Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի «Տարվա մարդ», իսկ Ռոման Ամոյանը` «Տարվա լավագույն մարզիկ»

Դեկտեմբեր 28,2011 15:00

«Դե ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրն անցնող տարվա Հայաստանի «Տարվա մարդ» ճանաչել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, իսկ «Տարվա լավագույն մարզիկ` հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին:

Ամսագրի ղեկավարությունը մարզական հերոսների համար սահմանված հատուկ մրցանակները հանձնեց «Էրեբունի» բիզնես կենտրոնում, որից հետո հրավիրվեց համատեղ մամուլի ասուլիս:

Ռոման Ամոյանն անցնող մրցաշրջանն իր համար գնահատեց եւ լավ, եւ վատ: Լավ, քանի որ ոչ միայն Գերմանիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այլեւ ճանաչվեց հունահռոմեական ոճի Եվրոպայի լավագույն ըմբիշ: Իսկ վատ, որովհետեւ Ստամբուլում անցկացված աշխարհի առաջնությունում իրեն չհաջողվեց ոչ մրցանակային տեղ զբաղեցնել, ոչ էլ Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր նվաճել, թեեւ անհաջող հանդես գալու պատճառն առողջությունն էր: Սակայն ըմբիշը հավաստիացրեց, որ ամեն ինչ դեռ առջեւում է եւ եկող տարի դեռ երեք վարկանիշային մրցաշար կա եւ ինքն անելու է ամեն բան` ուղեգիր նվաճելու համար:

Իր հերթին Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջան 2011-ը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար հաջողված համարեց: Ու, չնայած, Իռլանդիայից կրած անարդար պարտության պատճառով հավաքականը զրկվեց Եվրո 2012-ի եզրափակչի համար պայքարելու իրավունքից, սակայն, ֆուտբոլիստի համոզմամբ՝ 2011-ը հայկական ֆուտբոլի համար առաջընթացի տարի էր: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը նույնպես խոստացավ, որ հավաքականը եկող մրցաշրջանում անելու է ամեն բան՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ավելի լավ հանդես գալու,  հաջողությունները զարգացնելու եւ հայկական ֆուտբոլի միջազգային հեղինակությունն ավելի բարձրացնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031