Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի գերեզմանների մոտ գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Մինչ հրշեջները կմարեին կրակը, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները պարզեցին, որ նշված վագոն-տնակը պատկանում է «Հուշարձան» ՍՊԸ–ին, որի մեջ ամբողջությամբ այրվել, մոխրակույտի է վերածվել նշված ՍՊԸ–ի պահակ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 49-ամյա Մարգար Դավթյանը։
Կարդացեք նաև
Վագոն-տնակն ամբողջովին մոխրակույտի է վերածվել, իսկ նրա հարևանությամբ հայտնաբերվել է նրա շունը, խեղդված վիճակում։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Արդեն դեպքի վայր են ժամանել դատական բժիշկն ու փորձագետը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ