Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

9 տարի առաջ հնչած կրակոց

Դեկտեմբեր 28,2011 17:38

Այսօր Տիգրան Նաղդալյանի սպանության օրն է:

Արդեն 9 տարի տոնածառ զարդարելիս, հիշում եմ ինչ դաժան անսպասելիությամբ տուն մտավ Տիգրանի սպանվելու լուրը:

Տարիներ առաջ, երբ դեռ շատ երիտասարդ, Տիգրանը իր վարած «Հայլուր»-ով հայտնեց իր ընկերոջ` Ղարաբաղում սպանվելու մասին, հետո միշտ ասում էր, որ դա իր կյանքի ամենածանր օրերից մեկն էր:

Տարիներ հետո իր սպանության լուրը արդեն իր ղեկավարած «Հայլուր»-ով հայտնեցին իր ընկերները: Կյանքի անիվը մի մեծ պտույտ էր արել:

Երբ Տիգրանի կամ որևէ մեկի մասին, ով արդեն չկա, խոսում են միայն գերադրական աստիճանի ածականներով` ուզում եմ կանգ առնեն, որովհետև դրանով կորցնում ենք մարդու դիմագիծը, իսկ ամեն մեկը և մեր ընկեր Տիգրանն էլ շատ բազմամազան ու հետաքրքիր մարդ էր, ու չարժե նախապես պատրաստ գերադրականներով նվազեցնել նրա կերպարը:

Տիգրանի մահը մեզ սթափեցրեց` բացեց մեր կյանքի սարսափելիության գերադրական աստիճանը….Տիգրանի ամեն շաբաթ արտասանած  «մի քիչ համբերություն, և ամեն ինչ լավ կլինի» արտահայտությունը հետաձգվեց շատ երկար ժամանակով` առաջին հերթին իր վրա արձակած կրակոցով:

Ոչինչ լավ չի կարող լինել, երբ հայրական տան մուտքում սպանվում է լրագրողը` անկախ իր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, անկախ իր սխալ կամ ճիշտ լինելու աստիճանից: Հետաձգվեց Տիգրանի լավատեսությունը անհայտ ժամանակով, ու արդեն տասը տարի դեռ չի երևում Տիգրանի ասած  «ամեն ինչ լավ է լինելու»  հեռանկարը, իսկ նրա հորդորած համբերությունն արդեն չկա….

Տիգրանի սիրած բառերից մեկը, երբ հարցնում էիր որպիսությունը, պատասխանում էր` «ճոխ», երբ հաճախ հակառակն էր լինում, բայց ոչ ոք այդ մասին չէր էլ իմանում նրա մշտապես բարեկիրթ հայացքից: Տիգրանը«ճոխ» էր ասում ու ապրում ոչ հարթ ու խաղաղ կյանք և ամեն շաբաթ համոզում, որ լավ է լինելու:

Սպանությունները սթափեցնում են ու հանում թմբիրից: Հայրական տան մուտքում սպանված մեր ընկերոջ մահն այդ օրը բոլորիս մի քիչ սպանեց, որովհետև կրակոցը կարող էր լինել յուրաքանչյուրիս վրա, պարզապես Տիգրանն առջևում էր:

Ապրել երկրում, որտեղ մուտքի պատի տակ կրակում են լրագրողի վրա, երազանք չէ: 9 տարի անց ոչինչ չի փոխվել: Ատրճանակը պատրաստ է կրակելու ամեն օր` քանի դեռ երկիրը մղձավանջ է, որտեղ առայժմ ոչինչ չի կարող լավ լինել, իսկ համբերություն արդեն վաղուց չկա:

Մինչև պաշտոնյա դառնալը Տիգրանի ստեղծած «Փաստ» լրատվական գործակալության փոքր սենյակում` պատի վրա, փակցված էր Մովսես Գորգիսյանին նվիրված Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը.

«Հիմա ես գրում եմ: Առաջին հեղ`

իմ գրիչն ու թուղթը փոքր են մահից:

Ստիպված եմ գրում առաջին հեղ`

Քանզի մահն այդ եկավ դիպուկ, ահեղ

Հայրենիքիս աղի բլուրներից»:

Հիմա ես գրում եմ 9 տարի անց, իմ  ուսանողական ու հասուն տարիքի ընկեր, բարեկամ Տիգրան Նաղդալյանի մասին ………….և սա նույնպես անհեթեթ է  ու անհավանական…..որքան Տիգրանի վրա արձակած կրակոցը…

Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Yerkir.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031