Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը կտա՞ 5 պատգամավորի անուն, որոնք պատիվ են բերել իրենց

Դեկտեմբեր 28,2011 16:29

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խոսելով խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ իրենց եւ ՀՅԴ-ի համատեղ հայտարարության մասին, ասաց, որ եթե չլինի կոնյունկտուրային շահը` ոչինչ չի խանգարում, որ նախաձեռնությանը, ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից բացի, միանա նաեւ ՕԵԿ-ը, քանի որ «ծնված պահից ՕԵԿը կողմ է եղել համամասնական ընտրակարգին»:

Ըստ պարոն Հակոբյանի` «Դա  համախմբող դեր կկատարի ընդդիմության դաշտում եւ բոլորը հավասար իրավունքով կարող են մասնակցել նախաձեռնությանը: Մենք հավակնություն չունենք ասելու, որ դա միայն մերն է: Սա հավասարի իրավունքով կդառնա բոլորի նախաձեռնությունը»:

Լրագրողները պարոն Հակոբյանին տեղեկացրին, որ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ մեծամասնական ընտրակարգը հնարավոր չէ վերացնել մեր երկրում, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, թե 100%-ով հնարավոր է. «Եթե իշխանությունն այս տարի հայտարարում է ազատ, արդար ընտրությունների մասին եւ մերժի այն` նշանակում է պատրաստ չէ իրականացնել այդպիսի ընտրություններ: Իրենք ասում են, որ քաղաքական համակարգն այսօր պատրաստ չի, ժամանակ է պետք եւ այլն, բայց դրա փոխարեն մեզ դեմ են տալիս այսօրվա մեծամասնական պատգամավորներին: Եթե պարոն Շարմազանովը կթվարկի 5 հոգու անուն, որ կասի՝ տեսեք այս 5 պատգամավորներն իրենց ինտելեկտով, պատրաստվածությամբ ինչքան են բարձրացրել մեր խորհրդարանի պատիվը, ես կասեմ` բրավո’, ես կողմ եմ, որ միայն մեծամասնական ընտրակարգ լինի: Մեծամասնական կարգով ընտրված 97 պատգամավորներից կարո՞ղ է նա տալ գոնե 5 այնպիսի պատգամավորի անուններ, որոնք այս ընթացքում պատիվ են բերել թեմեծամասնականներին, թեխորհրդարանին: Նկատի ունեցեք, որ բոլոր նրանք, որոնք մտել են մեծամասնականով, եղել են կամ իշխանության  հովանավորյալ թեկնածուներ, կամ իշխանության ներկայացուցիչներ»:

Մեկ հոգու անուն լրագրողները տվեցին` օրինակ, Վիկտոր Դալլաքյանը. «Դե, նա անկախ պատգամավոր է, ես նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր երաշխավորվում են իշխանության կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031