Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը` Բոսնիայի խորհրդարանում

Դեկտեմբեր 29,2011 11:50

Առաջիկա օրերին Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրինագիծը:Երեքշաբթի օրը նման նախաձեռնությամբ է հանդես եկել Բոսնիայի սերբական հատվածի նախագահ Միլորադ Դոդիկը: 

1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանության ճանաչելու եւ այդ փաստի ժխտումն արգելելու նախաձեռնությունը Բոսնիայի դաշնային խորհրդարան կներկայացնի Դոդիկի Սերբական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

«Մենք ցանկանում ենք մտնել եվրոպական այն քաղաքակիրթ երկրների, մյուս նմանատիպ պետությունների շրջանակը, որոնք արդեն իսկ դատապարտել են այդ ցեղասպանությունը։ Նման առաջարկով նախագիծը մոտակա օրերին մենք ներկայացնելու ենք խորհրդարան», – երեքշաբթի օրը հայտարարել է բոսնիացի սերբերի առաջնորդը Բոսնիայի սերբական հատվածի վարչական կենտրոն Բանյա Լուկա քաղաքում:

«Որեւէ կասկած չկա, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել: Մեկուկես միլիոն մարդ դաժանաբար սպանվել է։ Եթե մենք ընդհանուր վերլուծություն կատարենք, ապա պարզ կդառնա, որ թուրքերը նաեւ սերբերի ցեղասպանություն են իրագործել այն դարաշրջանում, երբ այս տարածքները նրանց տիրապետության տակ էին», – նշել է Միլորադ Դոդիկը` հավելելով նաեւ, թե Թուրքիայի բացասական  արձագանքը այս նախաձեռնություններին իր համար խիստ սպասելի է:

«Թուրքիան այն պետությունն է, որ Բոսնիայում միանշանակորեն պաշտպանում է միայն մի կողմի` բոսնիացի մահմեդականների շահերը», – նշել է բոսնիացի սերբերի առաջնորդը:

Այնուհանդերձ, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հեռանկարները Բոսնիա եւ Հերցեգովինայի դաշնային խորհրդարանում այնքան էլ մեծ չեն: Փաստորեն, ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Բոսնիան ձեւավորող երկու պետական միավորներից միայն մեկի` Սերբական Հանրապետության ղեկավարը: 1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրի հիման վրա երկրի տարածքի 51 տոկոսը զբաղեցնող Մահմեդականների եւ Խորվաթների Դաշնության ղեկավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առթիվ առանձնակի ոգեւորություն չի ցուցաբերում: Բացի այդ, նախաձեռնության հեղինակ հանդիսացող սերբ սոցիալ-դեմոկրատները Բոսնիայի 42-տեղանոց դաշնային խորհրդարանում ընդամենը 8 մանդատ ունեն:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031