Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՕ-ին վերստին անդրադառնալու հավանականությունը գրեթե զրո է

Դեկտեմբեր 28,2011 19:16

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ խորհրդարանն իր հաջորդ նստաշրջանում անդրադառնա Ընտրական օրենսգրքին եւ դրանում նոր փոփոխություններ ու լրացումներ կատարի՝ ինչպես առաջարկում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, լակոնիկ «ոչ»-ով արձագանքեց:

Մեր ճշտող հարցին էլ՝ արդյոք դա միանշանա՞կ որոշում է, թե՞ հնարավոր է, որ քաղաքական ինչ-ինչ զարգացումների դեպքում, այնուամենայնիվ, առաջարկն ԱԺ-ում քննարկման առարկա դառնա, մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Շատ քիչ հավանական եմ համարում: Այսինքն՝  նման շանսը գնահատում եմ մեկ տոկոսից էլ քիչ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նաեւ «կարեւորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը եւ դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը» ,նաեւ «ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը եւ մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար» , Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկեցին «Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»: Խորհրդարանական այս երկու կուսակցությունները նու կոչ արեցին բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը:

Քաղաքական ուժերից առնվազն երկուսը՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, արձագանքեցին այս կոչին եւ պատրաստակամություն հայտնեցին իրենց բոլոր ռեսուրսներով աջակցել այդ նախաձեռնությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031