Լրահոս
Օրվա լրահոսը

Իրար չխառնեք ճարպոտ կերակուրը, միրգն ու ալկոհոլը

Դեկտեմբեր 29,2011 12:44

Ամեն ինչից կերեք, սակայն քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ

Հայկական ամանորյա սեղանը միշտ էլ առատ է եղել յուղալի սննդամթերքներով: Հայերը սիրում են հատկապես տոնական օրերին սեղանը «լցնել» ամեն ինչով, ու որքան շատ, այնքան «չուզողներին»՝ վատ:

Եվ որպեսզի տոնը չվերածվի «սգի», մասնագետները խորհուրդ են տալիս խիստ հետեւել սննդակարգին եւ դիմանալ գայթակղությանը: Հակառակ դեպքում խառը սնունդը կարող է վնասել ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, այլեւ առողջներին՝ հանգեցնելով ստամոքսի խանգարումից մինչեւ սուր թունավորում: «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նրա խոսքերով՝ հայկական ամանորյա սեղաններին շատ են ճարպաթթուներով հարուստ կերակուրները, եւ եթե մարդը ասենք՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային կամ այլ խնդիրներ ունի, ապա նման սնունդ օգտագործելով՝ հնարավոր է, որ հիվանդությունը սրվի. «Ճարպոտ սնունդը արյան մեջ խոլեստերինն է բարձրացնում, որի հետ նաեւ ճնշումը կարող է բարձրանալ»: Բժշկի ներկայացմամբ՝ Ամանորին խոզի մսից կերակուրներ շատ են պատրաստում, եւ սա դեռ բավական չէ, վերջերս էլ սովորույթ է դարձել տավարի ուղեղից կերակուր պատրաստելը. «Դա շատ ճարպոտ սնունդ է, եւ պետք է խուսափել այդ տեսակի կերակուրների չարաշահումից: Իսկ եթե, միեւնույն է, պիտի ամեն ինչից էլ օգտվեն, գոնե 20-30 րոպե ընդմիջումներով. ընկույզն ու պնդուկը կերան՝ մի 30 րոպե համբերեն, հետո տոլման ուտեն, տոլման կերան՝ էլի այդքան համբերեն, հետո միրգն ուտեն»:

Նոր տարվա խոզի բուդը, տապակած հավն ու քյուֆթա-խորովածը դեռ չվերջացած՝ հայերը ավանդույթ ունեն մի քանի օր հետո էլ «խաշ դնել» ու մի լավ «ուտուշ-խմուշ» կազմակերպել: Խաշը եւս համարվում է շատ ճարպային սնունդ, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս խաշ ընդհանրապես չպատրաստել: Առողջության համար վտանգավոր է նաեւ խմիչքի հետ սնկով կերակրատեսակներ օգտագործելը. «Սունկը նպաստում է թույնի արագ ներծծմանը օրգանիզմ: Սունկը բուսական թելիկներ է պարունակում, որոնք չեն մարսվում եւ կուտակվում են ստամոքսում, դրան էլ գումարվում է խմիչքը եւ ստամքոսի խանգարումներ առաջացնում»: Առհասարակ, ոգելից խմիչքների հարցում պետք է զգույշ լինել, եւ բացի այն, որ գունավոր խմիչքներն իրար հետ չի կարելի խառնել, նաեւ օղին պետք է որակով լինի: Մարգարիտա Բաբայանի խոսքերով՝ «Էժան օղիներ կան, որոնք եթերային յուղեր են պարունակում, իսկ դա շատ վտանգավոր է օրգանիզմի համար»:

Մասնագետները վստահեցնում են, որ յուղոտ ճաշատեսակները ոգելից խմիչքների ազդեցությունը թուլացնում են, սակայն դա չի նշանակում՝ խմիր ուզածիդ չափ ու կեր ճարպոտ կերակուր՝ որքան հնարավոր է: Հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության մասնագետ Նունե Բրուտյանի խոսքերով՝ «Ընդհանրապես, ոգելից խմիչքները գազավորված կամ քաղցր ինչ-որ բանի հետ օգտագործելը նպաստում է, որ խմիչքն ավելի շուտ ազդի: Իսկ յուղոտ կերակուրները սպիրտային մասը կլանում են եւ նվազեցնում ալկոհոլի ներծծումը արյան մեջ: Բայց ասել՝ եկեք ալկոհոլ խմեք, հետը յուղոտ բան կերեք, դա էլ շատ վտանգավոր կլինի լյարդի համար: Պետք է լինել չափի մեջ»:

Ն. Բրուտյանը խորհուրդ է տալիս գոնե երեկոյան թեթեւ սնունդ օգտագործել: Մեր այն դիտարկմանն էլ, որ հայկական սեղաններին թեթեւ բան չի լինում, մասնագետն ասաց. «Գոնե աղցանները բացառապես բանջարեղենից պետք է պատրաստել, եւ եթե դրանք պետք է մայոնեզով կամ թթվասերով համեմել, ապա միայն մատուցելուց առաջ ավելացնել»:

Ամանորյա հայկական սեղանի «զարդը»՝ խոզի բուդը, շատերը սառնարանում չեն պահում, այլ օրերով այդպես էլ թողնում են սեղանին, մտածելով՝ միեւնույն է՝ շուտով հյուր կգա: Տիկին Բրուտյանի խոսքերով՝ «Չնայած խոզի բուդը եփած է եւ միկրոֆլորան արդեն վերացած, սակայն երկար ժամանակ սեղանին բաց մնալով՝ կարող է օդից, ձեռք տալուց նորից ինչ-որ միկրոբներ վերցնել, որը փչացնում է սնունդը»: Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս առեւտուր անելիս հատկապես ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, քանի որ խանութներում այս օրերին եռուզեռ է, եւ հնարավոր է՝ սպառողն էլ չնկատի, որ ժամկետանց կամ ժամկետի սպառվելուն մոտ ապրանք է գնում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031