Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի զոհերի 97,9%-ը չի աշխատել

Դեկտեմբեր 29,2011 12:53

3 տոկոսն էլ՝ բարձրագույն կրթությամբ է

ՀՀ գլխավոր դատախազության դեկտեմբերի 23-ի կոլեգիայի նիստին ամփոփիչ հաշվետվությամբ հանդես եկավ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, որն էլ ներկայացրեց 2010թ. եւ 2011թ. 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակն ու մեղադրանքի պաշտպանության պրակտիկան: Նշենք, որ ամփոփիչ վերլուծությունը հանրության ուշադրությունից դուրս մնաց, քանի որ հանրությունը հետեւում էր ՀՀ զինված ուժերում կատարվող վերջին միջադեպերին:

Պատժաչափի

խստացման հեռանկարը

Հայաստանը, ըստ վերոհիշյալ ուսումնասիրության, հիմնականում թրաֆիքինգի զոհ դարձող մարդկանց՝ հատկապես կանանց յուրահատուկ բազա է հանդիսանում արեւելյան երկրների համար եւ դեպքերի մեծամասնությունում հանցագործությունը սկսվում է հենց Հայաստանում (մարդկանց հավաքագրել եւ փոխադրել) ու ավարտվում է արտերկրներում:

Ա.Դավթյանը նշեց, որ 2009թ. ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված ամենամյա զեկույցում արձանագրվել է այս ոլորտում Հայաստանի առաջընթացը՝ հանրապետությունը հատուկ վերահսկվող 3-րդ խմբի երկրների ցանկից տեղափոխվել է 2-րդ՝ առանց վերահսկողության խումբ: 2010թ. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում Հայաստանը պահպանեց իր «պատվավոր» տեղը: Այս առաջընթացի պատճառը, հավանաբար, պատժաչափի խստացումներն էին, 7-15 տարվա ազատազրկման հեռանկարը:

Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալների, 2010 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թրաֆիքինգի 13 դեպք:

Թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերով 2010թ. ընթացքում 5 գործ 6 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, քրեական գործերից 1-ի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալի հետախուզման հիմքով, 6 քրեական գործի վարույթ փոխանցվել է 2011թ.:

Ա. Դավթյանի տեղեկացմամբ, 2011թ. դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 14 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 6-ը փոխանցվել է 2010թ., 4-ը հարուցվել է 2011թ., 2-ը վերսկսվել է 2011թ. հետախուզվողների հայտնաբերման հիմքով, 2 քրեական գործերից էլ մասեր են անջատվել: Հաշվետու ժամանակահատվածում 6 քրեական գործ 13 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3 քրեական գործերի վարույթ կասեցվել է՝ մեղադրյալների հետախուզման հիմքով, 1 քրեական գործի վարույթ կարճվել է, 4 քրեական գործերով նախաքննություն շարունակվում է:

2011թ. ընթացքում 7 քրեական գործով դատապարտվել է 11 անձ, բոլորն էլ ազատազրկման, ընդ որում՝ 8 անձ դատապարտվել է 7-9 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 3 անձ՝ 4-7: Նշված դատական ակտերից 2-ի դեմ մեղադրողների կողմից վերաքննիչ բողոքներ են բերվել, որոնք ընթացքի մեջ են, իսկ ամբաստանյալների կողմից բոլոր գործերով բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք մերժվել են:

Անպատասխան են

մնում հայկական կողմի միջնորդությունները

Ա.Դավթյանի ամփոփիչ ուսումնասիրության համաձայն, դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում: Հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 11-ը շահագործման են ենթարկվել ԱՄԷ-ում: Ի դեպ, ԱՄԷ-ի հետ փոխադարձ իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել, սակայն այդ երկրի քրեական հետապնդման մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունները երկար ժամանակ անպատասխան են մնում կամ ոչ լիարժեք պատասխաններ են ստացվում:

Քիչ չեն նաեւ Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի դեպքերը (հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 10-ը շահագործման են ենթարկվել Թուրքիայում), որոնց քննության ընթացքում վերը հիշատակված խնդիրներն առավել քան ակնառու են՝ պայմանավորված այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ: Հանցավորության դեմ պայքարում համագործակցելու դատախազության առաջարկությունները թուրքական կողմից չի արձագանքվել:

Ա.Դավթյանը նկատել է, որ «Թրաֆիքինգը սերտորեն կապված է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հետ»: Ընդսմին, մարդկանց շահագործելու հանցակազմերը (ՀՀ քրօր-ի 132-րդ եւ 132.1-րդ հոդվածներ) ՀՀ քրօր-ի 190-րդ հոդվածի 5-րդ մասում դիտվում են որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը նախորդող հանցակազմեր:

ՀՀ քրօր-ի 190-րդ հոդվածով հարուցվել է 1 քրեական գործ: Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ամալյա Մատուլյանը մեղավոր է ճանաչվել այդ հոդվածով եւ հանցագործությունների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով: Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ամբաստանյալներ, ՌԴ Վոլգոգրադ քաղաքի քաղաքացիներ Վերա Ալեքսանդրի եւ Ելենա Իլյայի Կալյակինաները մեղավոր են ճանաչվել միայն թրաֆիքինգի համար, իսկ փողերի լվացման համար, ըստ դատախազության, «անհիմն արդարացվել են»:

Ի դեպ, դատական ակտի դեմ մեղադրողների կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը դեռ չի քննարկվել:

Տուժողները կանայք են

2010թ. եւ 2011թ. 9 ամիսների ընթացքում դատախազական հսկողություն իրականցված 21 քրեական գործով հայտնաբերվել է 39 տուժող, որոնք բոլորն էլ կանայք են:

Ըստ ուսումնասիրության, թրաֆիքինգի զոհեր են դառնում հիմնականում երիտասարդ տարիքի անձինք, որոնք կազմում են տուժողների 58.9%-ը:

Վերլուծությունը միաժամանակ ցույց է տալիս, որ թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը՝ 97.4%-ը, չեն աշխատել:

Ինչ վերաբերում է տուժողների կրթական մակարդակին, ապա Ա.Դավթյանի ուսումնասիրություններով, թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը (94.9%) ունի ութամյա կամ միջնակարգ կրթություն:

Բարձրագույն կրթություն է ունեցել 2 անձ (5.1%):

Թրաֆիքինգի զոհերից 38-ը (97.4%-ը) ՀՀ քաղաքացիներ են, 1-ը (2.6%-ը)՝ Ուկրաինայի քաղաքացի:

39 տուժողից 23-ը շահագործման է

ենթարկվել արտերկրում, իսկ 16-ը՝ ՀՀ-ում

Անդրադառնալով թրաֆիքինգ կատարած անձանց տարիքային կազմին, պարզվեց, որ երիտասարդ եւ միջին տարիքի անձինք կազմում եմ մեղադրյալների 63%-ը: 50 տարեկանից բարձր 3-ն են: 27 մեղադրյալից 16-ը կամ 59.2%-ը կանայք են, իսկ 11-ը կամ 40.8%-ը՝ տղամարդիկ:

Ինչ վերաբերում է մեղադրյալների կրթական մակարդակին, ապա նշված ուսումնասիրություններով թրաֆիքինգի սուբյեկտների մեծամասնությունը (88.9%) ունի ութամյա կամ միջնակարգ կրթություն: 27 մեղադրյալից ընդամենը 3-ն ունի բարձրագույն կրթություն:

Թրաֆիքինգի զոհերից 38-ը կամ 97. 4%-ը ՀՀ քաղաքացի է, 1-ը (2.6%-ը)՝ Ուկրաինայի քաղաքացի:

Նշված անձանցից 4-ը նախկինում դատված է եղել:

11 անձինք հանցանքը կատարել են նախնական համաձայնությամբ 5 խմբերի կազմում: 5 անձինք հանցանքը կատարել են կազմակերպված խմբի կազմում:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031