Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան սաները մնացել են դրսում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2011 16:37

Մանկատան սաները չափահաս դառնալուց հետո ստիպված են լինում դուրս գալ մանկատնից եւ հայտնվել դրսում: Պետական որեւէ ծրագիր այլեւս չկա, ըստ որի՝ այս երեխաներին բնակարաններ հատկացվեն: Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասուլիս էին հրավիրել՝ քննարկելու այս հարցը:

Անահիտ Բախշյանի խոսքերով, մեր երկրում սոցիալական ծրագրերը ընդամենը գրվում են, բայց իրականում չկա ոչ մի աջակցություն եւ խորհրդատվություն. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը եւ նույն նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը պարզապես տապալում են մանկատան սաների հետ կապված բոլոր ծրագրերը»:

 «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ ասաց, որ մանկատան շրջանավարտների համար բնակարաններ կառուցելու ծրագրով մեծ ֆինանսական միջոցներ յուրացվեցին. «Ոչ ոք չպատժվեց, իսկ գումարները չվերադարձվեցին: 2 տարի առաջ այդ ծրագիրը դադարեցվել է, որեւէ հստակ պատասխան չկա, թե ինչու է այդ ծրագիրը դադարեցվել, չէ՞ որ ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցները բյուջեից չեն եղել, այլ Եվրամիության միջոցներից»:

Այս ամենի պատճառով էլ, ըստ բանախոսների, «Զատիկ» մանկատան շրջանավարտները հանձնվել են բախտի քմահաճույքին: «Սա կոչվում է մանկատների բեռնաթափում: Այժմ 210 շրջանավարտ պետք է տուն ստանա»,- պարզաբանեց Անահիտ Բախշյանը: Նա ավելացրեց, որ պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ , որ մանկատանը մնալու տարիքային շեմը գոնե բարձրացվի 18-ից մինչեւ 20 կամ 23, այդ ընթացքում պատանին կարողանա գտնել իրեն , նոր դուրս գա մանկատնից:

Ասուլիսին ներկա «Զատիկ» մանկատան շրջանավարտները, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ են գրել եւ խնդրել իրենց հարցին լուծում տալ: Նշենք, որ այս երեխաներից եւ ոչ մեկը պարապ չէ, նրանք սովորում են, ամենատարբեր աշխատանքներ անում, որ գոյատեւեն, միայն ապրելու տեղ չունեն:

23-ամյա Հայկ Սիմոնյանը պետք է Զեյթուն թաղամասում տուն ստանար, բայց մինչեւ բնակարանի հաստատումը՝ նրան բանակ են տարել. «Ես տեղս զիջեցի մի աղջկա, որը երեխա ուներ եւ կրկին հղի էր: Ես զիջեցի, պայմանով, որ բանակից կգամ եւ կստանամ: Եկա, ասացին, որ հաջորդ տարի կտան: Այդպես արդեն 3-4 տարի է՝ ես սպասում եմ ու ստիպված բնակվում եմ հանրակացարանում: Հարեւաններիս աջակցությամբ գոյատեւում եմ, բայց ինչքա՞ն կարող եմ իրենց հաշվին մնալ»: Նա ավտոփականագործի մասնագիտություն ունի, սակայն մշտական աշխատանք չի կարողանում գտնել. «Պատրաստ էի հավաքարարի գործ էլ անել»:

22-ամյա Սարգիս Կիրակոսյանն էլ մշտական աշխատանք չունի, ապրում է ընկերոջ տանը:

Ռաֆիկ Խանջյանն էլ բանակում ծառայելուց հետո որոշել է, որ պետք է մասնագիտություն ունենա. «Մանկատան տնօրենը տեղ տվեց, որ մնամ, պարապեմ ու ընդունվեմ: Այս տարի ընդունվեցի եւ արդեն պետք է դուրս գայի: Գրանցված եմ, որ տուն ստանամ, ասացին, որ կասեցվել է ծրագիրը»:

Արսեն Մկրտչյանը հացի փռում է աշխատում, սովորում է ճարտարագիտական համալսարանում, սակայն անտուն է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից իրենց ուղղված մեղադրանքների առնչությամբ հայտնեցին, որ կպատասխանեն տոներից հետո՝ հաջորդ տարի:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031