Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հավատում եմ` Ամանորի գիշերը Ձմեռ պապիկը բարձիս տակ խելոք աղջկա նկար է դնելու, իմ միակի…..». Նարեկ Մակարյան

Դեկտեմբեր 29,2011 19:35


 

 

Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» ժամադրվել էր երգիչ Նարեկ Մակարյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռադիոտանը: Երիտասարդ կատարողը համբերատար ու իրեն հատուկ հումորով պատասխանեց մեր բոլոր հարցերին:

 

 

-Նարեկ, ինչպե՞ս ստացվեց, որ ճարտարապետի և ռուսաց լեցվի դասախոսի որդին որոշեց զբաղվել երաժշտությամբ:

-Ասեմ, որ սկզբում ինձ համար  առաջնային տեղ էր զբաղեցում սպորտը, մեծ թենիսը: Փոքր տարիքում մի քիչ  չաղլիկ երեխա էի (ծիծաղում է. հեղ), և ծնողներս որոշեցին տանել սպորտի, որ մարզվեմ: Արդեն նպատակ ունեի թենիսիստ դառնալ. սեթերի ժամանակ հաղթում էի անգամ մարզիչիս: Բայց քանի որ հորեղբայրս`Էրիկ Մակարյանը  հայտնի երգիչ էր, ես որոշեցի նրան նմանվել: Պիտի նշեմ, որ ինձ գրավում էր ոչ թե երգչի կարիերան, այլ այն, որ երբ նա երգում է, ուշադրության կենտրոնում է, և բոլորը ծափահարում են իրեն:

-Առաջին լուրջ ելույթը:

-Կոնսերվատորիա ընդունվելուց հետո առաջարկեցին մասնակցել Բաբաջանյանի մրցույթին: Մեծ սիրով համաձայնեցի: Շատ էի հուզվում: Ինձ զգուշացրել էին` երգից հետո հեռանալ բեմից, բայց մոռացել  էի, չգիտեի` ինչ եմ անում, ուղակի չէի կարողանում հեռանալ, բացարձակապես չէի լսում հաղորդավարներին, քչերը նկատած կլինեն, բայց դողում էի այդ ժամանակ: Անգամ երբ մասնակիցները շնորհավորում էին, ես դարձյալ չէի  հասկանում`ինչ է կատարվում:

Հետագայում մասնակցեցի մի շարք այլ մրցույթների, այդ թվում «Կարոտ» միջազգային  փառատոնին, ուր Ժերար դը Պարդյեն ինձ հատուկ մրցանակ շնորհեց:

-Բեմում ելութին մնացել է 5 րոպե: Ինչո՞վ է զբաղված Նարեկ Մակարյանը:

Աղոթում եմ:

Ամենահամարձակ արարքը բեմի վրա:

-«Славянский базар» մրցույթի ժամանակ մայրիկիս ասացի, որ ցանկանում եմ`ելույթիս ժամանակ, երբ ինձ ներկայացնեն, մեր դրոշն ինձ հետ բեմ բարձրացնել`ուսերիս գցած: Հետաքրքիր էր, որ այն պահել էի մայրիկիս մոտ, սեւ տոպրակի մեջ, որ մյուսներն օրինակ չվերցնեն: Անընդհատ հարցնում էին, թե ինչ է պայուսակի մեջ, մայրս էլ պատասխանում էր «Мои туфли концертние» (ծիծաղում է. հեղ)…:

Դա շատ անսպասելի էր. մասնակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր անցել: Դրոշը բարձր բռնած դուրս եկա: Շատ գեղեցիկ ծածանվում էր քամուց….:

-Ամենազավեշտալի դեպքը:

– Նույն` «Славянский базар»-ի ընթացքում իմ հանդես գալու համարը սև կատվի վզից կախված փոքրիկ պարկի մեջ էր: Ես  չգիտեի,  որ Բելոռուսում սեւ կատուն, ի տարբերություն մեր երկրի, փողի, հարստության խորհուրդ ունի: Եվ այդ ժամանակ, ահա, ինձ նվիրում են այդ փոքրիկ խաղալիքը: Ես սնահավատ չեմ, բայց այդ պահին մտածեցի`«էս ի՞նչ ա»: Այդ կատուն պետք է տանեինք մեզ հետ`որպես հուշանվեր: Ես, իբրև թե մոռացել եմ, շատ հանգիստ մի կողմ դրեցի, թիվը  վերցրի ու գնում եմ: Հաղորդավարը հուշում է`Նարեկ ջան, խնդրում եմ, վերցրեք ձեր կատուն, ես էլ չլսելու եմ տալիս ու շարունակում եմ քայլել. ի վերջո, սև կատու`համերգից առաջ`ինձ համար շատ լուրջ էր (ծիծաղում է. հեղ): Հետո, իհարկե, իրենք տվեցին, էլ տարբերակ չկար հրաժարվելու, ստիպված դա ինձ մնաց, ու հիմա էլ տանը դրված է:

Բայց պիտի ասեմ, շատ հետաքրքիր նվեր էր, ու  ինձ հետ էլ ոչ մի վատ բան չպատահեց:

– Քո երազանքներից մեկն այն էր, որ մեծ բեմում ներկայացնեիր Առնո Բաբաջանյանի երգերը: Այն համարո՞ւմ ես իրականացած:

-Այո’: Ես միշտ նշել եմ, որ ցանկանում եմ մարդիկ ճանաչեն մեծ կոմպոզիտորի երգերը և  դա կատարեցի: Իսկ մրցույթներից մեկի ժամանակ ժյուրիի անդամ  ռուս կոմպոզիտոր Օլեգ Իվանովը մոտեցավ և ասաց. «Դու այնքան հոգով երգեցիր, որ ես, հայերեն ոչ մի բառ չհասկանալով, ուղղակի արտասվեցի»:

Ինձ համար կարեւորն է և այն, որ այդ երգերը սիրվել են նաև  հանդիսատեսի կողմից:

-Պատրաստվում ես թողարկել առաջին ալբոմը: Կպատմես դրա՞ մասին:

– Ալբոմում ընդգրկվելու են տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, Առնո Բաբաջանյանի երգերից`նոր մշակմամբ, այդ թվում`«Судьба» («Ճակատագիր»)  երգը, որ ես առաջին անգամ ներկայացրի հայերեն տարբերակով:

Լինելու են նաև իմ ստեղծագործությունները, որոնց և՛ տեքստի, և՛ երաժշտության հեղինակը ես եմ:

-Ի՞նչ են պատմում երգերը Նարեկ Մակարյանի մասին:

-Նախ ասեմ, որ ես չեմ կարող լավ կատարել մի երգ, որի մեջ ես ինձ չեմ տեսնում, եթե երգի մեջ չեմ նկատում ինձ հարազատ տողեր կամ երաժշտություն: Իսկ իմ գրած երգերը մեծ կապ ունեն իմ կյանքի հետ, պատմում են իմ անցյալի, ներկայի ու իմ ապրումների մասին: Այդ ամենը, անշուշտ,  հանդիսատեսը կտեսնի ու կզգա  ալբոմի մեջ:

-Ինչպե՞ս կբնութագրես ինքդ քեզ:

-Հասարակ, հումորով, լի դրական էներգիայով:  Իսկ ըստ ընկերներիս`լույս`հուսահատության պահին:

-Ամենադժվարը, որ ինքդ դեռ չես հաղթահարել:

-Երևի ընկերուհի ունենալը: (Ծիծաղում է Մ.Ա)

Իմ բախտը չի բերում սիրահարվելու հարցում, քանի որ ես դեռ չեմ գտել այն միակին, ում կարող եմ կողքիս տեսնել: Իմ մեջ կա աղջկա իդեալ ասվածը, կերպար`ոչ տեսքի առումով, այլ` մտածելակերպի, ամենակարեւորը` ինձ հասկացող: Ցավոք, նրան դեռ չեմ հանդիպել: Կարծում եմ` լավ է ուշ, բայց հանդիպեմ իմ միակին:

-Մյուս տարի հանդիսատեսը կունենա քո տեսահոլովակը և առաջին ձայնասկավառակը, իսկ  դու ի՞նչ ես ակնկալում ստանալ Ձմեռ պապիկից և արդյո՞ք հավատում ես Նոր Տարվա հեքիաթին:

-Հավատում եմ ու մի քանի նվեր եմ ուզում. (ծիծաղում է. հեղ) ստեղծագործական հաջողություններ և ուղեգիր`մյուս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար:

Ու նաեւ հավատում եմ, որ Ամանորի գիշերը Ձմեռ պապիկը բարձիս տակ  աղջկա նկար է դնելու, իմ միակին…..

 

Մարիամ Ավետիսյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031