Այսօր «Արմատ» ակումբում ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը ամփոփեց կենտրոնի 2011թ.-ի աշխատանքները:
«2011թվականին կատարվել է բավականին լուրջ եւ ծավալուն աշխատանք, երբեմն մենք թերանում ենք մեր գործի մեջ, եւ դա ազդում է մեր կենսակերպի վրա: Անթերի ամեն ինչ չի լինում, սակայն մենք համախմբված ուժերով առաջ ենք շարժվում: Մեր կազմակերպության հիմնական գործառույթը հուշարձանների պեղումների հայտնաբերումն է: Նոր հայտնագործություններ են կատարվել՝ լրացվել է հուշարձանների ցուցակը, դրանք թվայնացվել են, պատրաստվել է Հուշարձան տարեգիրքը»,-ասաց նա:
Նաեւ հավելեց, որ պեղումներ են կատարվել 3 ուղղությամբ՝ հուշարձանների վերականգնման, վտանգված հուշարձանների պեղումների եւ դրանց հայտնաբերման համար, կազմակերպվել են գիտարշավներ, որոնց շնորհիվ բացահայտվում եւ հայտնաբերվում են հելենիստական ժամանակաշրջանի վիթխարի դամբարաններ: «Վերջերս Եղվարդ գյուղում կատարված պեղումների արդյունքում գտածոներից եզրակացվել է, որ դա Տիգրան Մեծի գերեզմանն է, այդտեղ թաղված են եղել Միհրդատ Երկրորդի արծաթե դրամները, կնիքը, զենքեր, զարդեր, ձիու զանգակ եւ այլն: 2006թ.-ից մինչ հիմա 2008 նոր հուշարձան է հայտնաբերվել՝ նախկին 24152-ը դարձել է 26160: Դրանք այն ապացույցներն են, որոնք կպահվեն թանգարաններում եւ կհիշեցնեն մեր ազգի պատմության մասին: Հայաստանը հզոր մշակույթ ունի, դեռ այն ժամանակներից հայերը առեւտրական կապերի մեջ են եղել Չինաստանի եւ այլ հզոր պետությունների հետ, ինչի վկայությունը հայտնաբերված հանածոներն են: Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կողմից կազմակերպված շուրջ 12 գիտաժողովի ենք մասնակցել հուշարձանների պահպանության վերաբերյալ եւ Հայաստանի ներկայացուցիչների ելույթներից հետո մեր հակառակորդ ադրբեջանցիները քրտնած են դուրս եկել դահլիճից… Մենք արիական ժողովուրդ ենք, պետք է գնանք եւ հաղթենք, ոչ թե գանք եւ լաց լինենք»,-ասելիքը եզրափակեց Սիմոնյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ