Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավագանու ՀՀԿ-ական անդամի ձերբակալումը քաղաքակա՞ն պատճառ ունի

Դեկտեմբեր 29,2011 18:58

Տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 27-ին Իջեւանում ձերբակալվել էին եղբայրներ Հովիկ, Շեկո Խեչյանները եւ նրանց հորեղբոր որդի Վարդանը: Խեչյանները ձերբակալվել են այս տարվա հուլիսին Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում, կերուխումի ժամանակ քեֆի մասնակիցներից մեկը մատուցողուհու նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել, որի պատճառով իջեւանցիների եւ դիլիջանցիների միջեւ վեճ, ծեծկռտուք էր ծագել: Դրանից հետո դիլիջանցիներն «օժանդակ ուժերով», բազմաթիվ ավտոմեքենաներով ժամանել էին Իջեւան, կրակոցներ արձակել, որին ի պատասխան՝ Իջեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի մեկից նրանց ուղղությամբ որսորդական հրացանից կրակոց էր արձակվել: Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով քրեական գործ է հարուցված՝ «Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Պատիժը՝ մինչեւ 7 տարի ազատազրկում:

Նշված դեպքերի ակտիվ մասնակից, ատրճանակից բազմաթիվ կրակոցներ արձակած դիլիջանցի «հեղինակություն» Նավասարդ Աբգարյանն այժմ հետախուզման մեջ է: Մեր տվյալով` քննչական գլխավոր վարչությունը, գլխավոր դատախազությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը սույն գործով քննություն են կատարել, սակայն չեն հասել շոշափելի արդյունքների:

Հովիկ Խեչյանը Հանրապետական կուսակցության անդամ է, Իջեւանում գործող ավտոմեքենաների գազալցավորման կայանի հերթափոխի պետն է: Գազալցակայանի տերերից մեկն էլ Տավուշի մարզպետն է:

Իջեւանի մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Խեչյանների ձերբակալումը կապ ունի նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում քաղաքը 12 տարի անկուսակցական ղեկավարած, այժմ` հանրապետական Վարուժան Ներսիսյանի պարտության եւ 2012 թվականի մայիսին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրության հետ: Խեչյաններն Իջեւանում շատ ձայներ կարող են ապահովել, սակայն ՀՀԿ-ում կասկածներ կան, որ նրանք չեն աշխատել Վարուժան Ներսիսյանի համար:

Մեր աղբյուրները պնդում են, որ մարզային իշխանությունները դաս առնելով նոյեմբերի 13-ի ընտրության արդյունքներից`փորձում են իրենց ապահովագրել խորհրդարանական ընտրությունների ընթացքում Իջեւանում ՀՀԿ-ի հնարավոր ձախողումից: Եթե Խեչյանները եկող տարի մայիսի ՀՀ ԱԺ ընտրությունում լավ աշխատելու խոստում տան` Հովիկի առանձնապես խիստ պատիժ չի ստանա:

Պատահական չէ, որ «Արտեմիսի» դեպքից հետո 5 ամիս ազատության մեջ գտնվող Խեչյանները Ամանորի շեմին կալանավորվել են, իսկ դեպքերում հիմնական դեր ունեցած Նավասարդ Աբգարյանը դեռ ազատության մեջ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031