«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի տնօրինությունը զբաղված է «Պատանի հնագետ» դպրոցի ստեղծման աշխատանքներով: Aravot.am-ը «Էրեբունիի» տնօրեն Գագիկ Գյուրջյանին խնդրեց որոշ մանրամասներ հաղորդել դպրոցի մասին: Պարոն Գյուրջյանը նշեց, որ ի թիվս բուն ծառայությունների՝ թանգարան-արգելոցը որոշել է իրականացնել նաեւ կրթական ծրագիր:
«Երիտասարդներին, դպրոցականներին հասցեագրված հնագիտության դասընթացներ եւ հնագետի դպրոցներ վաղուց գործում են եվրոպական շատ երկրներում: Ավելին, կան նույնիսկ ամենափոքրերի համար նախատեսված պարզ դասեր` սկսած 6 տարեկանից, եւ առարկան կրում է «Հանդիպում նախամարդու հետ» անվանումը: Հատկապես ուշագրավ է ֆրանսիական փորձը: Ֆրանսիայի գրեթե բոլոր իրենց նախաստեղծ վիճակով պահպանվող հնավայրերում գործում են այդպիսի կրթական ծրագրեր` սովորեցնելով ճանաչել քարի տեսակները, մարդու կողմից օգտագործված աշխատանքի գործիքները, աշխատել կավի, փայտի, քարի, խճանկարի հետ եւ այլն: Ի դեպ, կրթական ծրագրերի միջոցով հնագիտական ժառանգության ճանաչումը նաեւ միջազգային պարտավորություն է այն երկրների համար, որոնք միացել են ԵԽ «Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին» Վալետտայի կոնվենցիային»,-հավելեց նա:
«Պատանի հնագետ» դպրոցը կգործի 2012թ. մայիսից: Մինչ այդ թանգարանի համապատասխան աշխատակազմը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ինչպես նաեւ ԵՊՀ հնագիտության ամբիոնի դասախոսների հետ սերտ համագործակցությամբ կփորձի մշակել 14-18 տարեկանների համար նախատեսված պարզեցված դասընթաց, որին ծանոթանալուց հետո մասնակիցները գործնական պեղումներ կիրականացնեն ուսումնական պեղավայրում:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ