Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Ժառանգությունը», լինելով ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ անհամատեղելի քաղաքական ուժ, տարբերվելով իր գաղափարներով` ԵԺԿ-ի անդամակցության առումով փաստորեն նրանց հետ հայտնվել է մի տանիքի տակ եւ մի ընտանիքի անդամ է: Ըստ պարոն Հակոբյանի` «Ժառանգությունն» իսկապես ժողովրդավարական արժեքների կրող է եւ ապացուցել է, որ այդպիսին է, թաքցնելու բան չունի, այնտեղ ճառ չի ասում եւ այստեղ բոլորովին այլ բան իրականացնում: Մյուս ուժերի հետ կապված չեմ ուզում գնահատական տալ, բայց մի բան կարող եմ ասել, որ նրանք արդեն պարտավորված կլինեն իսկապես ժողովրդավար լինել»:
Մեր հարցին` այսինքն այլեւս աչքակապություն չե՞ն կարող անել` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, կարող են ունենալ այդպիսի ցանկություն, բայց հիմա այնքան թափանցիկ է ամեն ինչ, որ հնարավոր չէ աչքակապությամբ զբաղվել: «Ժառանգությունը» չի պատրաստվում համենայնդեպս աչքակապություն անել, մենք բաց ճակատով ենք մտել այդ ընտանիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ