«Ես սիրում եմ իմ անունը, այն գալիս է միջին հայերենից, առաջներում օգտագործվել է որպես ածական` նշանակելով նրբագեղ և բարձրահասակ, իսկ հետո դարձել է անձնանուն», ասում է մեր զրուցակից` մասնագիտությամբ հոգեբան` Սոնա Գրիգորյանը:
Սոնայի հետ զրուցեցինք նախատոնական անցուդարձի մասին, նա ասում է, որ շատ կարեւորում է այս տոները, քանի որ դրանք օգնում են կտրվել ձմեռային առօրյա հոգսերից, երազել լավ ապագայի մասին, հեքիաթային ցանկություններ պատկերացնել, մանկանալ, ցուրտ ու դաժան իրականությունը վերածել հրաշքի սպասման, այն ստեղծում է մարդկանց մոտ կարեւոր դիրքորոշում, որպեսզի նրանք ձմռան ցուրտը փոխարինեն մարդկային ջերմությամբ: Դա միտումնավոր է ստեղծված` ձմռան երկար ու տաղտկալի երեկոներն ավելի գունեղ ու ուրախ դարձնելու նպատակով: Ամանորը նաեւ միավորում է մարդկանց: «Ամանորը համարում եմ ընտանեկան տոն: Եթե անգամ լինում են տարաձայնություններ, ապա ընտանիքի անդամները փորձում են հաշտության եզրեր գտնել: Ինձ դուր է գալիս այդ միավորումը: Կուզեի, որ մարդիկ կարեւորեին հոգևոր առատությունը, ոչ թե սեղանի:
Երբեմն փորձելով անհոգ և երջանիկ ընտանիքի պատրանք ստեղծել, մարդիկ առատության իմիտացիա են անում, որն էլ արտահայտվում է բուդաբլինչիկային մղձավանջով: Ոմանց համար Նոր տարվա սեղանը ինքնահաստատման հերթական հուսահատ ջանքերից է: Ինչպես ճոխ հեռախոս, ճոխ մեքենա, ճոխ հագուստ այնպես էլ ճոխ սեղան, սա այդ նույն տրամաբանական շղթայից է: Մինչդեռ կարելի է գտնել ինքնահաստատվելու այլ ուղիներ: Հոգեբանն ասում է, որ կուզեր հայերս ուղղված լինեինք քրիստոնեական կենսակերպին : «Մենք ունենք ազգային շատ ուտեստներ և կարելի է Ամանորը դիմավորել այդօրինակ սեղանի շուրջ: Ձեւական առատությունը չէ, որ պետք է լինի բարեկեցիկ Նոր տարվա խորհրդանիշ»:
Սոնա Գրիգորյանը կարծում է, որ Ամանորը նշելու սովորույթները կարող են փոխել երիտասարդները` կոտրելով պիտիների շարքը և նշելով Ամանորն այնպես, ինչպես իրենք են ուզում, ոչ այնպես, ինչպես կարծրատիպերն են պահանջում, որպեսզի տոնը տոն լինի, ոչ թե պարտականություն:
Ամանորի պատրաստություններից Սոնան կարեւորում է նվերների ընտրությունը: Ասում է. «Նվերներ ընտրելիս ցանկալի կլինի հաշվի առնել նաեւ մանրուքները, կարևորելով նաև մատուցման ձևը: Եթե մարդիկ սիրում և արժեւորում եմ ձեռքի աշխատանքները, ապա կարելի է այդօրինակ նվերներ պատրաստել, դրանք սիմետրիա չունեն, բայց ունեն բնականություն, նաև պարունակում են պատրաստողի ստեղծագործ էներգիան ու երեւակայության թռիչքը, որն անհամեմատ գնահատելի ու գերադասելի է շատ ու շատ միօրինակ, պարզունակ ու տարածված նվերներից: Նվերը պետք է արտահայտի կամ քո անհատականությունը կամ նվերը ստացողինը: Առավել լավ է, երբ հնարավոր է համադրել այդ երկու պայմանները, որպեսզի նվերը ոչ միայն դուր գա, այլ նաև հիշեցնի այն նվիրողի մասին»:
Լիլիթ Շարբաթյան