Մեր գործընկերների մաղթանքը եկող տարվա համար
Տարին վերջանում է, եւ բոլորը, կամա թե ակամա, փորձում են իրենք իրենց համար փոքրիկ ամփոփում կազմակերպել՝ անցնող տարում կորցրա՞ծն էր շատ, թե՞ գտածը: Մենք եւս փորձեցինք պարզել՝ մեդիա-աշխարհում ով ինչպես է գնահատում անցնող տարին, եղա՞ն ձեռքբերումներ, թե՞ կորուստներն էին շատ: Այս հարցերի շուրջ զրուցեցինք լրատվության խնդիրներով մտահոգ մեր գործընկերների հետ: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը որպես նվաճում ներկայացրեց քաղբանտարկյալների ազատ արձակումը. «Որպես նվաճում՝ ես այստեղ երեւի օրիգինալ չեմ լինելու, բայց համարում եմ, որ դա քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, հանրահավաքների ազատության ապահովումը ընդդիմության համար. սա միանշանակ այս տարվա շատ կարեւոր նվաճումն էր, որը որոշակի առողջացում բերեց մեր հանրային կյանքում: Իսկ բացթողումները կապված են հենց մեր՝ մամուլի եւ լրատվամիջոցների ոլորտի հետ, միանշանակ անհրաժեշտ էր արագ ընդունել փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, որպեսզի թվայնացման գործընթացը իրոք ապահովեր առավել բազմազանություն մեր եթերում եւ ոչ թե բերեր սահմանափակումների: Այսինքն՝ այն օրենքը, որն ընդունվել էր 2010-ին (չնայած ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, եւ այդ խումբը նախապատրաստել էր փոփոխությունների օրինագիծ), ամբողջ գործընթացը ձգվեց, եւ մենք կորցրինք եւս մեկ տարի մեր հեռուստատեսային եթերը հանրային պահանջարկին համապատասխանեցնելու ճանապարհին»: Մեր հարցին՝ ի՞նչ մաղթանք ունի Նոր տարվա համար, ասաց. «Մեր հասարակական-քաղաքական զարգացումները միշտ կապված են ընտրությունների հետ, եւ Հայաստանի համար իրոք կարեւոր է, որ այս ընտրությունները, եթե չկարողանան այնպես անցնել, որ Հայաստանը կատարյալ ժողովրդավար երկիր դառնա, գոնե այնպես անցնեն, որ մենք ունենանք ավելի պրոֆեսիոնալ խորհրդարան, քան ունեինք վերջին տարիներին: Մի քիչ կատակով կարելի է ասել, որ այն կազմը, որ ունեինք՝ «արդեն վերջն էր», դրանից վատ խորհրդարանի կազմ իրեն հարգող որեւէ այլ երկիր չի կարող ունենալ: Կազմը ոչ թե մի քիչ պիտի լավացվի, այլ կտրուկ պիտի լավացվի, եւ մենք, իրոք, այնտեղ պիտի ունենանք մարդիկ, որոնք պատրաստ են օրինաստեղծ աշխատանքի: Դեմագոգիա է, երբ ասում են, թե պարտադիր չէ, որ պատգամավորը իմանա օրենքները: Հայաստանը այն երկիրը չէ, որտեղ ամեն մի պատգամավոր կարող է ունենալ հետազոտական ինստիտուտ կամ իրավաբանների պրոֆեսիոնալ խումբ, որը իր տեղը բոլոր գործերը կանի, իսկ պատգամավորը ընդամենը քաղաքական որոշումների կայացմանը մասնակցի: Հայաստանում հենց պատգամավորները պիտի օրենսդրական աշխատանքին պատրաստ լինեն: Պետք է ձգտենք ունենալ այնպիսի խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մեր հասարակության տարբեր խմբերի, շերտերի շահերը, եւ այդ շահերը անընդհատ կհնչեցվեն, այնպես չստացվի, որ մենք ունենանք խորհրդարան, որում ընդամենը՝ թեկուզ տարբեր, բայց միեւնույն քաղաքական էլիտաները ներկայացված լինեն, որոնք իրենց կապը հանրության հետ վաղուց կորցրել են»: Քանի որ բոլոր
ընտրություններից առաջ հրապարակ են նետվում նաեւ լրագրողների անուններ, որոնք կհայտնվեն խորհրդարանում, ուզեցինք իմանալ պարոն Նավասարդյանի կարծիքը՝ եթե իրոք որոշ լրագրողներ հայտնվեն ապագա խորհրդարանում: Մեր զրուցակիցը սրանում դրական բան է տեսնում. «Եթե լրագրողը գտնում է, որ
Կարդացեք նաև
ինքը պիտի դառնա քաղաքական գործիչ եւ այնտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել իր երկրի, իր հայրենիքի համար, միայն ողջունելի է, որովհետեւ ամեն դեպքում, երբ մենք խոսում ենք խորհրդարանի որակի մասին, ապա ես գտնում եմ, որ Հայաստանի առաջատար լրագրողները խորհրդարանում իրենց ներկայացվածությամբ միանշանակ կբերեն այդ որակի բարելավմանը: Միայն մեկ բանից ես կխուսափեի եւ չէի ցանկանա, որ փոխելով իրենց զբաղմունքը՝ իրենց տեսակը փոխեին, նաեւ՝ եթե որոշեցիր, որ թողնում ես լրագրողական գործունեությունը եւ դառնում ես քաղաքական գործիչ, այլեւս լրագրող մի ձեւացիր»:
«Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն ասաց. «Ձեռքբերումների մասին կդժվարանամ ասել, թերեւս ամենամեծ ձեռքբերումն այն էր, երբ հայտնի ֆուտբոլային խաղերից հետո մարդիկ ամբողջ գիշեր իջել էին փողոց եւ լիաթոք ուրախանում էին, եւ դա պարտականություն չէր, իշխանության հանձնարարականով չէր, որ ծափահարում էին, «Մեր հայրենիք» էին երգում եւ եռագույնն էին թափահարում: Իսկ կորուստները հատիկ-հատիկ այն բոլոր մարդիկ են, որ անցնող
տարվա ընթացքում կառավարության ապաշնորհ տնտեսական քաղաքականության արդյունքում լքեցին մեր երկիրը, եւ հատկապես այն երեխաները, որոնք այս հեռացողների զավակներն են, եւ որոնք հետագայում հայկական դպրոց գնալու դժվարություն կունենան, հայերեն գրել-կարդալու դժվարություն կունենան, եւ էլի մի սերունդ կլինի, որն ուղղակի մենք կորցնում ենք»: Իմ հարցին՝ իսկ կա՞ դեղատոմս՝ ինչ անել, որ չլինեն այդ կորուստները, պարոն Մանուկյանն ասաց. «Կարծեմ երկու բան է պետք անել՝ հաստատել արդարություն եւ հաստատել արդարություն, որովհետեւ ինչքան էլ խորհրդակցություններին ասեն, որ մարդկանց հավատը չի վերականգնվում, պարզ մի պատճառով է՝ մարդը լսում է հեռուստատեսությամբ ճառեր, ճառեր եւ ճառեր, իջնում է փողոց, տեսնում է, որ այդ նախարարը բիզնես ունի, տեսնում է, որ այդ նախարարը արտոնյալ է, տեսնում է, որ պաշտոնյան արտոնյալ է, տեսնում է, որ մարզպետը կարող է մարդ ապտակել, չպատժվել, ամեն ինչ կարող է անել եւ դրա համար չպատժվել: Իսկ պատիժն էլ, եթե երբեմն լինում է, այն պատիժը չէ. մարդիկ տեսնում են, որ սրան, որպես նմուշ, պատժեցին, որպեսզի մի օրինակ ունենան, որ հետո դրա մասին խոսեն»:
«Չորրորդ իշխանության ներսում ի՞նչը կուզեիք, որ նոր տարում փոխվեր, մենք ինքներս ինչպե՞ս փոխվենք»,- իմ այս հարցին ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Մասնագետ լրագրողներ ի հայտ գային, որոնք իրենց համարեին իշխանություն եւ ոչ թե գործիք այս կամ այն շրջանակի»:
Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» հ/կ գործադիր տնօրեն. «Ես ավելի շատ լրագրության մասին խոսեմ, մեդիայի վերաբերյալ, ցավոք սրտի, չեմ կարող լուրջ ձեռքբերումների մասին խոսել, բայց երեւի ինչ-որ բացասական զարգացումներ, որոնք կապված են դատական պրոցեսների հետ, ասենք՝ թվայնացման հետ, միգուցե բերեցին ինչ-որ հարցերի ակտուալացման, այդ հարցերի մասին լրագրողները սկսեցին ավելի շատ խոսել եւ մտածել, օրինակ՝ նույն էթիկայի հարցը շատ դեպքերում երկրորդ պլան էր մղվում, եւ ասում են՝ մենք բանավոր էթիկա ունենք, բանավոր պայմանավորվածություն ունենք, դա հերիք է: Սա ավելի ուրիշ ոլորտ փոխադրվեց, ավելի դրական իմաստով ֆորմալ ոլորտ, եւ սկսեցին դրա մասին մտածել. սա ինչ-որ իմաստով կարող եմ համարել ձեռքբերում, չնայած երեւի դեռ հեռու ենք դրանից: Պետք է ասեմ, որ հեռուստատեսային թվայնացման հետ կապված, որը սկսվեց 2010-ին, բայց փաստացի կայացավ 2011-ին, որովհետեւ նոր լիցենզիաները ստացվեցին այդ ժամանակ, նորից ինչ-որ չափով փոխվեց այդ ամբողջ դաշտը, եւ այդ փոփոխություններն էլ իրենց ետեւից բերեցին նոր մոտեցումներ, օրինակ՝ ինտերնետ հեռուստատեսությունը, որը, իհարկե, դեռ լիարժեք տեսքով գոյություն չունի, բայց երեւի սա էլ կարող եմ համարել ձեռքբերում, որը զարգացման ընթացքում է»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ