«Եթե Սյունիքի մարզպետը մեր կողքին է, ուրեմն կառավարության 627 որոշումը պետք է անվավեր ճանաչվի, թե չէ, որ ասում է ձեզ հետ տրակտորի առաջ կկանգնեմ՝ կանգնել պետք չէ, տրակտորի առաջ ամբողջ գյուղն է կանգնած»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Նրա խոսքերով, Նախիջեւանի սահմանից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Քաջարանում 131 ընտանիք է ապրում, որոնց վերջնական պահանջը` կառավարության 627 որոշումն անվավեր ճանաչելն է. «Փոխհատուցում մեզ պետք չէ: Ամսի 25-ին եմ մամայիս տարին տվել, մամայիս ո՞ւմ թողնեմ: Ո՞ր դավաճանը կթողնի իր հայրենիքը: Մեր հողը ոչ ոքի տվող չենք, ուրիշ տեղ չունենք գնալու, իմ հայրենիքն այնտեղ է, այնտեղ ծնվել ենք, այնտեղ էլ հողին ենք հանձնվելու»: Գյուղապետի խոսքերով, գյուղում գործող պղնձի կոմբինատն ինտենսիվ աշխատում է. «Թե առաջ 17.000 տոննա քար էին տալիս, հիմա 50.000 տոննա են տալիս: Ու էդ կեղտոտ օդը մեր գյուղացիներն են շնչում»:
Ասուլիսին ներկա Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ վստահեցրեց, որ կառավարության որոշումն ընդունվել է ոչ միայն ՀՀ օրենքների, այլեւ միջազգային կոնվենցիայի խախտմամբ. «Կառավարությունը պետք է անդրադառնա հանքարդյունաբերության հայեցակարգին: Եթե խորհրդային տարիներին Քաջարանի գործարանի պոչամբարի համար տրամադրվել էր մոտ 200 հա հողատարածք, այս անգամ նախատեսվում է 200-ը դարձնել 600-հեկտար: Հայաստանը վերածվել է ականապատված տարածքի, ամեն քայլափոխի հանք է պոչամբարով»: Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ կարծում է, որ կառավարության որոշմամբ, ծովից ծով Հայաստանը դարձել է պոչամբարից պոչամբար հանքաստան, իսկ կառավարության 627 որոշումն էլ` 666 որոշում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև