Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղինակ Ջանազյան. «Որևէ մեկին վիրավորելու փորձ չի արվել»

Դեկտեմբեր 28,2011 21:50

«Առավոտի» հարցերին է պատասխանում մարտի 1-2-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանը:

ԵԽԽՎ «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» 1837 բանաձեւի 3.2 կետում պահանջ կա, որ նույնիսկ 10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում՝ դրա պատճառները լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում: Ձեր կարծիքով, արդյոք Հատուկ քննչական ծառայության հրապարակած տեղեկատվական հաղորդման մեջ 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քրեական գործով նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ՝ իրոք լիարժեքորեն բացատրվե՞լ են այդ պատճառները:

– Իհարկե պարզաբանվել են ամենայն մանրամասնությամբ: Այլ հարց է, որ յուրաքանչյուրն ունի իր ընկալումը «լիարժեք» հասկացության նկատմամբ: Եվ այստեղ շատ կարեւոր է, թե ընկալողն ինչ դիրքորոշում ունի, այսինքն՝ նախատրամադրվա՞ծ է, թե՞ ոչ, պատրա՞ստ է օբյեկտիվորեն ծանոթանալ փաստաթղթին, թե՞ բազում սուբյեկտիվ գործոններ են ազդում նրա դիրքորոշման վրա:

Իսկ փաստաթղթում նկարագրվել է նաև, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգ առել: Մասնավորապես նշվել է, որ նախաքննության ընթացքում դատաձգաբանական փորձաքննության են ներկայացվել զանգվածային անկարգությունների կանխարգելման ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողների մոտ եղած ինքնաձիգերն ու ատրճանակները` պարզելու` արդյոք տուժողների մարմիններից առգրավված գնդակներն արձակված չեն այդ հրազեններից: Համընկնումներ չեն եղել: Բացի այդ, «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի կիրառման արդյունքում երեք քաղաքացու մահ պատճառելու դրվագով, տուժողների մարմիններից առգրավված գազային նռնակները և դրանց բաղկացուցիչ մասերը ներկայացվել են փորձաքննության ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ՌԴ երկու փորձագիտական հաստատություններում: Ստացված եզրակացությունների համաձայն դրանցով նույնականացում կատարել հնարավոր չէ: Ավելին, հարցի լուծման նպատակով դիմել ենք նաև միջազգային փորձագետի, ով նույնպես պատասխանել է, որ նույնականացում կատարել չի կարող:

Այսինքն, նախաքննությամբ կատարվել են բոլոր հնարավոր գործողությունները, սակայն ցավոք դեռևս դրական արդյունք չենք ստացել: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ մարմիններին տրվել են մի շարք հանձնարարականներ, արդյունքների մասին կտրվի տեղեկատվություն ինչպես նախկինում:

Նախաքննական մարմինը հարցաքննե՞լ է արդյոք Չերյոմուխա-7 տեսակի զենք կիրառած 4 ոստիկաններին, եւ եթե այո՝ նրանք ասե՞լ են, թե ով որ ուղղությամբ է կրակել: Արդյոք այդպիսով հնարավոր չէ՞ր լինի հստակեցնել մարդկային կորուստների համար պատասխանատուներին:

Եվ ի՞նչ, կարծում եք, որ հնարավոր է որեւէ անձի մեղադրանք առաջադրել՝ առանց նրան հարցաքննելո՞ւ: Եթե մեղադրանք առաջադրվել է, ուրեմն հարցաքննվել են եւ ոչ մեկ անգամ: Ուղղակի պետք է կարդալ մեր տարածած հաղորդումը, ինչպես նաեւ նախկին հաղորդագրություններն ու հայտարարությունները:

Հարցաքննվել են ՀՀ ՈԶ` «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց կիրառած ոստիկանները, չորսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով և նրանք այժմ գտնվում են մեղադրյալի կարգավիճակում, ինչի մասին բազմիցս ասվել է:

Ավելին, նշել ենք նաև, որ նախաքննությամբ պարզվել է ինչպես դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների տեղակայումը, տեղաշարժը, հատուկ միջոցի կիրառման վայրերը, այնպես էլ անձանց մարմնական վնասվածքներ ստանալու վայրերը:

Միայն դրանով, սակայն, հնարավոր չէ անհատականացնել յուրաքանչյուրի կատարածը, այսինքն` պարզել, թե նրանցից կոնկրետ ում գործողությունների պատճառով են վրա հասել հանրորեն վտանգավոր հետևանքները: Նույնականացման վերաբերյալ մանրամասն նշված է տեղեկատվական հաղորդման մեջ:

Ձեր մեկնաբանությունը զոհվածներից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի այն պնդման վերաբերյալ, թե ՀՔԾն միտումնավոր կեղծել է իր որդու սպանության ժամերը. «Ժամը միտումնավոր կեղծելով, նրանք փորձում են ցույց տալ, թե տղաս ավելի երկար է մնացել անկարգությունների վայրում»:

 – Տիգրան Խաչատրյանի մահվան ժամը պարզվել է նախաքննությամբ ձեռք բերված մի շարք ապացույցներով, այլ ոչ թե ենթադրությունների հիման վրա, ինչի մասին մանրամասն շարադրված է հաղորդման մեջ: Ուստի Ալլա Հովհաննիսյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

Միաժամանակ առաջարկում ենք ինչպես տուժողների իրավահաջորդներին, այնպես էլ բոլորին` գործի համար նշանակություն ունեցող տվյալներ ունենալու դեպքում դիմեն նախաքննական մարմին: Եթե տուժողների իրավահաջորդները կարծում են, որ նախաքննական մարմինը որոշակի գործողություններ չի կատարել և թերացել է, ապա առաջարկում ենք հանդես գալ համապատասխան միջնորդություններով, որոնք կքննարկվեն օրենքով սահմանված կարգով: Քանզի միջնորդություն ներկայացնելը նույնպես նրանց իրավունքն է, իսկ մենք առ այս պահը այդ մասով որեւէ միջնորդություն չենք ստացել:

Մարտի 1-ի զոհերի հարազատները վիրավորական են գնահատել, որ հաղորդման մեջ զոհերին ներկայացվում են իբրեւ հանցավոր խմբավորման անդամներ: Համամի՞տ եք, որ նախաքննական մարմնի այս փաստաթղթի տոնայնությունն իրոք այդ է:

– Հաղորդման մեջ նկարագրված բոլոր փաստերը հիմնավորվել են նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, ուստի որևէ մեկին վիրավորելու փորձ չի արվել: Նկարագրվել են այն փաստական տվյալները, որոնք բազմակողմանիորեն ստուգվել են նախաքննության ընթացքում: Նկարագրվել է նաև, թե մարմնական վնասվածքներ ստանալուց առաջ տուժողներից կոնկրետ ով ինչ գործողություններ է կատարել: Ուստի այստեղ ինչ-որ տոնայնության մասին խոսելն ավելորդ է: Առավել եւս, որ նախաքննական մարմինը չի պատրաստվում հետմահու գնահատական տալ այդ անձանց գործողություններին:

Ցավոք նրանց հարազատների վիշտն առ այսօր ոչ միայն չեն կիսում, այլ օգտագործում են այդ վիշտը քաղաքական նպատակներով, ինչպես օգտագործել են նրանց հարազատներին: Իսկ մենք գործում ենք իրավական հարթությունում եւ տալիս իրավական գնահատական՝ հիմնվելով բացառապես փաստական հանգամանքների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031