Այս տարի՝ առաջին անգամ Հայաստանում, Նոր տարին մուտք կգործի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին եւ դիմավորման պահը ուղիղ կհեռարձակի «Եվրոնյուզը»:
«Առավոտը» պարզեց, որ նախաձեռնության հեղինակը ռեժիսոր Լեւոն Իվանյանն է: Վերջինս ընդամենը հաստատելով վերը շարադրվածը, միայն փոխանցեց. «Համեցեք Հյուսիսային պողոտա՝ միասին դիմավորելու Նոր տարին: Երբ ավարտվում է հին տարին եւ նոր տարին մտնում է Երկիր մոլորակ, աշխարհը դեռ չի դիմավորում տարեմուտը, քանի որ 180 աստիճան միջօրեականը, ինչից սկսվում է օրվա փոփոխության հաշվարկը, ամբողջությամբ գտնվում է Խաղաղ օվկիանոսում, իսկ այդ ժամը Երկիր մոլորակի 00:00 ժամն է: Յուրաքանչյուր պետություն նոր տարին դիմավորում է իր երկրի 00:00 ժամով: Փաստորեն, մոլորակի «բոլոր մարդիկ» դեռեւս չեն նշել իրական Նոր տարվա գալուստը: Վերջինիս գալուց միայն 3 ժամ անց է Ճապոնիան դիմավորում տարվա սկիզբը եւ աշխարհում ընդունված է ասել, որ մոլորակի նոր տարին դիմավորում է «Ծագող Արեւի» երկիրը, մինչդեռ իրականում այդպես չէ: Երեք ժամ շարունակ նոր տարին ամբողջովին գտնվում է Խաղաղ օվկիանոսում, որտեղ մի քանի կղզիներ են (Տոնգա, Ֆիջի, Տուվալու, Նոր Զելանդիա եւ այլն) դիմավորում իրենց պետության Ամանորը եւ ոչ թե Երկիր մոլորակինը: Նոր տարին Երկիր մոլորակ մտնելու ժամը Երեւանում համապատասխանում է տեղական ժամանակով ժամը 15-ին, իսկ Հայաստան է հասնում 9 ժամ անց, դարձյալ տեղական ժամանակով՝ ժամը 24.00-ին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ