Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ն Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել

Դեկտեմբեր 29,2011 18:21

Բրիտանական BBC-ն իր կայքում Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս, այն վերնագրված է “Հարց ու Պատասխան. Հայոց ցեղասպանության վեճը” (Q&A: Armenian genocide dispute):

Հարց ու պատասխանն ունի մի քանի ենթավերնագրեր`Ի՞նչ է կատարվել, ի՞նչ է ցեղասպանությունը, արդյո՞ք հայերի սպանությունները շարունակական են եղել, ինչպիսի՞ քաղաքական ենթատեքստ են ունեցել, որեւէ մեկը պատասխանատվություն կրե՞լ է եւ այլ:

«Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում հայերի սպանությունները շարունակում են մնալ խիստ զգացական հարց: Թուրքիան շարունակում է պայքարել 1915-16 թթ. կոտորածները  ցեղասպանություն ճանաչելու հայտարարությունների դեմ, իսկ պատմաբանները շարունակում են վիճել այդ պատմական իրադարձությունների շուրջ, քանի որ կան մի շարք հրապարակումներ, որտեղ նկարագրված են  հայերի դեմ թուրքական վայրագությունները»,- գրված է հարց ու պատասխանի մեջ:

Դրանում նշվում է, որ հայկական զոհերի ընդհանուր քանակը վիճելի է: «Հայերը նշում են 1.5 միլիոն մարդ, մինչդեռ թուրքերը` 300 հազ. մարդ:  Ցեղասպանությունների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (ՑՈՒՄԱ) տվյալների համաձայն`զոհվել են միլիոնից ավելի մարդիկ: 

 2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ուղղված նամակում ՑՈՒՄԱ-ն գրել է. «Ուզում ենք նշել, որ ոչ միայն հայերն են պնդում Հայոց ցեղասպանության մասին, այլ նաեւ ցեղասպանություններն ուսումնասիրող գիտնականների մեծամասնությունը: Հարց է ծագում սպանությունների կանխամտածված լինելու առնչությամբ: Շատ գիտնականներ, ինչպես նաեւ հայ ժողովուրդը եւ ՀՀ կառավարությունը պնդում են, որ այդպես է եղել: 1943թ. «ցեղասպանություն» եզրույթը կիրառության մեջ մտցրած իրավաբան Ռաֆայել Լեմկինը նշել է, որ դրանք վայրագություններ են եղել` ուղղված հայերի դեմ: Իսկ Թուրքիայի պաշտոնական անձինք ընդունում են, որ վայրագություններ եղել են, սակայն միաժամանակ պնդում, որ դրանք չեն եղել քրիստոնյա հայերին ոչնչացնելու պարբերական փորձեր: Թուրքիան ասում է, որ պատերազմի ընթացքում շատ թուրք անմեղ զինվորներ եւս ոչնչացվել են», – նշում է հոդվածի հեղինակը:

Անդրադարձ է կատարվում այն երկրներին, որոնք տարբեր եզրույթներ են օգտագործում ոճրագործությունը նկարագրելու համար (ԱՄՆ. Մեծ Բրիտանիա, Իսրայել): Նյութում տեղ է գտել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2011թ. դեկտեմբերին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը եւ թուրքական կառավարության վրդովմունքը:

 «2010 թ. մարտին, երբ  ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ցեղասպանության մասին  բանաձեւի ընդունման եզրին էր, Թուրքիան ետ կանչեց  դեսպանին Վաշինգտոնից : Չնայած Սպիտակ տան առարկություններին` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Բարաք Օբամայի վարչակազմը խնդրի լուծման կոչ էր արել, որպեսզի «ազդեցության չենթարկվի» ողջ Կոնգրեսի կողմից:

 Թուրքիայում այս հարցի շուրջ հանրային քննարկումները ճնշվում են: Քրեական օրենսգրքի 301 հոդվածը`«Թուրքականությունը վիրավորելու» վերաբերյալ կիրառվել է հայերի զանգվածային բնաջնջումները լուսաբանել փորձող գրողների նկատմամբ: Նրանց թվում էին Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամբուկը և Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007 թ»,- գրում է հոդվածի հեղինակը:

Հոդվածի վերջում ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը` հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացի սառեցումից հետո, ինչի պատճառ է դիտարկվում  Լեռնային Ղարաբաղի «փոխադարձ կասկածամտության» գործոնը :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031