Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Փաստարկ» ակումբում խոսելով մեծամասնական ընտրակարգի «արատների» մասին, նշեց, որ այն դարձել է թիրախ` հիմնական հանցագործությունների, ընտրակեղծիքների համար. «Այս երկու գումարումների ընթացքում մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորներից գրեթե դժվար է վկայակոչել 1-2 անուն, որոնք կարող են խորհրդանշել, թե ինչպիսին պետք է լինի մեծամասնականով ընտրված պատգամավորը, ես նկատի ունեմ ինտելեկտուալ մակարդակը,քաղաքական պատրաստվածությունը: Մեծամասնական ընտրակարգը միջոց է հանդիսանում, որպեսզի մարդիկ, որոնք կա’մ բիզնեսի տեր են, կա’մ քրեական հեղինակություններ են, կա’մ մականունավորներ են, թափանցեն խորհրդարան, որը ոչ մի բան չի տալիս խորհրդարանին, բացի նրանից, որ վարկաբեկում է պատգամավորի կերպարը: Կուսակցություններ կան, որոնք ամաչում են առանձին անհատների ընդգրկել իրենց համամասնական ցուցակներում, որովհետեւ դա հեղինակազրկում է իրենց, բայց այդ մարդկանց համար հատկացնում են տեղեր` մեծամասնական ցուցակներում»:
Ռուբեն Հակոբյանը նաեւ պահանջել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը հավանական չէր համարում մեծամասնական ընտրակարգի վերացումը՝ տալ 5 պատգամավորի անուն, որոնք պատիվ են բերել իրենց: Ուստի Aravot.am-ը պարոն Հակոբյանից խնդրեց, որ ինքը տա 5 պատգամավորի անուն, որոնք, իր կարծիքով, վարկաբեկում են կուսակցություններին, որոնք ամաչելու տեղիք են տալիս: Ի պատասխան` նա ասաց. «Որպեսզի մյուսները չնեղանան, վերցրեք ամբողջ մեծամասնականով ընտրվածներին եւ դուք ինքներդ 5 չէ` 15 հոգու անուն կընտրեք: Ես մտահոգություն ունեմ, որ որոշ մարդկանց անունները մոռանամ եւ նեղացվածություն լինի: Վերցրեք 41 մեծամասնականով ընտրվածների եւ 4 կամ 5 անուն կգտնեք այնտեղ: Մարդիկ կան, որ լավ տնտեսվարներ են, լավ բիզնեսմեններ են, լավ վարորդներ են: Այս մարդիկ ավելի ճշգրիտ տեղ ունեն ռեալիզացվելու: Խորհրդարանը դա օենսդիր մարմին է, որտեղ ձեւակերպվում է պետության նկարագիրը: Խորհրդարան եկած մարդը պետք է զբաղվի բացառապես օրենսդրական գործունեությամբ, եթե չի զբաղվում` ուրեմն նա խանգարում է այդ մարմնի կայացմանը: Բոլոր այն ուժերը, ովքեր հնարավորություն են ստեղծում, որ ոչ օրենսդիր մարդն իր բովանդակությամբ, իր ինտելեկտուալ կարողություններով, իր քաղաքական պատրաստվածությամբ մտնի խորհրդարան` ուրեմն նրանք խնդիր չունեն պետության կյանքը բարելավելու կամ պետությունն ամրապնդելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև