Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներին կոչ արեց մանկատան փոխարեն՝ օգնել աղքատ ընտանիքներին

Դեկտեմբեր 28,2011 18:00

Բջջային հեռախոս, մե՜ծ ավտոմեքենա, շուն, համակարգիչ. սրանք «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաների՝ Ձմեռ պապից ուզած նյութական նվերներն են: Մանկատան տնօրինությունն էլ, բարերարների հետ միասին, փորձում է հնարավորության սահմաններում, անհատական մոտեցում ցուցաբերել փոքրիկներին, եւ գոնե ամանորի գիշերը յուրաքանչյուրի բարձի տակ դնել այն նվերը, ինչը, որ երեխան խնդրել է Ձմեռ պապից:

Սակայն մի հարցում ո՛չ տնօրինությունը, ո՛չ էլ անգամ ամենահարուստ բարերարն ի զօրու չեն մանուկներին օգնելու: Նրանք չեն կարողանում իրականացնել մանկատան երեխայի ամենամեծ՝ մոր գրկում ամանորն անցկացնելու երազանքը: Երբ փոքրիկ Նարեկից հարցրինք, թե ո՞րն է մուլտֆիլմի՝ նրա ամենասիրած հերոսը, նա ոտքերով ու 2 ձեռքով փորձեց նկարագրել մի կերպար, որը, Նարեկի խոսքերով ասած՝ «չար մարդկանցից ազատում է երեխաներին ու տանում իրենց մայրիկների մոտ»:

Այսօր, այս մանկատուն մեր այցելությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հրավերով էր:  «Մարի Իզմիրլյան» մանկատանը խնամվում են նաեւ հատուկ կարիքներով երեխաներ: Նրանք էլ՝ մյուսների հետ միասին հյուրերի համար երգեցին, պարեցին ու արտասանեցին:

 

 

Նշենք, որ 2011 թվականին ՀՀ կառավարությունը գերակա ուղղություն էր հայտարարել մանկատները բեռնաթափելը: Նախարար Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե անցնող տարում որքանո՞վ են բեռնաթափվել մանկատները եւ քանի՞ երեխա է վերադարձել ընտանիք: Ըստ պարոն Գրիգորյանի, առայժմ մեկ մանկատան մասով է հաջողվել այս ծրագիրը կյանքի կոչել. «Երբ սկսեցինք «Զատիկ»  մանկատան բեռնաթափման գործընթացը,  63 երեխա կար, այսօր 37 երեխա է մնացել»:

Պարոն նախարարը վստահեցնելով, որ այսօր մանկատներն այլեւս բարեգործությունների կարիքը չունեն, քանի որ պետության կողմից «ամենայն առումով» ապահովված են, բարերարներին, քաղաքական գործիչներին ու պատգամավորներին  կոչ արեց օգնել աղքատ ընտանիքներին. «Ժամանակները փոխվել են, բավական է կանգնեն հեռուստաէկրանների առջեւ եւ ճարտասանեն բարդ ստորադասական նախադասություններ, պետք է աջակցել  մեր աղքատ ընտանիքներին, մեր ժողովրդին, հատկապես աղքատ երեխաներին, երեխաների իրավունքների պաշտպանության  հարցում օգտակար լինեն: Հատկապես հատուկ կարիքավոր,  առողջական խնդիրներ ունեցող երեխաներին պետք չէ խղճալ, պետք է պարզապես աջակցել ու ձեռք մեկնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031