Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, կինոյի եւ թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որոնք ամփոփեցին 2011թ.-ը:
Լեւոն Անանյանի խոսքերով` 2011-ը բավական հագեցած էր, եւ մեծ աշխուժություն էր նկատվում գրական դաշտում. «Գրողների միության աշխատանքը ձեռք բերեց ավելի համակարգված ժամանակացույց: 2012-ի մեր ծրագրերն ուղղված են «Հայաստանը` գրքի մայրաքաղաք» միջոցառման բովանդակալից կազմակերպմանը, կփորձենք նաեւ աշխուժացնել մարզերի գրական աշխատանքը` յուրաքանչյուր ամիս կազմակերպելով մարզերի գրական հաշվետվություն»:
ՀԳՄ նախագահը հավելեց, որ Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես» գիրքն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` գրականության եւ հրապարակախոսության որորտում:
Դերասան Ազատ Գասպարյանի կարծիքով` ամենից շատ պետք է ուշադրություն դարձնել թատրոնին, քանի որ դրա հետ շփման ընթացքում է հանդիսատեսի մոտ առաջանում «հոգեմաքրազարդում» կոչվող կրակը. «Բայց չեմ կարող հպարտանալ, թե այդ կրակը կա, քանզի յուրաքանչյուրս էլ գիտենք, թե վերջին անգամ երբ ենք թատրոն այցելել»:
Կարդացեք նաև
Լեւոն Իգիթյանի ներկայացմամբ` հասարակությունը հետ է մնացել հանճարեղ երեխաների եւ նկարիչների հրաշալի ցուցադրություններից` դառնալով «կոմպյուտերային ցավի կենսաբանական կցորդ». «Երբ մի դեպուտատ մյուսի շորն է պատռում, մի զբաղվեք դրանցով: Բացի այդ` պետք է պայքարել «տաշի-տուշիի» դեմ, քանի որ մենք ոչ թե «տաշի-տուշի» անող, այլ բարձր մշակույթ ունեցող ժողովուրդ ենք»:
Լ. Իգիթյանը հավելեց, որ մշակույթի հարցերում շարժ կա` բացառությամբ մի անշարժ իրողության. «Դրանք մաղձով լցված եւ իրենց կույս ձեւացնող քաղաքական գործիչներն են, որ զահլա են տանում»:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի համար տարվա նշանակալի երեւույթը Սալվադոր Դալիի գործերի ցուցադրությունն էր Հայաստանում. «Ինձ ուրախացրեց այն, որ հերթական գործի առաջ հերթեր էին գոյացել»:
Ազատ Գասպարյանին ոգեւորել էր նաեւ այն փաստը, որ Խ. Դաշտենցի 100-ամյակը նշվել է ոչ միայն այստեղ, այլեւ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ