Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վճարիր 50 000 դրամ, թե չէ պատանդ կմնաս սահադաշտում

Դեկտեմբեր 28,2011 17:24

«Հլը մի հատ սաղտ էնյան գնացեք ստուց». ահա այսպես են սպասարկում Մարզահամերգային համալիրում տեղակայված սահադաշտ մուտք գործելու համար տոմսարկղի մոտ հավաքվածներին:

Չգիտես ինչու անվտանգության աշխատակիցը մեկ ժամից ավելի կանգնածներին անընդհատ հրամայում էր «էն յան գնալ», «մոտիկ չգալ», բայց թե ինչին՝ անհասկանալի էր, կամ էլ նկատի ուներ իրենց տոմսարկղի աշխատակցին ու պարբերաբար խափանվող համակարգչին: Նյարդայնացած երիտասարդը մարդկանց պարբերաբար հետ քշելով չէր հանգստանում, լավ էր, որ զենք չուներ, թե չէ օդ կկրակեր:

Սահադաշտում մեկ ժամ սահելու համար հարկավոր է վճարել 2000 դրամ ու «զալոգ» թողնել անձնագիրդ. դա էլ արվում է այն պատճառով, որ չմուշկները փչացնելու դեպքում 50 000 դրամ գանձեն:

Մարդու անձնագիրը վերցնել-պահելը հակաօրինական է ու այն թեկուզ ժամանակավոր վերցնելը սահադաշտում՝ ոչ մի կերպ չի արդարացվում: Սահադաշտի տնօրինությունը, օրինակ, անչափահասներից ծնողների անձնագրերը վերցնելով՝ ներս թողնելու փոխարեն, իր չմուշկներն ապահովագրելու համար կարող էր ուրիշ բան մտածել: Այն, որ տրամադրվող չմուշկներից ոչ մեկն էլ կատարյալ վիճակում չէր, դա ակնհայտ է, ու դրանք միայն հագնելն արդեն իսկ վտանգավոր է առողջության համար:

Առաջին անգամ սահադաշտ գնացողներին ու տեղի «ներքին» կանոնադրությանն անծանոթներին մի քիչ ճարպիկ լինելն ու չմուշկները վերցնելիս դրանք լավ ուսումնասիրելը չէր խանգարի, հակառակ դեպքում՝ չմուշկների քերծված, պոկված լինելն անմիջապես ցույց չտալը, եւ դրանք մեկ ուրիշով չփոխելը, կարժենա 50 000 դրամ: Նշեմ, որ տնօրինությունը հենց այսպես վարվեց երեկ երեկոյան: Մի խումբ անչափահասներ, որոնց ծնողների անձնագրերով էին ներս թողել, չմուշկի վրա հենց սկզբում նկատած պատռվածքը միամտաբար ցույց չէին տվել այն տրամադրող աշխատակցին, արդյունքում նրանց էր մոտեցել տնօրեն ներկայացած Դավիթ Մուրադյանն ու չմուշկը փչացնելու համար պահանջել վճարել 50 000 դրամ: Հետաքրքիր է՝ ո՞ր օրենքով է առաջնորդվում սահադաշտի տնօրինությունը, որը ուշ երեկոյան անչափահասներին չի վերադարձնում վերցված անձնագիրն ու չի թույլատրում տուն գնալ:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, ինչո՞ւ չեք վերադարձնում անձնագիրը, ինչո՞ւ չեք թողնում երեխաները տուն գնան, ո՞նց եք պատկերացնում նրանց՝ այս ուշ ժամին սահադաշտում պարտադրված պահելը, պարոն Մուրադյանը սկզբում հերքեց, որ ինքն արգելել է երեխաներին գնալ, բայց նույն պահին իր աչքի առաջ երեխաները հաստատեցին նրա խոսքերը: Նա հետո էլ հավելեց. «Խնդիրներ ունե՞ք…դուք ի՞նչ գործ ունեք  էս երեխեքի հետ, հարցեր ունեք, գրավոր ուղարկեք՝ կպատասխանենք»:

Նշեմ, որ սահադաշտից դուրս գալիս էլ մեզ մոտեցավ մեկ այլ Դավիթ, շեշտելով որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ ուզում է պարզել, թե ինչ խնդիրներ ունենք՝ իրենց հետ կապված: Նա սկզբում փորձեց իր ձեւակերպմամբ՝ ընկերականով «մեր հարցը լուծել», ընթացքում հասցրեց նաեւ սպառնալ՝ խոսակցության հունը փոխելով դեպի «տղայականը», ու Aravot.am-ը հրաժեշտ տվեց նրանց:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031