Անին պատրաստվում է Ամանորը դիմավորել նոր զգեստով, ասում է` տարին պետք է սկսել ուրախ և գեղեցիկ: Դիզայներները խորհուրդ են տալիս կրել վառ գույների զգեստներ`չմոռանալով սև գույնի մասին. այս տարվա գույնը սևն է`ոսկեզօծի համադրությամբ: Անին ընտրել է իր զգեստը այս գույների մեջ. «Ես շատ կարևորություն եմ տալիս հագուստին, եթե տեսքդ վատն է, ապա, հաստատ, տրամադրությունն էլ այն չի լինի: Իսկ գեղեցիկ տեսքով ավելի ինքնավստահ կդիմավորես նոր տարին» : Տիկին Սուսանը աշխատում է Մալաթիայի տոնավաճառում, պատմում է, որ ձմեռվա օրերին առևտուրը շատանում է, եկամուտն էլ՝ կրկնապատկվում: «Գալիս են, իրենց են նոր շորեր առնում, բարեկամների համար են առնում: Թող առնեն, հագնեն ու նոր տարուն էլ առողջ լինեն» : Իսկ Սոնայի համար կարևորը ոչ թե հագուստն է, այլ տրամադրությունը. «Որ գեղեցիկ հագնվեն, շպարվեն, նստեն հաց ուտեն ու գնան քնեն, ու՞մ է պետք: Ես կնախընտրեի հին շորերով դիմավորել Ամանորը, բայց ընկերներիս և հարազատներիս հետ: Պարեինք, ուրախանայինք, ձնագնդի խաղայինք: Նոր տարվա գիշերը շատ խորհրդավոր ա, չեմ սիրում, որ այն անցկացնում են միայն բուդ ու աղցաններ ուտելով» : Լիլիթը նոր զգեստը ընտրել է վառ գույների մեջ, որպեսզի վիշապը այս տարի իր հանդեպ լավ տրամադրվի: Ասում է` շատերը չեն հավատում, սակայն ինքը դրան մեծ նշանակություն է տալիս. «Ես իմ փորձից եմ ասում, միշտ հետևում եմ, թե ինչեր են ասում աստղագուշակները`ինչ հագնել, ինչպես զարդարել տունը, ինչ դնել սեղանին» :
«Առավոտ երիտասարդականը» ցանկանում է, որ Ամանորը դիմավորեք ուրախ ժպիտներով`անկախ զգեստի նոր և հին լինելուց:
Լիլիթ Սարգսյան