Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համերգախառն մարզխորհրդի նիստ` Գյումրու կուսանոցում

Դեկտեմբեր 29,2011 21:00

Այսօր «Տիրամայր Հայաստան» կազմակերպության դահլիճում, որը Գյումրիում հայտնի է որպես քույր Արուսյակի կուսանոց, տեղի ունեցավ տարվա ամենավերջին մարզխորհրդի նիստը:

Այս անգամ միակ զեկուցողը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր, որ փորձեց մանրամասնորեն` ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրենց կատարած ու չկատարած աշխատանքները, ձեռքի հետ էլ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա նախընտրական ծրագրերը գովերգել:

Սակայն նախքան մարզպետի ելույթը, առաջին անգամ հնչեց Շիրակի մարզի հիմնը, որի խոսքերի հեղինակը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «թասիբին» մշտապես կանգնող լրագրողներից մեկն է` «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը: Հիմնին հաջորդեց Արթիկի մանկական երգչախմբի կատարումները:

Ի դեպ, այս խումբը հաղթող է ճանաչվել «Հայաստան» երգչախմբային փառատոնում` տանելով սահմանված բոլոր 4 մրցանակները: Ինչևէ, բավականին երկար տևած կենդանի երաժշտությանը հաջորդեց մարզպետ Գիզիրյանի ոչ պակաս երկար ելույթը:

Մարզպետը, խոսելով ձեռքբերումներից, մի արտասովոր թիվ հրապարակեց` ասաց, որ 60 տոկոսով մարզում արդյունաբերական աճ է գրանցվել: Նա իր ելույթում միաժամանակ նեղսրտեց, որ որոշ մարդիկ անընդհատ շեշտում են, որ Շիրակի մարզն անուշադրության է մատնված: Մարզխորհրդի նիստից հետո, լրագրողները պարոն Գիզիրյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ 60 տոկոս արդյունաբերական աճի  մասին է խոսում, երբ Շիրակի մարզը արդեն կիսադատարկ է, եթե չասենք դատարկ:

«60 տոկոսն իրականությանը համապատասխանում է, և որպեսզի ես մեկնաբանեմ, մեկ ուրիշ անգամ եկեք հանդիպենք, որ ես ձեզ թվերով ցույց տամ»,- առաջարկեց մարզպետը: Չբավարարվելով նրա պատասխանից` Aravot.am-ը նորից հարցրեց` հնարավո՞ր է, որ մարզպետ Գիզիրյանը սխալված լինի` 0,6 տոկոս աճի փոխարեն 60 տոկոս հայտարարած լինի: Մարզպետը լիաթոք ծիծաղեց` ասելով. «Կարծում եմ` նախատոնական կատակ ես անում, չէ՞»:

Լրագրողներից մեկի այն պնդման էլ, թե մի քիչ շատ չեք ասու՞մ, պաշտոնյան դարձյալ կատակով արձագանքեց. «Դե թող շատ լինի, մենք`շիրակցիներս, գլուխգովան ժողովուրդ ենք, գովանք էլի, ի՞նչ է եղել»:

Մենք պարոն Գիզիրյանին նաև հարցրեցինք, թե ումից էր նեղսրտում, երբ իր ելույթում ասում էր, թե որոշ մարդիկ անընդհատ դժգոհում են, որ Շիրակի մարզն անտեսված է: Հնարավո՞ր է  լրատվամիջոցներին ի նկատի ունի: «Ո’չ,  ես ձեր մասին նման կարծիք չունեմ, ես սա չեմ ասում ձեզ սիրաշահելու համար, բայց դուք ինձ շատ եք օգնում, ես բոլոր թերթերը կարդում եմ, կապ չունի այնտեղ քննադատում են ինձ, Շիրակի մարզը, թե հանրապետության նախագահին, դրա համար ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց մարզպետը:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ինչու անօթևաններին, խոստացածին հակառակ, մինչև Ամանոր բնակարանները չբաշխեցին, Աշոտ Գիզիրյանը այսպես պարզաբանեց. «Եթե շինաշխատանքները դեռ ավարտված չեն, տանենք էդ մարդկանց չավարտված շենքերը մտցնե՞նք, մոտ երկու ամսից կշահագործվեն նորակառույցները, մարդիկ իրենց բնակարանները կստանան, այդտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա»:

Մարզպետը նաև խորհուրդ տվեց այսուհետ Շիրակի մարզի մասին խոսելիս` չասել ամենաաղքատ մարզն է. «Ինչքան աղքատ եք ասում, էնքան աղքատանում ենք, չի կարելի, ինչքան վատ ասես, էնքան վատ կլինի, եկեք լավատես լինենք, գիտե՞ք, երբ է վատ լինում, երբ որ ղեկավարը իր տեղում չէ, դա ինձ չի վերաբերում, կներեք, դա վերաբերում է այն համայնքապետերին, որոնք Շիրակի մարզում աշխատում են: Իհարկե, ինչ-որ տեղ ինձ էլ է վերաբերում, ինձ վերաբերում է միայն մի բան, որ կարողանամ համակարգեմ այդ աշխատանքները, այսինքն ինչ-որ չափ չմոռանամ իմ նախկին աշխատանքը (ի նկատի ունի իր ոստիկանապետ լինելը), ամեն մարդու դնեմ իրա տեղը»:

Ի դեպ, մարզպետը գյուղապետերին նաև տեղեկացրեց, որ սա կուսանոցում կազմակերպված ամենավերջին մարզխորհրդի նիստն է, այսուհետ իրենք նիստերր կանցկացնեն մարզպետարանի դահլիճում: Նշենք, որ մարզպետարանի շենքն արդեն վերանորոգվել է և շուտով կբացվի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031