Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող մի երիտասարդի։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ երիտասարդը 24-ամյա Երևանի բնակիչ Հրանտ Ալոյանն է, որը մեղադրվում է ՀՀ քրօր–ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
Այս տարվա հոկտեմբերի 3-ին ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտ կայանված է «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ԼՍ 900 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կա տղամարդու դիակ։
Պարզվել էր, որ մահացածը Այնթափ գյուղի բնակիչ 37-ամյա Հայկ Հովակիմյանն էր, որը Երևան–Արտաշատ ավտոճանապարհի վրա գործող «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն էր։ Ոստիկանությունը պարզել էր, որ մինչ նրան սպանելը՝ Աբովյան քաղաքում Ճարտարագիտական քոլեջի մոտակայքում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա և Հրանտ Ալոյանի միջև, որի ժամանակ Հ. Ալոյանը բռունցքով հարվածել էր Հ. Հովակիմյանի դեմքին՝ պատճառելով մահ։ Այնուհետև Հովակիմյանին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով նրա դին տեղափոխել էր հիվանդանոց, թողնելով բակում՝ հեռացել։
Կարդացեք նաև
Վիճաբանության դրդապատճառը եղել է գիշերային ակումբի պարուհին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի բաժնի ոստիկանները Հ. Ալոյանին հայտնաբերել են Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մերձակայքում գործող «Էլլա» գիշերային ակումբից։ Նրա հետ է եղել նաև այն աղջիկը, որի համար տեղի էր ունեցել ծեծկռտուքը, որն ավարտվել էր մահվամբ։
Հ. Ալոյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ