Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 270 մլն դրամի աջակցություն՝ ՔՐՈՆԻՄԵՏ հիմնադրամից

Դեկտեմբեր 29,2011 13:02

Գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգը» լուրջ սոցիալական պատասխանատվություն է ստանձնել մեր երկրում

Տոնական այս օրերին մանկատան երեխաները մի շարք բարեգործական կազմակերպություններից նվերներ են ստանում, եւ դա լուսաբանվում է բոլոր ԶԼՄ-ներով: Հաշվի առնելով, որ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը, անկախ տոներից, միշտ ուշադրության կենտրոնում է պահում մանկատների, գիշերօթիկ եւ հատուկ դպրոցների, խնամքի կենտրոնների երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին՝ մենք զրուցեցինք հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանի հետ՝ պարզելու, թե 2012-ին ինչ նոր ծրագրեր են պատրաստվում իրականացնել եւ ինչ է արվել մինչ օրս:

– Տիկին Սեդրակյան, այսօր բարեգործությունը դարձել է սովորական երեւույթ, կմասնավորեցնե՞ք, թե որ կարիքավոր խմբերին է ուղղվում ձեր աջակցությունը:

– Նախ, ասեմ, որ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ս.թ. հունիսին, եւ հիմնադիրն է «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» գերմանական ընկերությունը: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանում ավելի քան 15 տարի եւ հանդիսանալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր՝ քաջատեղյակ է երկրում առկա խնդիրներին: ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խումբը եւ ԶՊՄԿ-ն հատուկ ուշադրություն են դարձնում նաեւ երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Ընկերությունը մշտապես մշակում եւ իրականացնում է բազմաբնույթ սոցիալական, կրթական եւ մշակութային ծրագրեր հանրապետության ողջ տարածքում՝ դրանց տրամադրելով զգալի ֆինանսական միջոցներ: Առաջին հերթին աջակցում ենք առավել կարիքավոր երեխաներին. հիմնականում Հայաստանի տարբեր մարզերում մենք աշխատում ենք մանկատների, հատուկ եւ գիշերօթիկ դպրոցների, խնամքի կենտրոնների հետ: Ներկայումս ներգրավված են Սիսիանի, Կապանի եւ Դիլիջանի հաստատությունները, որտեղ ապրում եւ սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները: Այսօր մենք աշխատում ենք ավելի քան 300 երեխաների հետ, 2012-ին այդ թիվը միանշանակ կավելանա: Օժանդակելու ենք նաեւ նախադպրոցական եւ հիմնական կրթությանը՝ աշխատելով հանրակրթական դպրոցների հետ: Նախատեսված է նաեւ աջակցություն տրամադրել բարձրագույն կրթությանը եւ երիտասարդական նորարար նախաձեռնություններին: Այս կոմպոնենտի շրջանակներում կիրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր, համագործակցություն արտասահմանյան բուհերի հետ: Բնակչության առավել անապահով խավերի համար նույնպես մշակել ենք հատուկ ծրագրեր՝ ընդհուպ մինչեւ առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը:

– Ասացիք, որ զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվում, ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը եւ ի՞նչ հատկացումներ են արվում ֆոնդին:

– Հատկացումներն արվում են ինչպես մայր ընկերությունից, այնպես էլ «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգի» Հայաստանյան գործընկեր ընկերություններից, որոնք են, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ն եւ «Մաքուր Երկաթի Գործարանը»: Հիմնադրամն ունի Հոգաբարձուների խորհուրդ, որին ներկայացվում է տվյալ տարվա աշխատանքային պլանը եւ տարեկան բյուջե, ըստ որի էլ կատարվում են համապատասխան հատկացումներ: Այսօր մեր տարեկան բյուջեն կազմում է մոտ 270 միլիոն դրամ, սակայն այն, կախված ծրագրերից, կարող է փոփոխվել: Չնայած մեր հիմնադիրը գերմանական ընկերություն է, սակայն «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգը» գործունեություն է ծավալում Հայաստանում արդեն ավելի քան 15 տարի եւ լավ տեղյակ է մեր սոցիալական խնդիրներին: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է ինչպես գերմանացիներից, այնպես էլ հայերից, եւ դա թույլ է տալիս ճիշտ որոշումներ կայացնել՝ շահառուների ընտրության հարցում:

– Հիմնադրամն ունի՞ վերահսկողության մեխանիզմ, որպեսզի իր տրամադրած գումարները նպատակային ծախսվեն ու հասնեն հասցեատիրոջը:

– Հիմնադրամի մոտեցումն է տրամադրել ոչ թե գումար, այլ կոնկրետ ինչ-որ մի բան, օրինակ՝ հագուստ, տեխնիկա, ֆինանսավորել վերանորոգումը, կամ, օրինակ, տալ կրթաթոշակ կոնկրետ երեխայի կամ ուսանողի: Այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ մեր աջակցությունը հասնում է իր հասցեատիրոջը: Բացի այդ, այո, աշխատելով այդ հաստատությունների հետ, մենք իրականացնում ենք նաեւ որոշակի մոնիտորինգ՝ բացառելով աջակցության ոչ նպատակային օգտագործումը:

– Տիկին Սեդրակյան, կրթական ոլորտում հիմնադրամն ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել:

– Դա մեր Հիմնադրամի հիմնական ուղղություններից է, եւ ուշադրություն է դարձվում ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն եւ մասնագիտական կրթությանը: Մենք կարող ենք ֆինանսավորել երեխաների կրթությունը արտասահմանում, տալ կրթաթոշակներ, կամ ներգրավել արտասահմանյան փորձագետներ եւ դասախոսներ: Բացի այդ, կա մտադրություն կազմակերպելու համադպրոցական օլիմպիադաներ, ամառային թեմատիկ ճամբարներ եւ այլն: Մենք խրախուսում ենք նաեւ նորարարական նախաձեռնություններ, այդպես հիմա Մայքրոսոֆթ Իննովացիոն կենտրոնի հետ միասին ֆինանսավորեցինք իրենց կողմից անցկացվող Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011 ծրագրավորողների մրցույթը, որտեղ լավագույն սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագիրը կստանա մրցանակ՝ Հիմնադրամի կողմից:

– Եթե ձեր կազմակերպությունում լինեն ճգնաժամային պահեր, բարեգործությունը կտուժի՞, թե՞ այդ ֆոնդն անձեռնմխելի է:

– Հուսով եմ, որ ֆոնդը անձեռնմխելի է: Ինչպես մայր ընկերությունը, այնպես էլ իր գործընկերները նույնիսկ 2008-2009 ճգնաժամի ժամանակ չեն դադարեցրել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը եւ իրականացումը, եւ ես կարծում եմ, որ այդ միտումը կշարունակվի:

– Իսկ առաջիկայում ի՞նչ նոր բարեգործական նախագծերի կարող ենք սպասել:

– Այս տարվա պլանների մեջ է հատուկ դպրոցների եւ խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացումը, օլիմպիադաների անցկացումը հանրակրթական դպրոցներում, ամառային ճամբարի կազմակերպումը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուսանողական փոխանակման ծրագրերի իրականացումը: Կան նաեւ մի քանի նոր նախագծեր, օրինակ Կապանում՝ «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որը թույլ կտա օթեւան ապահովել այն 18 տարեկանից բարձր երիտասարդների համար, որոնք, սակայն, անկարող են մենակ ապրել եւ խնամքի կարիք ունեն: Մտածում ենք նաեւ ամառային ճամբարի վերանորոգման մասին, եւ հույս ունեմ, որ այնտեղ կունենանք բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ մեր բոլոր սաների համար: Նաեւ մենք կաշխատենք Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ «Ձայն» լսողության խանգարումներ ունեցողների համար բջջային ծրագրի հետագա ներդրման եւ զարգացման ուղղությամբ:

R

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031