Այսօր` դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, որը համարվում է միջպետական ճանապարհ, «Օպել վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 26-ամյա Դավիթ Գրիգորյանը, վարելով ավտոմեքենան, բախվել է նախ էլեկտրասյանը, այնուհետև ծառին:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ 26-ամյա Նվեր Մովսիսյանը, 25-ամյա Կարեն Հովակիմյանը տեղում մահացել են, իսկ 24-ամյա Արման Ասատրյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մահացածներին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները:
Վթարի վայրում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը, տեղակալ Անդրանիկ Շաղոյանը և ՃՈ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնեց, թե իրեն հայտնի է դարձել, որ արդեն դեպքի վայր է ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը: