Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թանգարանային մարկետինգի փորձ՝ «Էրեբունիում»

Դեկտեմբեր 29,2011 13:05

Հարցազրույց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ:

– Պարոն Գյուրջյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող աշխատանքային տարին:

– Տարին «Էրեբունի» արգելոց-թանգարանի համար իրապես աշխատանքային էր: Բավական է նշել միայն միջազգային 4 նախաձեռնությունների՝ ապրիլի 18-ի՝ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան, մեկ ամիս անց՝ մայիսի 14-ի՝ Թանգարանների եվրոպական գիշերվան, մայիսի 18-ի՝ Թանգարանների միջազգային օրվան, իսկ հոկտեմբերի 1-2-ին՝ Եվրոպական ժառանգության օրերին, ինչպես նաեւ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին թանգարանի մասնակցությունը՝ հատուկ միջոցառումներով եւ ցուցահանդեսներով: Դատելով մեր այցելուների արձագանքից, կարծում եմ, որ մեր աշխատակազմը կարողացել է նշված միջոցառումների համատեքստին առնչվող հիշարժան տպավորություններ ապահովել մշակութասեր հանրության եւ հատկապես երիտասարդների համար:

– Հետաքրքիր էին նաեւ 2011-ին Ձեր կողմից կյանքի կոչված «Պատանի հնագետ» դպրոցի ստեղծման աշխատանքները: Խնդրում եմ մանրամասնեք, ինչպե՞ս հղացաք այս գաղափարը:

– Այս դպրոցի ստեղծումը եւս 2011-ի աշխատանքային ծրագրի շրջանակում էր: Գաղտնիք չէ, որ թանգարանները հիմնականում իրականացնում են հանրությանը մատուցվող բազմազան ծառայություններ՝ ինչն այսօր մեկ բառով անվանվում է «թանգարանային մարկետինգ»: Թանգարանի պարագայում մարկետինգը ոչ այլ ինչ է՝ քան թանգարանի եւ այցելուի միջեւ փոխհարաբերությունների կառավարում: Վերջին տարիներին թանգարանները ավելի ու ավելի բաց են դարձել հասարակության համար, եւ թանգարանների միջեւ հետզհետե ձեւավորվում է մրցակցություն, որին դիմակայելու լավագույն միջոց կարող են դառնալ առաջարկվող ծառայությունները, այնպիսի ծառայությունը, որը թույլ կտա քո թանգարանը տարբերել մյուսից: Ուստի մենք որդեգրեցինք թանգարանի եւ այցելուի կարիքները միավորելու քաղաքականություն՝ պահպանելով հարգանքը մեր թանգարանի պրոֆիլի նկատմամբ: Բնականաբար մենք եւս հաստատում ենք, որ ցանկացած թանգարանի հիմնական արտադրանքը ցուցահանդեսն է, սակայն 2011 թվականին փորձեցինք այդ հիմնական արտադրանքին պատվաստել այնպիսի «երկրորդային» արտադրանք՝ ինչպիսին կրթական ծառայությունն է: Գաղտնիք չէ, որ կրթությունն այսօր թանգարանների լինելության հիմնական պայմաններից է: Իսկ ո՞ւմ պետք է հասցեագրվի հնագիտական թանգարանի կողմից առաջարկվող կրթական ծրագիրը՝ եթե ոչ ապագա հնագետներին: Այսպես հղացավ «Պատանի հնագետ» դպրոցի կազմակերպման գաղափարը:

– Վստա՞հ եք, որ դպրոցը կհետաքրքրի երիտասարդներին եւ կհավքվե՞ն անհրաժեշտ թվով դիմորդներ:

– Այստեղ մենք անգամ խնդիր չունեինք ուսումնասիրել առաջարկն ու պահանջարկը, որովհետեւ մեր դպրոցահասակ եւ ուսանող այցելուներին, ովքեր հաճախելիության ընդհանուր թվի մեջ բավականին բազմաքանակ են, ամենից շատ հետաքրքրում են հենց պեղումները: Դեռ 2010թ., երբ արգելոց-թանգարանն իրականացրեց փորձնական «Ժառանգության դասեր» Էրեբունի վարչական համայնքի դպրոցների, ինչպես նաեւ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի հետ, մենք ականատես եղանք, թե որքան մեծ է 12-16 տարեկանների մոտ հետաքրքրությունը դեպի հնագիտական պեղումները եւ որքան մեծ է պեղումների մասնակից լինելու նրանց ձգտումը: Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաեւ ուսումնասիրելով հնագիտական ժառանգության նկատմամբ վաղ տարիքից մոտեցում ձեւավորելու եվրոպական առաջադեմ փորձը, ծնվեց արգելոց-թանգարանին հարակից տարածքում ուսումնական պեղավայր կազմակերպելու եւ «Պատանի հնագետ» դպրոցի գաղափարը: Երիտասարդներին, դպրոցականներին հասցեագրված հնագիտության դասընթացներ եւ հնագետի դպրոցներ վաղուց արդեն գործում են եվրոպական շատ երկրներում: Ավելին. կան նույնիսկ ամենափոքրերի համար նախատեսված պարզ դասեր՝ սկսած 6 տարեկանից, եւ առարկան կրում է «Հանդիպում նախամարդու հետ» անվանումը: Այս առումով հատկապես ուշագրավ է ֆրանսիական փորձը. Ֆրանսիայի գրեթե բոլոր իրենց նախաստեղծ վիճակով պահպանվող հնավայրերում գործում են այդպիսի կրթական ծրագրեր՝ սովորեցնելով ճանաչել քարի տեսակները, մարդու կողմից օգտագործված աշխատանքի գործիքները, աշխատել կավի, փայտի, քարի, խճանկարի հետ եւ այլն: Կուզենայի շեշտել, որ կրթական ծրագրերի միջոցով հնագիտական ժառանգության ճանաչումը նաեւ միջազգային պարտավորություն է այն երկրների համար, որոնք միացել են Եվրոպայի խորհրդի «Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին» Վալետտայի կոնվենցիային: Այդ Կոնվենցիան գործում է 1992թ., իսկ Հայաստանն այն վավերացրել է 2004-ին:

Նախագծի նպատակն է կարեւորել երիտասարդ սերնդի դերը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում եւ խրախուսել հնագետի մասնագիտության ու հնագիտական պեղումների մասին նախնական գիտելիքների տարածումը միջին ու բարձր դպրոցահասակ եւ ուսանող երիտասարդության շրջանում: Նախատեսում ենք, որ «Պատանի հնագետ» դպրոցը կգործի 2012թ. մայիսից: Մինչ այդ թանգարանի համապատասխան աշխատակազմը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ինչպես նաեւ Երեւանի պետհամալսարանի հնագիտության ամբիոնի դասախոսների հետ սերտ համագործակցությամբ կփորձենք մշակել 14-18 տարեկանների համար նախատեսված պարզեցված դասընթաց, որին ծանոթանալուց հետո մասնակիցները գործնական պեղումներ կիրականացնեն ուսումնական պեղավայրում: Դպրոցը կգործի յուրաքանչյուր տարվա ապրիլ-հունիս, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Դասընթացի ունկնդրումը կիրականացվի մեկամսյա փուլով, 10-12 հոգանոց խմբերով՝ շաբաթական 2 դաս՝ 1 ժամ տեւողությամբ: Պեղումների գործաշրջանը յուրաքանչյուր խմբի համար կսահմանվի 5 օր:

– Ձեր բարեմաղթանքը Հայաստանի թանգարաններին եւ թանգարանային գործի նվիրյալներին:

– Թող տարին լինի բերրի եւ բարի, պատվով, արժանի գործերով նշանավորենք 2012-ին նախանշվող կարեւոր մշակութային իրադարձությունները՝ Հայ գրատպության 500-ամյակը, Երեւանի՝ Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք հռչակումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային եւ բնության ժառանգության կոնվենցիայի 40-ամյակը, որի շրջանակում նախատեսվում են հատուկ նախաձեռնություններ աշխարհի բոլոր կողմերում:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031