Կառավարության 627 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով այսօր բնապահպանները, քաջարանցիները ու ԱԺ պատգամավորները կառավարության շենքի առջեւից հասան մինչեւ նախագահական նստավայր:
Ակտիվիստներն իրենց ցույցը սկսկեցին նախ կառավարության շենքի մոտ` պահանջելով ու վանկարկելով` «Հեռու Քաջարանից, չփորձեք մեզ խառնել քոչվոր ցեղերի հետ»:
Իրենց բողոքը շարունակեցին նախագահական նստավայրի մոտ:
«Մեր պահանջը միայն կառավարության որոշումը չեղյալ հայտարարելը չէ, կառավարությունը պետք է հանձնարարի բնապահպանական կառավարման նոր պլան մշակել եւ շտկել ներկայիս աղետալի իրավիճակը, որովհետեւ միայն հանք բացելու խնդիրը չէ, Քաջարանն աղետի գոտի է դարձել: Մենք պահանջում ենք համակարգային փոփոխություններ բնապահպանության ոլորտում»,- ասաց բնապահպանական փորձագետ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը:
Նախագահի նստավայրի մոտ ցուցարարներին դիմավորեց Նախագահի վերահսկողական ծառայության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների բողոքների բաժնի պետի տեղակալ Ներսես Մինասյանը` մի քանի հոգու հրավիրելով ներս: Թե ինչ տեղի ունեցավ ներսում կներկայացնենք առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»