շենքի քանդման և նոր շենքի կառուցման թույլտվությունների պատճենները:

Հարցման մեջ խնդրով մտահոգվողները նշել էին նաեւ, թե քանի որ օրենքի խախտմամբ, շինհրապարակում նախագծի մասին ցուցանակ տեղադրված չէ, ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի» 13-րդ և 14-րդ հոդվածներով, նույն հարցմամբ խնդրվել էր նաև տրամադրել տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեության հետ կապված հասարակական իրազեկումների և քննարկումների վերաբերյալ տվյալներ, մասնավորապես` ներկայացնել այն փաստաթղթերի պատճենները, որոնք հավաստում են, թե երբ և ինչպես են քաղաքացիներն իրազեկվել իրենց կենսագործունեության միջավայրում նախատեսվող փոփոխության մասին, երբ, որտեղ և ում մասնակցությամբ են իրականացվել քննարկումները:

Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղեկություններ տրամադրելու մասին գրավոր հարցմանը քաղաքապետարանը պետք է պատասխանի հնգօրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա նույն ժամկետում պետք է դրա մասին տեղեկացնի դիմողին: 

Դեկտեմբերի 1-ին ուղարկված հարցմանը քաղաքապետարանը դեկտեմբերի  23-ին վերջապես պատասխանել է: Պատասխանում մասնավորապես նշված է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ շինարարության վարչության պետի` դեկտեմբերի 20-ին գրված տեղեկատվությամբ, Արամի 30 հասցեին հարակից հատվածի կառուցապատման գործունեության հասարակական քննարկումներ եւ իրազեկումն իրականացվել է սահմանված կարգի համաձայն` «Հյուսիսային պողոտայի» ծրագրի, Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի գոտեւորման նախագծերի քննարկման եւ հաստատման գործընթացի շրջանակներում: Ինչ վերաբերում է տվյալ տարածքի կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրմանը, ապա տեղեկացվել է, որ ղեկավարվելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթներով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաթղթերի տրամադրումը կարող է հակասել երրորդ անձի օրինական շահերին, դրանք չեն կարող տրամադրվել»:

«Առանց ոչ ասելու մերժված պատասխան էր սա: Տպավորություն է ստացվում, որ «պատասխանում ենք, որ հետո չասեք, թե չենք պատասխանել»,- Aravot.am-ին նման կարծիք հայտնեց «Արամի խաչմերուկ» շարժման անդամ Արփինե Զարգարյանը:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է այժմ շենքը, նա տեղեկացրեց,, որ այս պահին ոչ մի շինաշխատանք չի կատարվում. «Անգամ շենքի պատին հայտարարություն է փակցրած, թե տարածքը տրվում է վարձով: Հետաքրքրությունից ելնելով զանգահարեցինք, պարզվեց 6000 ԱՄՆ դոլարով տարածքը վարձով է տրվում»:

Ա. Զարգարյանը հավելեց, որ նամակի բովանդակության և հետագա պլանների հետ կապված կազմակերպիչ անդամների միջև քննարկումներ են եղել: Որոշվել է, որ տոներից հետո  «Արամի Խաչմերուկը» ամեն ամիս առնվազն մեկ նախաձեռնություն է կազմակերպելու եւ չեն դադարելու պայքարել շենքի հարատեւ պահպանման համար:

Հավելյալ տեղեկատվության համար` 

Շինարար հայ ազգը դարձել է պատմություն, մշակույթ ոչնչացնող ազգ. Արամի 30-ի ճակատագիրը

Արամի 30-ի ցանկապատը հանվել է, բայց շենքի պահպանումը դեռ վտանգված է

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031