ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Համակարգերն անհրաժեշտ են, որպեսզի ավելի արդյունավետ լինեն բոլոր ոլորտների կառավարման գործընթացները: Աշխարհը վաղուց արդեն գնում է կառավարման համակարգերի ներդրման եվ օպտիմալացման ճանապարհով, հիմնականում` դրանց արդյունավետության բարձրացման` ավտոմատացման միջոցով: Զարգացած որեվէ երկրում դժվար է պատկերացնել բարձր արդյունավետությամբ գործող ավտոմատ կառավարման համակարգ, որտեղ մարդկային գործոնը հասցված չլինի նվազագույնի: Թերեվս, հենց այս պատճառով էլ ծագում է հարցերի հարցը. կախված համակարգի յուրահատկություններից, ինչպիսի՞ն պետք է լինի մարդու դերակատարման չափը նրանում: Իհարկե, այստեղ որեվէ կոնկրետ չափ նշելն անհնարին է, սակայն մի բան պարզ է. որքան քիչ լինի մարդու ուղղակի մասնակցությունը համակարգի ներսում, այնքան արդյունքներն ավելի մաքուր կլինեն եվ համակարգը զերծ կլինի մարդուն բնորոշ` բազմապիսի բացասական հատկանիշներից: Վերը նշված ասպեկտների լույսի ներքո փորձենք դիտարկել մեր երկրում առկա տարբեր մակարդակի կառավարման համակարգերը եվ դրանք` թեկուզ տեսական համեմատության մեջ դնենք այլ երկրների նույնատիպ կառավարման համակարգերի հետ: Առաջին տպավորությամբ, կարծես ընդգծված` էական տարբերություններ չենք գտնի, սակայն դրանց՝ ավելի մանրամասն վերլուծությունների եվ համեմատությունների պարագայում կպարզվի, որ Հայաստանի պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակայության կազմակերպություններում բոլոր մակարդակի ղեկավար անձնակազմերի լիազորությունները չափազանց ուռճացված են: Իսկ սրա պատճառը հետեվյալն է. իշխանական ամենավերին մակարդակներից` մինչեվ ներքին օղակների ղեկավար անձնակազմերն աշխատանքի են տեղավորվում ոչ թե տվյալ բնագավառի մասնագիտական պահանջներին ու կարողություններին համապատասխան, այլ միմիայն՝ իրենց ծանոթության ու մտերմական կապերի շնորհիվ: Բնական է, որ այդ դեպքում նրանց ավելի լայն լիազորություններ է վերապահվում, քան թույլատրելի է գործող օրենսդրությամբ կամ ցանկացած համակարգի մեջ մարդկային ֆակտորի թույլատրելիության չափն է: Եթե հաշվի առնենք նաեվ, որ կառավարման գործընթացը մեր երկրում ընթանում է ոչ թե դասական ձեվով, այլ ապրիօրի, այն է՝ ամեն վերադաս պաշտոնատար անձ աշխատանքի է տեղավորում իրեն հարմար ստորադաս պաշտոնյաներին եվ դրանով համարում, որ համակարգի օպտիմալ կառավարումը հենց սա է, այդ դեպքում պարզ է, թե ինչպիսի վիճակում է հայտնվել կառավարման համակարգը մեր երկրում: Նրանց պատկերացմամբ՝ կառավարման ողջ համակարգը ոչ այլ ինչ է, քան իրենց կողմից նշանակված կադրերը, այսինքն` նրանք համակարգը նույնացնում են կադրերի հետ: Այնինչ, կադրերն ընդամենը համակարգի մի օղակ են եվ ոչ ավելին: Գաղտնիք չէ, որ ցանկացած համակարգի բաղկացուցիչ մասերի միջեվ գործում են բազմապիսի` ֆիզիկական, մտավոր, գիտական, հոգեբանական եվ շատ ու շատ այլ կապեր, որոնցից ամեն մեկն ունենում է իր կշիռն ու դերը, եվ անգամ` դրանցից մեկն ու մեկի խախտման պարագայում, համակարգի կայունությունն էապես խաթարվում է եվ նրա արդյունավետությունն` անհամեմատ նվազում: Մեր երկրում, մնացած գործոններին զուգահեռ, համարյա մշտապես խախտվում են նաեվ մարդկային եվ հոգեբանական գործոնները: Այսինքն, մեր երկրում առկա կառավարման բոլոր համակարգերում մարդու դերը հասցված է թույլատրելի սահմանից` շատ ավելի բարձր նիշի, որի հետեվանքով համակարգերի մնացած բաղադրիչները եվս՝ պարտադրաբար խախտվում են, որոնք էլ իրենց հերթին բերում են ընդհանուր համակարգի արդյունավետության նվազեցմանը: Նշենք, որ Հայաստանյան կառավարման բոլոր համակարգերի թիվ մեկ ղեկավար պաշտոնյաները համոզված են, որ այդ համակարգերի հետ կապված՝ իրենց ամեն ինչ թույլատրելի է: Ավելին, շատ հաճախ նրանց թվում է, որ համակարգը հենց իրենք են: Այդ իսկ պատճառով, համակարգերը կորցնում են իրենց թիվ մեկ գործառույթը՝ համակարգային գործունեությունը եվ նրա կառավարումը դառնում է քաոսային: Այժմ տեսնենք, թե մարդկային գործոնի ուռճացումը մեր երկրում գործող տարբեր մակարդակի համակարգերում, ինչպես է ազդում նրանց արդյունավետության վրա եվ որոնք են այն ճանապարհները, որոնց շնորհիվ կարելի է ձերբազատվել այդ բացասական գործոններից: Կարծում եմ մեր երկրում համակարգեր մշակող եվ ներդնող մասնագետներն իրենց որակներով ու մասնագիտական պատրաստվածությամբ չեն զիջում, եթե չասենք ավելին` երբեմն գերազանցում են այլ երկրների համապատասխան մասնագետներին: Սակայն, մեզ մոտ առկա է շատ ցավոտ մի բացառություն, որն էապես թուլացնում է համակարգի ճկունությունն ու կայունությունը: Դա մարդկային մտերմությունն է, որին ստորադասվում է ամեն ինչ եվ որի պատճառով էլ՝ բազմաթիվ հզոր մասնագետների առկայության պայմաններում, կատարվում են կադրերի այնպիսի անհեթեթ նշանակումներ, որոնք դուրս են բնության բոլոր օրինաչափություններից եվ նույնիսկ` բացառություններից: Այլ խոսքով, մեր ղեկավար այրերն առաջնորդվում են միայն հետեվյալ սկզբունքով. եթե կա բարեկամը, ծանոթը, ընկերը, եվ այդ կարգի հազար ու մի այլ սուբյեկտներ, ապա այդտեղ ի՞նչ գործ ունեն բանիմաց, գիտելիքներով օժտված, խելացի, պրոֆեսիոնալ եվ շատ այլ անհրաժեշտ հատկանիշներով օժտված մասնագետները: Բնական է, որ նման նշանակումները լրիվ խաթարում են համակարգերի բնականոն աշխատանքը, արդարության ու աշխատուժի տեղաբաշխման սկզբունքները: Իսկ եթե այս ամենին նայենք մեկ այլ՝ բարոյականության եվ մարդկային որակների տեսանկյունից, ապա պարզ է դառնում, որ մեր մեջ կատարելապես գերիշխում է նյութապաշտությունը, հանուն որի պատրաստ ենք զոհել շատ ու շատ սրբություններ, նույնիսկ` հայրենիքի շահը: Այնպես որ, եթե չփոխվի կադրերի ընտրության այս գործելակերպը, որոնց դերը դժվար է գերագնահատել համակարգերի բացակայության պայմաններում, ապա որեվէ դրական արդյունք չենք ունենա: Եվ, եթե այս ամենից կտրուկ եզրահանգումներ եվ կոնկրետ քայլեր չարվեն, ապա խոսել հայրենիք, ժողովուրդ, ազգ եվ նմանատիպ այլ կատեգորիաների մասին` առնվազն անհեթեթ է: Ասեմ նաեվ, որ համակարգերը հանդուրժում են միմիայն պրոֆեսիոնալ միջամտություններ, հակառակ պարագայում՝ նրանք կորցնում են իրենց համակարգային իմաստը եվ ավելի շատ աշխատում՝ որպես քաոսային ատրիբուտների համախումբ: Ասվածից եզրահանգումը մեկն է. համակարգն ուժեղ է, ամուր եվ արդյունավետ, եթե նրանում մարդու մասնակցությունը հասցված է նվազագույնի, իսկ բարոյական, մասնագիտական ու օրենսդրական դաշտերի դերակատարումը` առավելագույնի:
Եթե ուշադիր հետեվենք Հայաստանում գործող կառավարման համակարգերին եվ նրանց աշխատանքի վերաբերյալ վերը նշված տարրական պահանջներին, ապա պարզորոշ երեվում է, որ մեր երկրում, համակարգեր՝ որպես այդպիսին չկան: Մեր երկրում բոլոր օղակներն աշխատում են ապրիօրի՝ պահի թելադրանքով: Առավոտից երեկո բոլորս խոսում ենք այն մասին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շուտ կայանա մեր երկիրը, սակայն խոսքերից զատ՝ դրան միտված գործնական քայլեր չեն արվում: Միթե՞ 23 տարին քիչ էր հասկանալու համար, որ երկիրը՝ երկիր է դառնում, եթե այն գործում է համակարգված ձեվով, այսինքն՝ այնտեղ ներդրվում են իրար հետ փոխկապակցված համակարգեր, որոնք ապահովում են երկրի դինամիկ զարգացումը: Միայն կադրերի փոփոխությամբ, այն էլ վերը նշված «սկզբունքներով», ոչ մի հաջողության չենք հասնի, այլ ընդհակառակը՝ բոլոր սֆերաներում առաջընթացի փոխարեն կարձանագրենք լրջագույն հետընթաց: