Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես ջղայնացա տարվա վերջին չորեքշաբթի օրը

Դեկտեմբեր 29,2011 15:10

Տարվա վերջի չորեքշաբթին չհասցրի ամփոփել, քանի որ  վազքը սովորականից ավելի երկար էր: Եվ ԱԺ-ում լրագրողների համար կազմակերպված ընդունելություն եւ   աշխատանք  <Առավոտում>-ում, եւ  ընկերների հետ  հանդիպումներ եւ ընտանիք,  եւ խոզի բուդ , նարինջ ու բլինչիկ…, մի խոսքով`  նույն սխտորահոտը` համեմված ձեւականություններով:Իսկ տարվա  վերջին չորեքշաբթին ինձ չսպասեց, կամաց-կամաց հեռացավ, գնաց եւ  արդեն 1 ժամ 18 րոպե իր  լիազորություններն է փորձում հաստատել տարվա վերջին հինգշաբթին: Ընկերներիցս մեկը    երեկ նկատեց` <Էս Ավագ շաբաթվա պես բան ես սարքո?ւմ>:Իրականում  ոչինչ էլ չեմ սարքում, պարզապես   նոթ է էլի, գրում ենք, ինչպես կասեր իմ սիրելի Մեսրոպ Հարությունյանը, կամ` սրա նման մի բան կասեր:

Իսկ տարվա վերջին չորեքշաբթին ինձ համար  բացվեց   մի տեսակ ջղային, թեպետ, չգիտեմ, ունե?մ  այդ ջղայնանալու պատճառը կամ  առիթը: Երեւի ունեմ,  առավոտ էր կարծեմ, երբ լսեցի, որ գրականության ոլորտում ինչ-որ մարդկանց մրցանակներ են հանձնել արձակի, պոեզիայի , դրամատուրգիայի եւ էլի  ինչ-որ ոլորտներում: Չգիտեմ եւ երբեք էլ   հետեւողական չեմ եղել պարզելու, թե ովքեր են  այս կամ այն մրցանակը տալիս, ի?նչ սկզբունքներ են գործում ինչու հենց այս եւ ոչ այն հեղինակը: Անցնող տարվա  ամենամեծ  բացահայտումներից եմ   համարում  դեռեւս 60-ականներից անհետացած  իմ հորեղբոր` 60-ակաների համար բավականին հայտնի, բայց ոչ մի  անգամ չտպագրված բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի <ՏԻԵԶԵՐԱԿԱՆ> գրքի տպագրությունը: Հաստատ եմ ասում, Ռաֆիկը ոչ մի մրցանակ էլ  շան տեղ չէր դնի, ինքը էնքան  ինքնաբավ էր ու էնքան տաղանդավոր, որ   ոչ մեկին արժանի չէր անի իրեն մրցանակ տալու պատիվը: Մոտ կես դար կորած եւ գտնված Ռաֆիկի պոեզիան իրոք աննախադեպ է եւ   գիր ու գրականությունից   հասկացողների  պնդմամբ, եթե Ռաֆիկը լիներ, նրա  պոեզիայի շնորհիվ   ժամանակակից  հայ պոեզիան կհասներ   բոլորովին այլ  բարձրունքներ: Միամտաբար  մտածում էի, որ ինչ-որ մեկը  տարվա այս ամփոփումների շրջանում կհիշի Ռաֆիկին եւ նրա տիեզերական պոեզիան եւ կգնահատի այն որպես բացառիկ եւ իր բանաստեղծական  արժեքով եւ որպես ֆանտաստիկ գտածո: Բայց` հերթական անգամ սխալվեցի, անգամ Ռաֆիկի ընկերները որոնցից շատերն այսօր  գրականության մարդիկ են, չհիշեցին, որ իրենց  շատ  բաներ սովորեցրած, իրենց գիրք կարդալ եւ  գիրքը  ընկալել սովորեցրած ընկերոջ պոեզիան  այսօր արդեն կա, իրական է, շոշափելի եւ արժեր այդ պոեզիան  վերարժեւորել:

Չգիտեմ ինչու եմ էս բաները գրում եւ չգիտեմ ում համար, արժե?ն որ, եւ, ընդհանրապես, արժե որ սա գրեմ: Բայց մեջս մի ջղային բան կար տարվա վերջին այս չորեքշաբթի, որն արդեն անցնում է; Ռաֆիկը ինձ հաստատ կընդհատեր եւ կասեր` մի ասա, դրանք ով են , որ:Իմ պոեզիան Հոմերին  է հասել եւ մնացել Հոմերի կողքին, դու սրանց էդ բաները մի ասա, դու կարդա իմ պոեզիան եւ քո Գործն  արա:

Հ.Գ. Որպես լրագրողական հետաքննություն, գիրքը ժամանակին գնահատվել է ԵՄԱ-ի կողմից եւ  մրցանակ ստացել, սակայն այս դեպքում  խոսքը ոչ թե իմ կազմած եւ խմբագրած գրքի, այլ` Ռաֆիկ Բազիկյանի պոեզիայի մասին է:

Հինգշաբթին

Տարվա վերջին հինգշաբթին արդեն  եկել է, եկել է գիշերով: Ինչ-որ մարդիկ գնացել էին ծերանոց եւ իրենց զավակների հետ ապրելու երջանկությունից զրկված  տարեցներին նվերներ էին տարել: Տեսնես ով որտեղ եւ ում հետ է ծերանալու: Տարվա վերջին այս հինգշաբթին  կարծես հուշում է` ծնողների հետ կապված ոչ մի հարց մի հետաձգեք, ոչինչ ավելի կարեւոր մի համարեք քան ծնողներին այցելելը, նրանց  կողքին  նստելը, նրանց լսելը, նրանց  բարի խոսք ասել:Արեք էդ բանեը քանի դեռ դա հնարավոր է: Հետո  դաժան է , հետո դաժանաբար ուշ է լինում:

Հինգշաբթին մի տեսակ միջին բան ունի իր մեջ, մեջտեղում է  եւ երեւի չի մրսում: Իսկ ես ամբողջ օրը մրսեցի, վերջին շրջանում շատ եմ մրսում,մտքերս  սառած են, գիտեմ ինչու է այդպես, իրականում  լավ էլ գիտեմ, բայց  բառերով ասելու բան չէ: Այն ամենը ինչ վերաբերում է  ծնողներին, քննարկման թեմա չէ, ծնողների համար  առաջին հերթին եւ առանց  հետաձգելու. <հետո> չկա, <հետո>-ն շատ վատ բան է:

Տարվա  վերջին այս հինգշաբթին  թող կոչվի ծնողներին  հիշելու, ծնողների կողքին լինելու, ծնողներին չմերժելու, ծնողներին չկորցնելու , ծնողներին  երկրպագելու , մի խոսքով` ծնողական օր:

Տարվա վերջին հինգշաբթի օրը  վարսավիրանոցում լսեցի, իմ տարիքի  մի կնոջ հեռախոսազրույցը.<Հա, մամ ջան, բարեւ, մամ ջան, գիտեմ, մամ ջան, ասա, մամ ջան, դե լավ, մամ ջան, կզանգեմ մամ ջան>…:

Իմ հեռախոսով այս խոսակցությունն արդեն 8 ամիս  անհնարին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031