Լրահոս
Օրվա լրահոսը

Էնջըրօղլիին ուզում են համոզել

Դեկտեմբեր 29,2011 12:47

Արամի փողոցի 82 եւ 84 հասցեներում «Հերմեկ» ՍՊԸ-ն պետք է 2007-ին կառուցած լիներ բնակելի համալիր՝ իր ավտոկայանատեղիներով, մի շարք հարմարություններով: Սակայն կառուցապատողը նախօրոք, ըստ մակետի վաճառելով բնակարանները, չի կատարել իր պարտավորությունները եւ մինչ օրս բնակիչներին թողել է անտուն: «Հերմեկ» ՍՊԸ-ն՝ պատճառաբանելով, որ այլեւս միջոցներ չունի ներդրում կատարելու ու շենքը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, իրեն հայտարարել է սնանկ ու բնակիչներին հորդորել է դիմել դատարան՝ դառնալով պահանջատեր: Ավելի ուշ պարզվել է, որ «Հերմեկ» ՍՊԸ-ն շենքը գրավ է դրել «ՎՏԲ-Հայաստան» բանկում, մի շարք հարկային պարտքեր կուտակել, իսկ դա նշանակում է, որ սնանկացած ընկերության գույքը վաճառելով՝ բնակիչներին փոխհատուցելու հերթը չի էլ հասնի: Հոկտեմբերին բնակիչներն ակտիվ ցույցերի դուրս եկան՝ պահանջելով ՀՀ նախագահին միջամտել եւ վերջ տալ «էլիտար» շենքերի բիզնես դատում առկա ապօրինություններին:

Նախագահականի աջակցությամբ շենքի համար նոր ներդրող են գտել, որը բնակիչներին առաջարկում է այսպես ասած՝ «շենքի առողջացման ծրագիր», որն, ըստ էության, կարող է փրկություն լինել առկա իրավիճակում: Շենքի բնակիչները որոշել են համաձայնության գալ, որովհետեւ այդ ճանապարհով հնարավոր է շենքի կառուցապատումն ավարտին հասցնել եւ վերջապես փոխհատուցում ստանալ: Սակայն բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ կա մի խանգարող հանգամանք. բնակիչներից մեկը՝ պարսկահայ Էդվարդ Էնջըրօղլին, ոչ մի կերպ չի տալիս իր համաձայնությունը եւ չի ուզում միանալ մյուս բնակիչներին, իսկ առանց այդ 1 բնակչին «դարձի բերելու» հնարավոր չէ իրականացնել շենքի առողջացման ծրագիրը: Մենք այս առնչությամբ պարոն Էնջըրօղլիի շահերի ներկայացուցիչ Ալեքսանդր Ամարյանից պարզաբանում խնդրեցինք: Ըստ նրա՝ «Բանակցություններ են գնում: Տեսեք այն պայմանները, որոնք բնակիչներին տրվում են, տեսեք՝ ինչքանո՞վ է դա օրինական: Եթե օրենքին չի համապատասխանում, մենք ո՞նց ենք դրդում մարդկանց, որ անօրինականություն կատարեն: Ո՞վ է ասել, որ այլ ելք չկա, ինչ-որ մեկը գործն ուսումնասիրե՞լ է ծայրից ծայր, որ այլ ելք չկա: Իմ վստահորդի հետ կապված՝ ես գործն ուսումնասիրել եմ ու ինչ-որ պետք է՝ ճշտել եմ: Մնացած բնակիչները թող իրենց համար դա ճշտեն: Ես իմ վստահորդի շահերը լիարժեք պաշտպանում եմ: Ամեն ինչ պետք է այնպես արվի, որ հետո չմտածեն՝ ինչի դա արեցինք: Թե բնակիչներն ինչ են պայմանավորվում՝ դա իրենց ներքին խոհանոցն է: Իսկ ինչ վերաբերում է Էդվարդին՝ նա չի հրաժարվում պայմանագիրը ստորագրել, բայց մյուս կողմը չի համաձայնվում»:

Հ. Ջ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031