Բոլոր տարեվերջերին «խելագարվում» եմ, երբ սկսվում են «ամփոփիչ» ասուլիսները, հարցազրույցները, մենախոսություններն ու «բարձրաձայն մտորումները»:
Այդ անհասցե հայտարարություններն ում են ուղղված, հայտնի չէ, բայց «պարտավոր» ես լսել անվերջանալի դատարկաբանությունները: Վստահաբար հանրությունը նման «ամփոփագրերի» կարիք չի զգում, բայց ուղիղ նրա ականջի մեջ հերթով գոռում են, խաթրով կամ զոռով համոզում` «Տարին հանգրվանային էր», «Տարին բեկումնային էր», «Տարին սովորական էր», «Տարին առանձնացավ մուտիլովկաներով», «Կայունության տարի էր», «Տապալված տարի էր» եւ այլն:
Ընդ որում՝ եղան կուսակցություններ, որոնք մի քանի անգամ ամփոփեցին տարին. համարեցին, որ այնքան էլ լավ չներկայացրին իրենց արածն ու չարածը, հաջորդ ներկայացուցչին ուղարկեցին մամուլի ակումբ, հետո երրորդին… որպեսզի ամփոփումը լիարժեք լինի: Հասկանալի է` իրենց մասին կենացներ, երկրի ու իշխանության մասին` դամբանականներ:
Լավ, ինչո՞վ էր հանգրվանային, բեկումնային, սովորական կամ տապալված: Ոչ մի հոդաբաշխ պատասխան կամ հիմնավոր բացատրություն չես լսում: Ավելի ճիշտ՝ լսում ես, բայց… տարվա բոլոր ամիսներին վարած իրենց իմաստուն քաղաքականության մասին:
Հետո ամփոփիչ ասուլիսներին աշխուժություն հաղորդելու համար «հնարամիտ» լրագրողները սկսեցին իրենց տափակ հարցերով «խուտուտ տալ» զրուցակիցներին: Հետեւեցինք նաեւ այդ «սենսացիոն բացահայտումներին»: Հարցերի հեղինակները օրեր շարունակ գրեցին, մանրամասն պատմեցին, թե քաղաքական գործիչներն ու պատգամավորները ինչ են ցանկանում, որ իրենց բերի Ձմեռ պապը: Ջհանդամը, գոնե մեկնումեկից մի սրամիտ պատասխան լսեինք: Դա էլ չլսեցինք:
Այնուհետ «հնարամիտները» փորձեցին պարզել, թե նրանցից ով է խոզի բուդ դնելու սեղանին, եւ ընդհանրապես ճո՞խ են նշելու Ամանորը, թե՞ ոչ այնքան: Իսկ այնպիսի պետական կարեւորություն ունեցող հարցեր, ինչպիսին նշվածներն են, քաղգործիչներն ու երեսփոխանները չէին կարող անտեսել եւ չպատասխանել:
Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»