Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2011թ. արդյունքները

Դեկտեմբեր 29,2011 22:23

Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Կարևոր գիտական արդյունքների թվում են ինչպես մեր Գալակտիկայի աստղերի ու միգամածությունների, այնպես էլ այլ գալակտիկաների հետազոտություները, այդ թվում` դրանցում բռնկվող Գերնոր աստղերի վիճակագրությունը: Այսպես, հետազոտելով տարբեր դասերի գալակտիկաներում Գերնորերի բռնկման վիճակագրական տվյալները, հաջողվել է գնահատել նաև մեր Գալակտիկայում աստղային այդ վիթխարի պայթյունների սպասվող քանակը: Հայկական աստղագիտական ընկերության` Aravot.am-ին ուղարկած հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքրքիր արդյունքներ են տվել նաև մեր Գալակտիկայում գտնվող բաբախիչների հետազոտությունները, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել Գալակտիկայի մագնիսական դաշտը:

Շատ են նոր հայտնաբերված տիեզերական օբյեկտերը, որոնց թվում մեծ հետաքրքրություն ներկայացնող Հերբիգ-Հարոյի օբյեկտներ, իրենց սպեկտրում առաքման գծեր ունեցող աստղեր, նոր մոլեկուլային արտահոսքեր, շիթերի և միգամածությունների հետ կապված պայծառ ինֆրակարմիր աստղեր, կարմիր և սպիտակ թզուկ աստղեր: Գալակտիկաների հետազոտությունների արդյունքում ցույց է տրվել, որ ամենահզոր ինֆրակարմիր աղբյուրները բաղադրյալ օբյեկտներն են։ Առաջարկվել են նաև դիտումների արդյունքների մշակման, ինչպես նաև տեսական խնդիրների լուծման նոր եղանակներ: Առաջիններից առանձնանում է ճշգրիտ լուսաչափական տվյալներ ստանալու նոր մեթոդը, որի միջոցով նաև գնահատվել է տարբեր շրջահայությունների և կատալոգների լուսաչափական ճշտությունը: Տեսական խնդիրներից է տարբեր տիպի անհամասեռություններ ունեցող մթնոլորտներում ճառագայթման տեղափոխման կամայական խնդրի դիտարկումը, որի լուծումը տրվում է շատ ավելի պարզ եղանակով, քան հայտնի էր մինչև օրս:

Աստղադիտարանը 2011թ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական սեմինար: Աստղադիտարանին շնորհվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիր` Մարգարյանի շրջահայության և նրա թվայնացման համար: Վերջապես, ռուսական «Պրոեկտ-Տեխնիկա» ձեռնարկության հետ կնքվեց պայմանագիր` այսպես կոչված «տիեզերական աղբի», աստղակերպերի և գիսավորների որոնումների բնագավառում համատեղ աշխատանքներ սկսելու և այդ կապակցությամբ աստղադիտարանում երեք նոր դիտակներ տեղակայելու, իսկ աստղադիտարանի խոշոր դիտակները ժամանակակից լուսաընդունիչներով ապահովելու նպատակով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031